ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հիլիկ Բար. Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլին մեծ ջանքեր է գործադրում` ճանաչելու հայ ժողովրդի տառապանքները

- Արդեն տևական ժամանակ է, ինչ շարունակվում է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, իսկ վերջին ամիսների ընթացքում էլ իրավիճակն ավելի սրվեց, որի արդյունքում երկու կողմերում էլ եղան զոհեր ու վիրավորներ: Նախ կցանկանայի՝ նշեիք, թե որո՞նք էին իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին սրացումների հիմնական պատճառները, և Իսրայելն իր գործողություններով ի՞նչ նպատակներ էր հետապնդում:

- Վերջին շրջանի սրացումների արմատական պատճառը, անկասկած, ՀԱՄԱՍ-ի (մի կազմակերպություն, որը նույն «սանրի կտավն է», ինչ ԻԼԻՊ1 -ն) ցեղասպան, արմատական կրոնական ծայրահեղականությունն է: ՀԱՄԱՍ-ը առևանգեց և դաժանորեն սպանեց մեր երեք սիրելի երիտասարդներին, և հանցագործներին գտնելու համար Իսրայելը Արևմտյան ափում կազմակերպված որոնումներ սկսեց: Գազայի իսլամական ջիհադիստներն ու այլ ծայրահեղական խմբերն օգտվեցին հնարավորությունից՝ հրթիռներ արձակելով Իսրայելի վրա: ՀԱՄԱՍ-ը, դիվանագիտական առումով մեկուսացած լինելով նույնիսկ արաբական աշխարհում, զգաց քաղաքական հնարավորության պահը: Նրանք նույնպես սկսեցին հրթիռակոծել, և Իսրայելը ստիպված էր պատասխանել, քանի որ այլևս հնարավոր չէր հանդուրժել, որ Իսրայելի բնակչության ավելի քան կեսը պետք է ապրեր անընդհատ իրենց վրա արձակվող հրթիռների պայմաններում: Ինչպես Ecclesiastes2 -ի մեջ է ասվում, կա ժամանակ խաղաղության, և կա ժամանակ պատերազմի համար: Ոչ մի ազգ չի կարող նստել և տեսնել, թե ինչպես են հրթիռակոծվում իր քաղաքները, տուժում կանայք ու երեխաներ: Ագրեսիան պետք է խիստ պատասխան ստանա, դրա հետ չի կարելի համակերպվել: Ինչևէ, երկարաժամկետ կտրվածքով՝ ոչ միայն Իսրայելի, այլ նաև Պաղեստինի ռազմավարական նպատակներին հնարավոր է հասնել միայն խաղաղ բանակցությունների միջոցով, ինչի ուղղությամբ այժմ և աշխատում ենք:

 

- Այս օրերին շարունակվում են հրադադարի ռեժիմը երկարաձգելուն ուղղված անուղղակի բանակցությունները, սակայն մինչ այժմ կողմերը չեն կարողանում բանակցությունների սեղանին ընդհանուր համաձայնության գալ և հասնել հարատև հրադադարի: Որո՞նք են այն հիմնական հակասությունները, որոնց շուրջ հնարավոր չի լինում գալ համաձայնության:

- Նշեմ, որ խաղաղության համաձայնագրի չափորոշիչները հայտնի են: Բոլորն ընդունում են և ունեն համաձայնություն նախագծի 98%-ի շուրջ: Սակայն կան նաև վիճահարույց կետեր: Դրանց թվում է այն, թե Արևմտյան ափի որ բնակավայրերը պետք է լքվեն, որոնք պետք է պահպանվեն, տարաձայնություն կա նաև Երուսաղեմի Հին քաղաքի վերաբերյալ հատուկ պայմանավորվածություն ձեռք բերելու հարցի շուրջ: Իսկ հիմնական բանաձևը՝ երկու պետություն ստեղծելու գաղափարը և դրա հետ կապված մանրամասները, արդեն հայտնի են:

Նշեմ, որ ես ներկայացնում են ընդդիմադիր կուսակցություն և չեմ կարող խոսել կառավարության անունից: Մեր կարծիքով՝ բանակցությունների վերջին շրջանը ձախողվեց երկու պատճառով. առաջինը՝ Իսրայելի ներկայիս կառավարությունը չըմբռնեց Պաղեստինի իշխանությունների հետ հնարավորինս շուտ համաձայնության գալու կարևորությունը: Նրանք արժանի հարգանքով և լրջությամբ չեն մոտենում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին՝ որպես խաղաղության հասնելու գործընթացում գործընկերոջ: Սակայն կա նաև երկրորդ պատճառը. Աբասը սխալ թույլ տվեց՝ ՀԱՄԱՍ-ի հետ ազգային միասնության կառավարություն ստեղծելով: ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն է, որի նպատակն է կործանել Իսրայելը և ցեղասպանություն իրականացնել իսրայելցիների նկատմամբ: Իսրայելը չպետք է բանակցի ՀԱՄԱՍ-ի հետ, մինչև որ այն չբացառի բռնությունը և չընդունի երկու պետություն ստեղծելու գաղափարը: Դեռ այն ժամանակ Իսրայելը ճիշտ վարվեց՝ դուրս գալով բանակցային գործընթացից, երբ Աբասը գործընթացին սկսեց ներգրավել նաև ՀԱՄԱՍ-ին: Ես Քնեսեթի ամենամեծ խմբի՝ արաբա-իսրայելական հակամարտության կարգավորմամբ զբաղվող խմբի ղեկավարն եմ և բազմիցս ուղեկցել եմ այս խմբին Ռամալահ՝ հանդիպելու Աբասի հետ, բայց երբ Աբասը ՀԱՄԱՍ-ի հետ միավորման համաձայնագիր ստորագրեց, ես դադարեցրեցի Պաղեստինի ազատագրման կազմակերպության հետ շփումը:

 

- Ինչպե՞ս կմեկնաբանեք գրավյալ տարածքներում իսրայելական բնակավայրերի գոյության փաստը: Ձեր կարծիքով՝ այս բնակավայրերի առկայությունը չի՞ խախտում միջազգային իրավունքի նորմերը: Եթե այո, ապա որո՞նք են Իսրայելի պաշտոնական փաստարկներն այս խնդրի առնչությամբ:

- Կրկնեմ՝ ես չեմ խոսում կառավարության անունից և ներկայացնում եմ ընդդիմությունը, հետևաբար մեր տեսակետը կհայտնեմ այս հարցի վերաբերյալ: Իմ կարծիքով՝ այս հարցերը պետք է լուծվեն Իսրայելի և Պաղեստինի միջև բանակցությունների միջոցով: Պետք է հիշել, որ վերաբնակեցվածների մեծ մասն ապրում է Կանաչ գծին շատ մոտ՝ զբաղեցնելով շատ քիչ տարածք Արևմտյան ափից: Սա նշանակում է, որ խաղաղության համաձայնագիրը կարող է ընդգրկել դրույթներ, որոնք հնարավորություն կտան Իսրայելին իրեն միացնել Արևմտյան ափի այն հատվածները, որտեղ մեծ թվով վերաբնակեցված մարդիկ են ապրում: Մնացած հատվածներում վերաբնակեցված անձինք պետք է հնարավորություն ստանան ընտրելու. կա՛մ դառնալ հրեա բնակիչներ պաղեստինյան նոր պետության կազմում, կա՛մ էլ տեղափոխվել Իսրայելի` վերջնականապես համաձայնեցված սահմաններից ներս:

Պաղեստինցիները չեն ստորագրի մի համաձայնագիր, որին պատրաստ չեն, այդ իսկ պատճառով էլ անիմաստ է կանգ առնել այդ բնակավայրերի միջանկյալ կարգավիճակի վրա: Խաղաղության համաձայնագիրը նոր «ստատուս քվո» կստեղծի, որից երկու կողմերն էլ գոհ կլինեն: Քաղաքականությունը կծնի օրինականություն: Միևնույն ժամանակ պետք է նկատի ունենալ, որ մեր «Աշխատավորների կուսակցությունը» դեմ է նոր բնակավայրեր կառուցելուն և Իսրայելի կողմից ցանկացած քայլի, որը կվտանգի խաղաղության բանակցությունները:

 

- Հայտնի է, որ արաբա-իսրայելական կոնֆլիկտի արդյունքում կան շատ պաղեստինցի փախստականներ: Նրանց վերադարձի հարցը բազմիցս շոշափվել է խաղաղ բանակցություններում: Ինչպիսի՞ն է Իսրայելի դիրքորոշումը. արդյո՞ք պաղեստինցի փախստականները պետք է ունենան վերադարձի իրավունք: Եթե ոչ, արդյո՞ք դա չի հակասում Փախստականների կարգավիճակի մասին միջազգային կոնվենցիայի ոգուն: Իսկ եթե այո, ի՞նչ պայմաններով է Իսրայելը պատրաստ տալ փախստականներին վերադարձի իրավունք և որտե՞ղ է պատրաստվում վերաբնակեցնել նրանց:

- Այս առումով պաղեստինյան նոր պետությունը Արևմտյան ափում և Գազայում կարող է այս հարցի առնչությամբ ցանկացած նախաձեռնությամբ հանդես գալ: Այն կարող է բոլորին տալ վերադարձի իրավունք, բայց միայն դեպի պաղեստինյան պետություն, ո՛չ դեպի Իսրայել: Սա երկու պետության հիմքով կարգավորման փաթեթի կենտրոնական բաղադրիչն է, և բոլորը, ովքեր լուրջ են վերաբերում այս ամենին, ընդունում են հիմնարար այս իրողությունը:

 

- Արդյո՞ք իսրայելական կողմի դիրքորոշումը այս հարցում ընկալվում և խրախուսվում է միջազգային հանրության՝ մասնավորապես կարգավորման միջնորդների կողմից:

- Այո՛, նույնիսկ արաբական պետություններն են ընդունում, որ «վերադարձի իրավունք» դեպի Իսրայել փախստականների ժառանգներին չի կարող տրվել:

 

- Հակամարտության կարգավորման փաթեթը ենթադրում է որոշակի փոխզիջումներ: Հանուն խաղաղ կարգավորման՝ ի՞նչ զիջումների է պատրաստ Իսրայելը և ինչի՞ դիմաց կարող է նման զիջումներ կատարել:

- Շատ ցավոտ զիջումներ կլինեն: Արևմտյան ափը՝ Հրեաստանը և Սամարիան, հրեա ժողովրդի բնօրրանն են: Ցավալի է, որ մենք պետք է տանք դրա մեծ մասը, ներառյալ Հեբրոնը, որտեղ մեր նախահայրեր Աբրահամը, Իսահակը, Հակոբը և նրանց կանայք են թաղված: Երուսաղեմն էլ հազարամյակներ շարունակ եղել է հրեա ժողովրդի մայրաքաղաքը, բայց մենք պատրաստ ենք Հին քաղաքի հետ կապված հատուկ պայմանավորվածության գալ: Շատերն են հասկանում, որ քաղաքի արաբաբնակ արևելյան հատվածը կդառնա պաղեստինյան նոր պետության մայրաքաղաքը: Իսրայելը պատրաստ է այս և ավելի զիջումների, բայց պաղեստինցիներից էլ է պահանջվելու գնալ շատ զիջումների, օրինակ՝ հրաժարվել «վերադարձի իրավունքի» գաղափարից, որի մասին քիչ առաջ խոսում էինք: Կարծում եմ՝ աշխարհիկ չափավորները, ինչպիսին Աբասն է, պատրաստ են նման փոխզիջման: Ամենամեծ խոչընդոտը նրանց կողմից խելագար ծայրահեղականներն են, ինչպիսին ՀԱՄԱՍ-ն է, ովքեր ԻԼԻՊ-ի անդամների նման «ճամփորդներ» են, ում հետ մենք չենք կարող բովանդակալից քննարկում ծավալել:

 

- Բնականաբար, Իսրայելն ունի իր բանաձևը հակամարտության կարգավորման հարցում: Ինչպիսի՞ն է պաշտոնական Իսրայելի դիրքորոշումն ու մոտեցումն այս հարցում:

- Ինչպես արդեն նշեցի, գրեթե բոլորի կողմից հիմնական բանաձևը հավանության է արժանացել՝ ներառյալ ողջ Արաբական Լիգայի: Այդ բանաձևը կարգավորումն է երկու պետություն ստեղծելու միջոցով: Պաղեստինցիները կստեղծեն նոր պետություն Արևմտյան ափի և Գազայի մեծ մասի տարածքում, և այս նոր պետությունը խաղաղ կապրի Իսրայելի հետ կողք կողքի:

 

- Ինչպես արդեն նշվեց, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունն արդեն երկար տարիներ է, ինչ ձգվում է: Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ հոգեբանական ազդեցություն այն ունի հասարակ իսրայելցու վրա:

- Շատ սպիներ կան այս երկարատև հակամարտությունից: Գրեթե յուրաքանչյուր իսրայելցի կորցրել է իր հարազատներից որևէ մեկին կամ էլ ճանաչում է մեկին, ով հարազատի կորուստ է ունեցել: Չեք կարող պատկերացնել, թե ինչ է նշանակում ապրել պայմաններում, երբ ժողովրդիդ ավելի քան կեսը ստիպված է 90 վայրկյանում վազել ու հասնել ռմբապաստարան, ոմանք նույնիսկ 15 վայրկյան էլ չեն ունենում ինչ-որ ձևով պաշտպանվելու համար: Կարո՞ղ եք պատկերացնել՝ ինչ է նշանակում նման միջավայրում երեխա մեծացնելը:

Կարծում եմ՝ իսրայելցիները բավականին առողջ են մոտենում այս ամենին: Մենք գիտակցում ենք, որ կյանքը կարճ է, և մենք փորձում ենք շատ չկենտրոնանալ այս հակամարտության առաջացրած ցավերի վրա: Հակառակը՝ մենք կենտրոնանում ենք կյանքի լավ կողմերի վրա, և, իսկապես, շատ դրական կողմեր էլ կան: Իսրայելը հիասքանչ վայր է: Մենք ստեղծել ենք առաջատար երկիր, մի պետություն, որը տարածաշրջանի նախանձն է հարուցում և ունի աշխարհի ամենազարգացած տնտեսություններից մեկը: Եվ այս ամենը՝ անապատի ավազաթմբերի վրա: Հարյուրավոր տարիներ առաջ ողջ երկիրն ավազ էր ու ճահիճ, իսկ մենք, չնայած հակամարտությանն ու մարտահրավերներին, իրապես մի հոյակապ երկիր կառուցեցինք:

Այս հակամարտության ընթացքում պաղեստինցիները նույնպես շատ են տառապել և իմ սրտաբուխ ցանկությունն է, որ մենք համաձայնագիր ստորագրենք ու խաղաղությամբ ապրենք կողք կողքի: Այդպիսով՝ մենք կկարողանանք վայելել այս հիասքանչ հողը առանց պատերազմի զրկանքների ու տառապանքի:

 

- Ինչպես հրեաները, այնպես էլ հայերը շատ դժվարություններ են տեսել: 1915 թվականին թուրքերը հայերի նկատմամբ իրականացրել են Ցեղասպանություն, սակայն այսօր ոչ բոլոր երկրներն են ճանաչում ու դատապարտում այն: Իսրայելը, որը նույնպես տեսել է Ցեղասպանության արհավիրքը, դեռևս չի ճանաչել հայերի Ցեղասպանությունը: Ինչպե՞ս կբացատրեք Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

- Ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ ճանաչման ուղղությամբ էական տեղաշարժեր են տեղի ունեցել: Հատկապես Իսրայելի նոր նախագահ Ռեուվեն Ռիվլին մեծ ջանքեր է գործադրում՝ ճանաչելու ձեր ժողովրդի տառապանքները: Այս հարցը բաց քննարկման է դրվել Քնեսեթում: Կարծում եմ՝ այս հարցի շուրջ Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը կփոխվի՝ արտացոլելու Իսրայելի քաղաքականության կոնսենսուսն այս հարցի շուրջ:

Միայն կավելացնեմ՝ ուզում եմ, որ հայերն իմանան, որ նրանք ավելի մեծ ընկեր չունեն, քան Իսրայելն է: Մենք ձեզ հետ նմանության խորը զգացում ունենք: Որպես ժողովուրդներ՝ մենք կիսում ենք հավաքական գրեթե նույն փորձը, և ես չեմ կարող խոսքերով արտահայտել այն ողջ ջերմությունը, որ առկա է մեր երկու ժողովուրդների հարաբերություններում:

 

 

 

1 «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորում

2 Հրեաների Աստվածաշնչի 24 գրքերից մեկը, որը համարվում է Հին Կտակարանն արտահայտող ամենաիմաստուն գրքերից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: