ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը

Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական Ծառայության գրասենյակը և հայաստանյան թեմերն այս օրերին լծված են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգևոր, հումանիտար և սոցիալական կարիքների հոգածության աշխատանքներին։

Նորին Սրբության հատուկ ուշադրության կենտրոնում է Արցախից բռանագաղթած մեր զավակներին կեցավայրերով ապահովման խնդիրը։ Այս պահին Մայր Աթոռում, ինչպես և Արարատյան Հայրապետական, Վայոց Ձորի, Շիրակի, Գուգարաց, Գեղարքունյաց, Արմավիրի, Սյունյաց, Մասյացոտնի, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի թեմերում իրականացվում են տեղահանված արցախցիներին կացարաններով ապահովվման աշխատանքները։ Ներկայիս արդեն իսկ Մայր Աթոռում և թեմապատկան կացարաններում բնակություն են հաստատել մեծաթիվ արցախցիներ։

Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հոգևորականներն իրականացնում են այցելություններ իրենց համայնքներում հաստատված ընտանիքներին։ Հոգևոր խնամքին և կարիքի գնահատմանը զուգահեռ հայաստանյան բոլոր թեմերում ցուցաբերվում է սոցիալական աջակցություն՝ սնունդով, հագուստով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելով տեղում հաստատված արցախահայությանը։ Մասյացոտնի թեմն արդեն համակարգված կերպով ամեն օր սնունդով է ապահովում շուրջ 400 անձանց։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Երևանի և Վաղարշապատի բարեգործական ճաշարանները նույնպես պատրաստ են սնունդով ապահովելու արցախահայերին։

Նորին Սրբության օրհնությամբ Իզմիրլյան ԲԿ-ն ևս այս ծանր ժամանակներում պատրաստակամություն է դրսևորել անհրաժեշտ բուժօգնություն տրամադրել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին:

Արցախահայերի հոսքը տարբեր բնակավայրեր դեռ շարունակվում է։ Կարիքի ամբողջական գնահատումն ավարտելուց հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական Ծառայության գրասենյակը հանդես կգա իրականացվող ծրագրերի վերաբերյալ նոր տեղեկություններով»,- նշվում է հաղորդագրության մեջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: