ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համագործակցության շանհայյան կազմակերպություն. տեղեկանք

Համագործակցության շանհայյան կազմակերպությունը (ՀՇԿ) տարածաշրջանային միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001թ. հունիսի 15-ին Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից: Բացի Ուզբեկստանից, մնացած հինգը հանդիսանում էին «Շանհայյան հնգյակի» անդամներ, որը հիմնադրվել էր 1996—1997թթ. նրանց կողմից ստորագրված ռազմական ոլորտում վստահության  ամրապնդման և սահմանային շրջանում զինված ուժի փոխադարձ կրճատման մասին համաձայնագրի արդյունքում: 

ՀՇԿ-ն ունի 6 անդամ պետություն, 5 դիտորդ պետություն (Մոնղոլիա` 2004-ից, Իրան, Հնդկաստան և Պակիստան` 2007-ից, Աֆղանստան` 2012-ից ) և 3 պետություն «երկխոսության գործընկեր» կարգավիճակով (Բելառուս և Շրի Լանկա`2009-ից, Թուրքիա` 2012-ից): Դիտարկվում է Հնդկաստանի և Պակիստանի անդամության հարցը 2015-ից: 2012-ին Ուկրաինան հայտարարեց ՀՇԿ դիտորդ-անդամ դառնալու ցանկության մասին:

ՀՇԿ գագաթաժողովներին հրավիրվում են հետևյալ պետություններն ու կազմակերպությունները. ԱՄՆ, Թուրքմենստան, ԱՊՀ, ԱՍԵԱՆ, ՄԱԿ, ԵվրԱզԷՍ:

Պաշտոնական լեզուներն են ռուսերենը և չինարենը: Գլխավոր քարտուղարն է Դմիտրի Մեզենցևը` 1.01.2013 - 31.12.2015:

ՀՇԿ երկրների ընդհանուր տարածքը կազմում է 30մլն քառ.կմ, այսինքն` Եվրասիա մայրցամաքի 60 %-ը, բնակչությունը` 1,5մլրդ:

ՀՇԿ-ն ռազմական դաշինք չէ: Նրա հիմնական խնդիրներն են. անդամ պետությունների տարածքում կայունության ու անվտանգության ամրապնդումը, պայքարն ահաբեկչության, անջատականության, ծայրահեղականության, թմրանյութերի տարածման դեմ, տնտեսական համագործակցությունը, էներգետիկ գործընկերությունը, գիտական ու մշակութային փոխգործակցության զարգացումը:

2002թ. հունիսին Սանկտ-Պետերբուրգում պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ շարունակվեց ՀՇԿ ինստիտուտների ձևավորումը: Ստորագրվեց երկու ակտ (ՀՇԿ անդամ պետությունների ղեկավարների հռչակագիր և ՀՇԿ խարտիա` հիմնարար կանոնադրային փաստաթուղթ), որով կազմակերպության ստեղծման մասին հռչակագիրը ստացավ գործնական մարմնավորում: 2004թ. հունվարի 1-ից ՀՇԿ-ն սկսեց գործել որպես լիարժեք միջազգային կառույց` ունենալով սեփական աշխատանքային մեխանիզմներ, անձնակազմ և բյուջե:

Չնայած արտաքին միասնական տեսքին, փորձագետները նշում են մի շարք հարցեր, որոնցում հակասություններ են նկատվում ՀՇԿ անդամների միջև: Դրանցից ամենալուրջը վերաբերվում է Ռուսաստանի և Չինաստանի տնտեսական ու քաղաքական հայացքներում տարակարծությանը: Չինաստանը, դիտարկելով ՀՇԿ երկրները որպես հեռանկարային սպառման շուկա, գտնում է, որ հակաահաբեկչական և տնտեսական գործունեության միջև ՀՇԿ առաջնայնությունները պետք է հավասար կիսվեն, իսկ հետագայում տնտեսական ռազմավարությունը կարող է կազմակերպության գործունեության մեջ գրավել գլխավոր դիրք: Ռուսաստանը, հակառակը, պնդում է, որպեսզի պահպանվի ՀՇԿ ակտիվությունը «երեք չարիքների»` ահաբեկչության, ծայրահեղականության և անջատականության դրսևորման դեմ պայքարի ոլորտում և, վախենալով հետխորհրդային Ասիայում Չինաստանի տնտեսական հեգեմոնության հաստատումից, ջանքեր է նախաձեռնում ՀՇԿ շրջանակներում տնտեսական համագործակցությունը ուժեղացնելու` Պեկինի առաջարկները զսպելու համար: Բացի այդ, Չինաստանն իր արտաքին քաղաքականության մեջ առաջին տեղում է դնում պատմական տարածքային խնդիրները, որոնք ՀՇԿ շրջանակներից դուրս են, օրինակ, Թայվանի հետ միավորումը:

Մոսկվան ՀՇԿ գոտում տնտեսական ինտեգրումը դիտարկում է որպես շատ ավելի հեռավոր նպատակ, մինչդեռ այս պահին խոսք կարող է գնալ միայն առանձին ինտեգրացիոն նախագծերի մասին 2 կամ 3 համատեղելի տնտեսություններ ունեցող երկրների հետ: Իսկ Պեկինը պնդում է ՀՇԿ շրջանակներում ստեղծել միասնական ինտեգրացիոն տարածություն արդեն մոտ ժամանակներս:

Ինչ վերաբերում է նոր անդամներ ընդունելուն, ապա ՀՇԿ անդամները վախենում են, որ կփոքրանա կազմակերպության կշիռը համաշխարհային հանրությունում: Հնդկաստանի ու Պակիստանի անդամակցությունը կարող է իջեցնել աշխատանքի արդյունավետությունը, քանի որ այս երկրների արտաքին քաղաքական շահերը խիստ տարբեր են: Իրանը գրավիչ է ՀՇԿ-ի համար որպես կարևոր տրանսպորտային հանգույց և էներգակիրների առաջատար արտահանող:

ՀՇԿ շրջանակներում ստեղծվել է Տարածաշրջանային հակաահաբեկչական կառույց, որի գործունեության միայն մեկ տարվա ընթացքում (2005 - 2006 թթ.) ՀՇԿ տարածքում խափանվել է ավելի քան 450 ահաբեկչական գործողություն, ահաբեկչական կազմակերպությունների 15 պարագլուխներ կամ կալանավորվել են, կամ ոչնչացվել կազմակերպության երկրների հատուկ ծառայությունների կողմից, իսկ 400-ը գտնվում են հետախուզման մեջ: Չնայած կանոնավոր կերպով անցկացվում են համատեղ հակահաբեկչական զորավարժություններ, սակայն ՀՇԿ-ն բազմիցս ընդգծել է, որ կազմակերպությունը ռազմական դաշինք չի հանդիսանում:

ՀՇԿ-ի նկատմամբ ԱՄՆ վերաբերմունքն աստիճանաբար փոխվել է` նրա գործունեությունը պասիվորեն դիտելուց մինչև ակտիվ հետաքրքրվածություն: Ներկայում արևմտյան հետազոտողների մոտ այն կարծիքն է շրջանառվում, որ ՀՇԿ-ն ունի հակաամերիկյան ուղղվածություն և ստեղծվել է ի հակակշիռ ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների դաշինքներին:

Ամփոփելով ՀՇԿ տասնամյա գործունեությունը, կարելի է ասել, որ այն հետխորհրդային տարածությունում հանդիսացել է միջազգային համագործակցության առավել հզոր ու հեռանկարային կազմակերպություն: ՀՇԿ համար լուրջ մարտահրավերներ հանդիսացան 2008թ. օգոստոսի ռուս-վրացական հակամարտությունը և 2010թ. ամռանը Ղրղզստանում զանգվածային անկարգությունները, որոնց կազմակերպությունը կարողացավ դիմակայել:

Այս պահին կարող ենք ասել, որ ռուս-չինական աննախադեպ բարեկամական հարաբերությունները հանդիսանում են Կենտրոնական Ասիայում կայունության գործոն, անվտանգության սպառնալիքները զսպելու գործոն:

Կենտրոնական Ասիայի պետությունների համար, որոնք որոշ մտավախությամբ են վերաբերվում Ռուսաստանի կամ Չինաստանի միակողմանի ազդեցությանը, ՀՇԿ-ում համատեղ ներկայությունը, որտեղ նրանք իրավահավասար անդամներ են և բոլոր հարցերը լուծվում են կոնսենսուսով, հանդիսանում է փոխգործակցության առավել արդյունավետ մեխանիզմ:

Ռուսական Եվրասիական Միություն և չինական Նոր Մետաքսի ճանապարհ նախաձեռնությունները կարող են միայն նպաստել տարածաշրջանային տնտեսական զարգացմանը և անվտանգության ապահովմանը:

 

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: