ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վ. Սվազլյան. Թուրքիան արդեն ճանաչել է Ցեղասպանության փաստը

 

Վերժինե Սվազլյան

Ցեղասպանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր,

«Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների

վկայությունները» գրքի հեղինակ, պրոֆեսոր

 

 

- Տիկի՛ն Սվազլյան, 2015 թվականն է, և ամբողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է Ցեղասպանության զոհերի հիշատակը: Որքանով գիտեմ, դուք ևս ցեղասպանությունը վերապրածների ժառանգ եք, խնդրեմ, պատմե՛ք ձեր ընտանիքի պատմությունը:

 - Սիրով: Հայրս՝ Գառնիկ Սվազլյանը, որ ծնվել էր 1904 թվականին Զմյուռնիայում, արդեն 18 տարեկան էր, երբ Ցեղասպանությունից հետո` 1922 թվականին, արդեն ազգայնականներն էին իշխում Թուրքիայում, և երբ սկսվեց Իզգյուլի աղետը. Թուրքերը կրակի էին տվել հայաբնակ ողջ թաղամասը, և հայերը դուրս էին եկել փողոց՝ չիմանալով ինչ անել. տները վառվում էին, երեխա, մեծ, բոլորը գնում էին դեպի ծովը: Իսկ այնտեղ մի ահավոր տեսարան էր. ամբողջ ծովի վրա լողում էին դիակներ, ինչպես հայրս էր պատմում, որովհետև փոքրիկ նավաստիները, խաբում էին, ասում. «Հայե՛ր, տվե՛ք մեզ ձեր ոսկիները վերջին և զարդերը, մենք ձեզ կտանենք հեռվում խարիսխ գցած շոգենավերի մոտ, նրանք ձեզ կտանեն որ երկիրը որ ուզեք»: Բայց ահա թե ինչ էր կատարվում. խորամանկ թուրք նավավարները ժողովրդին իրենց նավակների մեջ էին նստեցնում, վերցնում էին նրանց ամբողջ ունեցվածքը, և հետո կամաց բացում էին նավի ներքևի անցքը, ջուրը լցվում էր մեջը, նավակը հավասարակշռությունը կորցնում էր, և բոլորը խեղդվում էին: Հայրս, որ այդ ժամանակ 18 տարեկան էր և արդեն կորցրել էր իր հարազատներին, այս պատկերը տեսնելով, նետվում է ջուրը և լողալով հասնում հեռվում խարիսխ գցած հունական մի ռազմանավի, բարձրանում է, ծխնելույզից մտնում ներս, երկու օրից նավը նրան հասցնում է հունական Պիրեյա նավահանգիստը: Նա իջնում է այնտեղ և երկու տարի փողոցում հաց է վաճառում, մի քիչ փող հավաքում և ինքնուրույն գնում Ալեքսանդրիա՝ Եգիպտոսի նավահանգիստը: Այնտեղ հայերին լավ էին վերաբերվում հայ մեծամեծները, ինչպես, օրինակ, Նուբար Փաշայի հայրը՝ Նուբար Նուբարյանը, ով 4 անգամ վարչապետ էր եղել, Եգիպտոսի առաջընթացին էր նպաստել, և հայերին լավ էին վերաբերվում: Հայրս գնում է Ալեքսանդրիա, ստեղծում է իր փոքրիկ ոսկերչական խանութը, քանի որ Զմյուռնիայի հայերը վարպետ ոսկերիչներ էին: Թեպետ ինքը փոքր էր տարիքով, բայց ուսանել էր, և քանի որ շնորհք և ճաշակ ուներ, այդ խանութը կարճ ժամանակում մեծ ճանաչում է ձեռք բերում: Երբ Ֆարուկ թագավորի քույրն ամուսնանում էր պարսից շահնշահի հետ, նրա ամբողջ ոսկեղենի պատրաստությունը հանձնարարում են հորս: Այնքան գեղեցիկ է ստացվում այդ բոլորը, որ Ֆարուկ թագավորը բարձր է գնահատում, իսկ շահնշահը հորս նույնիսկ հնարավորություն է ընձեռում Պարսկաստան տեղափոխվելու՝ իր երկրի անձնագիր տրամադրելով:

Այնուհետև հայրս այնտեղ ծավալում է իր քաղաքական-հասարակական գործունեությունը, Ալեքսանդրիայում հիմնադրում է Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) մասնաճյուղը, որի նախագահն էր Ամենայն հայոց բանաստեղծ՝ Հովհաննես Թումանյանը: Այն փաստորեն ստեղծված էր, որպեսզի մեր ողբի հայրենիքը ոտքի հանեինք, օգնեինք և, Սփյուռքում մասնաճյուղեր ստեղծելով ու հանգանակություններ անելով, մեր Հայրենիքին օգնեինք: Հայրս զինվորագրվում է այդ մեծ գործին: 1936 թվականին լույս է տեսնում հորս «Ներգաղթ» գիրքը, որի սկզբում գրված է. «Ես նյութապես ի վիճակի չեմ ներգաղթին սատարելու, այս գործս կտրամադրեմ անօրը ի նպաստ»: Եվ իսկապես գիրքը վաճառվեց, և գինը ոչ թե սահմանված ռուբլով կամ գումարով էր այլ հանգանակության էր` ով ինչքան կտա հայրենիքի համար: Արդեն ահագին գումար կուտակվելուն պես հայրս ուղարկեց հայրենիք: Այնտեղ ՀՕԿ-ի միջոցով կառուցվում էին տարբեր շենքեր, Բժշկական ինստիտուտի ամբողջ համալիրը, Սպորտ կոմիտեն և այլն: 1937 թվականին ՀՕԿ-ը լուծարվեց, սակայն պատերազմից հետո Ամենայն հայոց կաթողիկոսը դիմեց խորհրդային իշխանությանը՝ ասելով, որ պետք է Հայաստանի բնակչությունն ավելացնել, ներգաղթ կազմակերպել: Նա դրական պատասխան ստացավ: Այդ պատճառով բոլոր գաղութներում ստեղծվեցին ազգային գաղութներ, որոնցում ստեղծվեցին ազգային խորհուրդներ: Ալեքսանդրիայի ազգային խորհրդին մասնակցեց նաև հայրս, մեծ գործունեություն ծավալեց, այդ ընթացքում Ալեքսանդրիայում ստեղծեց քաղաքական նպատակ չհետապնդող «Սևան» ընթերցասրահը: Այնտեղ հայրս նաև դասախոսություններ էր կազմակերպում այն մասին, թե ինչպես պետք է մենք պատրաստ լինենք հայրենիք գնալու: Ոմանք կարծում էին, թե Հայաստանը դրախտավայր է, միայն պիտի գնան այնտեղ, վայելեն, այնինչ հայրս ասում էր, որ պատերազմից հետո մենք արդեն դժվարություններ ունեցել ենք, Հայաստանը որբի, ողբի հայրենիք է, նոր է սկսել վերականգնվել և ահա պատերազմ սկսվեց, թիկունքում ևս դժվարություններ ունեցանք, մեր կանայք ստիպված գործարաններում սկսեցին աշխատել և համայնքային հողերը մշակել, որպեսզի օգնեն տղամարդկանց, այնպես որ մենք պիտի գնանք մեր հայրենիքը շենացնենք, որովհետև ընտանիք չկա առանց «հանգած ճրագի», ընտանիք չկա, որ մի զոհ տված չլինի: Մենք պիտի գնանք կառուցենք, վերակառուցենք, ծաղկեցնենք մեր հայրենիքը: Այնպես որ Եգիպտոսից եկածներից գրեթե ոչ ոք աքսոր չգնաց, հայրս նրանց գիտակցությունը բավականին բարձր մակարդակի էր հասցրել այդ դասախոսությունների, իր հրապարակախոսական հոդվածների միջոցով:

Հայրս ինքը նախաձեռնեց և կազմակերպեց «Ներգաղթը» պիեսի բեմադրությունը «Սևան» ընթերցասրահի անդամների ուժերով: Ունեինք նաև շատ գեղեցիկ դերասանական զույգ` տեր և տիկին Վոլտերը և Բեատրիսը, ովքեր այդ երիտասարդ դերասանների հետ ներկայացրին պիեսը ոչ միայն Ալեքսանդրիայում, այլև Կահիրեում, Հալեպում, Բեյրութում, Նիկոսիայում: Այնպես որ տարբեր գաղթօջախներում արդեն հայրենադարձության ալիքը բարձրացնելուն հայրս նպաստել է իր գրչով, իր բեմով, իր խոսքով:

Ընդամենը 44 տարեկան էր, երբ եկանք Հայաստան: Յոթհոգանոց ընտանիք էինք: Նա դարձավ գրողների միության անդամ Ա. Իսահակյանի օրոք, նրան բնակարան հատկացրին` որպես սփյուռքահայ գրողի, ով 20 տարի արտասահմանում հասարակական գործունեություն է ծավալել, առանց նյութական ակնկալիքի, ընդհակառակը իր բոլոր միջոցներն ու հանգանակությունները հավաքել, ուղարկել է ռուսական դեսպանատան միջոցով: Թղթեր ունենք այդ գրքի մեջ, որ ապացույցներ են, հաջորդաբար Եգիպտոս եկած դեսպաններին է հանձնել այդ հանգանակությունները` Սուլթանովին, Խարլամովին, Նովիկովին: Բացի դրանից՝ «Սևան» ընթերցասրահում կազմել էր կանանց խումբ, որոնք բրդյա գուլպաներ էր գործում կարմիրբանակայինների համար: Ես 9 տարեկան էի այն ժամանակ, հիշում եմ, ես էլ էի դպրոց տանում և դասամիջոցներին գործում: Ընկերուհիներիս էլ էի մոբիլիզացնում, որ գործեն` ասելով, թե այնտեղ ցուրտ է, բանակայինները կմրսեն, ճիշտ է` Սովետական Միությունն ունի հնարավորություն, բայց մենք պետք է օգնենք: Արդեն փոքրուց հայրս ինձ և շատ-շատերին սովորեցրել էր այստեղ ապրելու և արարելու գործը:

Երբ մենք եկանք այստեղ, հայրս շուտ վախճանվեց, դժվարություններ ունեցանք: Ես 13 տարեկանից աշխատել եմ, բայց չհուսահատվեցինք, չհիասթափվեցինք, որովհետև գիտեինք, որ մենք եկել ենք մեր նպաստը, աջակցությունը բերելու հայրենիքին: Ես 20 տարեկանից սկսել եմ աշխատել այս թեմայի` Հայոց Ցեղասպանության հարցի շուրջ:

 

 - Դուք շատ գրքեր եք գրել Ցեղասպանության վերաբերյալ, դրանցից մի քանիսն էլ անգամ տպագրվել են Թուրքիայում: Կցանկանայի Ձեզ հարցնել, թե ինչպես հնարավոր եղավ դրանք Թուրքիայում տպագրել: Արդյո՞ք Դուք դժվարությունների չհանդիպեցիք:

- Նախ ասեմ, որ այդ նյութերը ես սկսել եմ հավաքել դեռևս Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի վերջին կուրսում, երբ արդեն աշխատանք ունեի: Ես դժգոհ էի ինձանից: Մտածում էի` սովորեցի, գիտելիքներ ձեռք բերեցի, բայց չէ՞ որ այդ ամենն ինչ-որ չափով օգտակար պիտի լինի հայրենիքին: Արդեն հայրս չկար, բայց հիշում էի նրա պատգամը, որ ինձ էր թողել հետևյալ տողերով.

«Վերժինե՛, աղջի՛կս,

կուզեմ լինես դու խելացի,

աշխատանքով, պատվով բարի,

պատիվ բերես քո ծնողքին

և քո ազգին, հայրենիքին»:

 

Սա մի այնպիսի պարտավորեցնող պատգամ էր, որ ես պիտի մի բան անեի, բայց 20 տարեկան էի, չգիտեի` ինչ պիտի անեմ: Մտածում էի՝ եթե կարողանայի այժմ ամայացած մեր Արևմտյան Հայաստանի ամբողջ բանավոր մշակույթը մեջտեղ բերել, դա կարող էր իսկապես գործ լինել: Մանավանդ Աճառյանը միշտ բողոքել է, որ իր բարբառագիտական ուսումնասիրությունների ընթացքում ձեռքի տակ չի ունեցել շատ նյութեր: Ա՜յ, եթե ինձ հաջողվեր վերականգնել նրանց բանավոր մշակույթը, ասացվածքները, երգերը և հատկապես նրանց բանավոր պատմությունը, այսինքն` Հայոց ցեղասպանության ականատեսների պատմական հիշողությունը... Բայց ինչպե՞ս անել:

Հանկարծ մի օր` օգոստոսի 16-ին, մտածեցի ու հիշեցի, որ հայրենադարձներ էին եկել, և հիշեցի, որ մեր նավի մեջ հայրս ինձ ցույց տվեց և ասաց, թե «սրանք քրդախոս, արաբախոս հայեր են, հայերեն չգիտեն», նրանք իրենց գույնզգույն տարազներով էին: Մտածում էի նրանց գտնել և զրուցել: Հաջորդ օրը ես արդեն Նոր Մալաթիա թաղամասում էի. գնացի և հարցրի, թե ովքեր են ամենախրթին բարբառներով խոսում: Ասացին տան տեղը, բայց ասացին, որ ոչինչ չեմ հասկանա իրենց բարբառից:

Դուռը սկզբում լրիվ չբացեցին, սակայն ասացի, որ գիրք պիտի գրեմ, իրենց անունը պիտի գրվի, նկարը դրվի: Նրանք առանձնացան, խորհրդակցեցին և եկան ինձ ներս հրավիրեցին: Նրանցից մեկը` կույր Հովհաննեսը, պատմություններ սկսեց պատմել: Իմ ուզածն էր, սակայն խոսում էր ինձ համար անհասկանալի բարբառով: Ես մի պահ հուսահատության էի մատնվել: Սակայն մի փոքրիկ աղջկա, ով դպրոցական էր, խնդրեցի ինձ համար թարգմանել պապի խոսքերը, և այսպես պատառ-պատառ հավաքվեց «Մուսա լեռան բանահյուսությունը» գիրքը, որը մեծ աղմուկ բարձրացրեց և լավ ընդունելություն գտավ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում, որովհետև գրքի մի մասը բարբառային է: Այն ուներ և՛ բարբառը, և՛ գրական բացատրությունը, և՛ ֆոլկլոր. այն ինչի մասին, որ Հրաչյա Աճառյանը երազում էր: Շատ նուրբ, մանրակրկիտ աշխատանք է կատարվել այս գրքի վրա, որպեսզի անմահացնենք մուսալեռցիների բանահյուսությունը և իրենց բարբառը: Հիմա այդ լեզվով այլևս խոսող չկա, բայց սա մնացել է որպես ուսումնասիրության նյութ:

Իհարկե, մուսալեռցիները շատ գոհ մնացին, Բեյրութից եկան, ինձ ոսկե մեդալ բերեցին, պատվավոր մուսալեռցու կոչում շնորհեցին:

Հետո հասկացա, որ ոչ միայն Մուսա լեռան, այլ նաև ամբողջ Կիլիկիայի բանահյուսությունը կարող եմ հավաքել, քանի որ արդեն զուգահեռ որոշ մասը հավաքել էի: Դժվարությամբ հավաքել եմ Կիլիկիայի 50 տեղավայրերի` Զեյթուն, Հաճն, Քեսաբ, Բեյլան, Ադանա, Մերսին, Տարսոն, Սիս և այլն, ինչպես նաև շրջակայքի` Զմյուռնիայի, Քոնիայի և այլ բարբառներով պատմություններ: Մի խոսքով՝ մեր ամբողջ անցյալի տարածքներից աշխատել եմ հնարավորինս շատ նյութեր հավաքել, քանի դեռ ողջ էին վերապրողները:

Հիշում եմ զեյթունցի Կարապետ Թոզլյանին, ով ասաց «Աղջի՛կ, դու որտե՞ղ էիր, գիտե՞ս՝ քանի տարի եմ քեզ սպասել: Քանի որ ես անգրագետ եմ, իմ հիշատակները չէի կարողանա գրել, այդ պատճառով աղոթքի փոխարեն ես անկլողու մեջ եմ այս երգերը երգել, մինչև որ մեկը կհետաքրքրվեր այս ամենով»: Մի խոսքով՝ սկիզբը հենց էսպես է եղել:

Հետո արդեն ինքն էլ պատմեց, թե ինչպես իրենց՝ այդքան հերոսական անցյալ ունեցած Զեյթունից բոլորին անխտիր ուղարկում էին աքսոր Դեր Զորի անապատները, որտեղ նահատակվում էր մի ամբողջ ժողովուրդ: Նրանց հաշիվ չկար, հիմա ասում են մեկուկես միլիոն, բայց դա փոքր թիվ է: Եթե կարդաք իմ պատմվածքները, կտեսնեք, թե քանիսին են ծովը նետել, քանիսն են Եփրատ գետը նետվել, աղջիկներ, որ ստիպված իրենց գցել են գետը, որպեսզի չընկնեն թուրքի ձեռքը, ո՞ր մեկն ասեմ՝ ձորերից են իրենց գցել և այլն: Պատմությունները և պատմական բնույթի երգերը, որոնք ես դժվարությամբ գրի եմ առել, հազիվ կորզել եմ մարդկանց շրթունքներից, ովքեր չէին ուզում երգել, հուզվում էին, լաց էին լինում, որովհետև հիշում էին իրենց կորցրած հարազատներին, որոնց իրենց աչքի առաջ մորթել-սպանել էին: Եվ եթե նրանք երգում էին, արցունքներն աչքերին էին երգում, որովհետև դեռևս ենիչերիների ժամանակներից հայերեն խոսելը արգելված է եղել Օսմանյան կայսրությունում, և շատ-շատերը, ինչպես Գալստյանը, Սարաֆյանը, իմ պատմությունների հերոսները, վերապրածները, բոլորը խոստովանում էին, որ իրենց հանդեպ դեռևս ենիչերիների ժամանակներից վարվում էր թուրքացման քաղաքականություն: Աքսորի ճանապարհին առավել ևս խստացված էին այդ բռնությունները, և ժողովուրդը ինչ-որ ձև էր գտնում իր վիշտն արտահայտելու, եթե ոչ հայերեն, թեկուզ թուրքերեն, որ այդ ասկյարները հասկանային իրենց վիշտը:

Թուրքական «Իկսիր» և «Սուփեր օնլայն» սերվերների հիմնադիրը` Բաբուր Օզդենը, 2001 թվականի հունվարի 29-ին Միլիեթ թերթին տված «Հակահարած վիրտուալ աշխարհում» հարցազրույցում գրում է, թե ամբողջ համացանցը հայերը լցրել են իրենց ականատեսների խոսքերով, և նշում է, որ նույնիսկ կան թուրքերեն երգեր, որոնք իրենք չունեն. դրանք իմ հավաքած երգերն են: Նա ասում է, որ գուցե իրենք այն ժամանակ մասնագետ չէին ունեցել, ով գրի կառներ այդ երգերը, և նշում է, որ նույնիսկ, եթե ունենային էլ, այժմ չէին կարողանալու կարդալ, որովհետև դա գրված կլիներ այն ժամանակ արաբերեն տառերով, իսկ այժմ իրենք անցել են լատինատառ այբուբենին: Հետևաբար ասում է. «Մենք չենք ուզում անցյալին անդրադառնալ, մենք ուզում ենք առաջ նայել»:

Այս քառյակներից ամեն մեկը մի շառաչուն ապտակ է իրենց: Դրանք ժողովուրդն է ստեղծել. մեր իսկապես բանաստեղծ-փիլիսոփա հայ ժողովուրդը: Ահա այս քառյակները և 700 միավոր ականատեսների վկայություններն են, որ տարբեր լեզուներով լույս են տեսել և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում, անգլերենները թարգմանել են Տիգրան Ծուլիխյանը և Անահիտ Պողիկյանը, իսկ թուրքերենի թարգմանությունները կատարել են Թուրքիայից Տիգրան Տեր-Օղորմջյանը և Պետրոս Չավիկյանը: Այնպես որ իսկական մասնագետներ են աշխատել այս գրքի վրա, որտեղ իմ 60 տարիների հավաքած նյութերը և հուշ-վկայությունները ոչ միայն Արևմտյան Հայաստանից էին, այլ նույնիսկ կային հարցազրույցներ Դեր Զորում, Ռակայում ապրող արաբներից, որոնք ևս խոստովանում են, որ իրենք փոքր տարիքում հիշում են, թե ինչպես հայերին բերեցին, Դեր Զորի պատերի տակ գնդակահարեցին, ասում են` հայերը հյուծված էին, իսկ իրենք, չնայած փոքր տարիքին, ուղտերից կթած կաթ էին բերում, որպեսզի տան հայերին:

 

- Տիկի՛ն Սվազլյան, Թուրքիայում Ցեղասպանության վերաբերյալ Ձեր գրքերի տպագրությունը խնդիրների չի՞ հանգեցրել:

- Հանգեցրել է: 1996 թվականին, երբ պատրիարքի հրավերով ես առաջին անգամ մեկնեցի Թուրքիա՝ գիտաժողովի, ես այնտեղ նյութեր հավաքեցի, նույնիսկ պատրիարքի օգնությամբ մուտք գործեցի Սուրբ Փրկիչ հիվանդանոց, որպեսզի պատմություններ հավաքեմ: Պատրիարքն ինձ տեղավորեց՝ ասելով, որ այլոց համար ինքը ոչնչից տեղյակ չէ: Ես պառկեցի հիվանդանոց, 2,5 ժամ վիրահատության ենթարկվեցի, բայց հույս ունեի, որ մի շաբաթից, երբ ոտքի կանգնեմ, հետին դռնով կգնամ կողքի ծերանոցը, որտեղ դեռևս կենդանի էին ականատես-վկաներ: Այնտեղից ես 40 հուշ եմ դուրս հանել: Այսպիսի դժվարություններով եմ անցել:

Հրատարակիչը՝ այլախոհ գրող Ռաքիպ Սարաքօղլուն, բազմիցս բանտարկվել է և բազմիցս դատարանի առջև է կանգնել: Թուրքիայում նմանատիպ գործունեությունը, անշուշտ, հետապնդվում էր: Նա հակակառավարական գրքեր էր հրատարակում, իսկ իր հրատարակչությունը կոչվում էր «Փաստարկ». միայն փաստացի բաներ էր հրատարակում: Երբ 1999 թ.-ին ես հրավիրված էի Փարիզ, մասնակցեցի միջազգային գիտաժողովի և առիթ ունեցա այցելելու Հայ դատի գրասենյակ, ծանոթացա Սարաքօղլուի հետ, ով էլ, իմանալով իմ երգերից մի քանիսի մասին, ցանկություն հայտնեց անպայման դրանք հրատարակել: Նա ասաց. «Ես կթարգմանեմ դրանք թուրքերեն և մենք կհրատարակենք»: Ասացի բայց մի՞թե իրեն դրա համար չեն բանտարկի, նա էլ պատասխանեց, որ արդեն իսկ բանտարկված եղել է: Մինչ այդ նա կնոջ հետ միասին հրատարակել էր Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», որը սակայն միանշանակ չի ընդունվել Թուրքիայում, մի մասն անգամ այրվել է: Կինը ծանր է տարել դա և մահացել է: Եվ ասաց, որ ինքը շարունակում է անմահացնել կնոջ հիշատակն ու ցանկությունները, նույնիսկ ինձ գաղտնի ասաց, որ նա հայ էր: Այնուհետև հրատարակեց իմ 2005 թվականին լույս տեսած գրքերը, մի շարք լեզուներով՝ «Հայոց ցեղասպանությունը և ժողովրդի պատմական հիշողությունը»: Սա 2005թ.-ի 90-ամյակի օրերն էին, վարչապետ Ա. Մարգարյանը Ակադեմիայից հարցում էր արել, թե ով ունի թարգմանված գրքեր՝ այդ օրերին կազմակերպվելիք գիտաժողովի ընթացքում ներկայացնելու համար: Այդ ժամանակ դեռ ոչ ոք չուներ, բայց ես արդեն ունեի հայերեն տարբերակը՝ ականատեսների վկայությունների հիման վրա, դրանցում ներկայացրել էի Հայոց ցեղասպանության ընթացքը՝ ինչպես սկսվեց և դեպի ուր գնաց՝ 1914 թվականից՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից: Սուլթան Համիդի ջարդերի վերաբերյալ էլ մի փոքր ակնարկ կա, թե ինչպես եղավ գաղթը, մարդիկ ոտքով եկան, անցան Արաքսը, Էջմիածնի պատերի տակ ծվարեցին և եկան հասան այստեղ, Կոնդում որբանոցներում տեղավորվեցին: Դա գաղթն էր, իսկ ջարդը կիլիկիացիներն ու անատոլիացիները ունեցան, որոնք ամիսներով քարշ եկան անապատներով և լեռներով: Պատմում էին, թե այդ լեռնոտ ճանապարհով հատուկ էին տանում, որպեսզի մարդիկ հոգնեին, իսկ իրենց հեծյալները միմյանց փոխարինում էին: Իսկ ժողովուրդը ոտքով գնում էր մտրակների հարվածների ներքո, և նույնիսկ ջուր տեսնելիս չէր թույլատրվում մոտենալ, ջրին մոտենալիս սպանում էին նույնիսկ երեխաներին: Վերապրողներից մեկը պատմում է, թե անունը տեղահանություն էին դրել, որպեսզի չասեին, թե կոտորած, ջարդ է իրականացվել, սակայն, ինչպես ֆրանսիացի գրողներից մեկն էր ասում, դա «գերմանական մեթոդով» իրականացված տեղահանություն էր: Մեր Վանը, Բիթլիսը, Մուշը, Սասունը ամբողջությամբ կրակի տվեցին: Դա, փաստորեն, առաջին հոլոքոստն էր, ցեղասպանությունը, որ տեղի ունեցավ հայերի նկատմամբ: Մեր ժողովուրդը շատ է տառապել և՛ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, և՛ երկրորդ: Առաջին համաշխարհային պատերազմից հետո մուսալեռցիները ըմբոստացան և բարձրացան Մուսա լեռան գագաթը, տալով հերոսամարտ, որ տևեց ոչ թե 40 օր, այլ 53, որն իրապես մեծ հաղթանակ էր: Լեռան վրա կրակ վառեցին և սպիտակ սավանի վրա կարմիր խաչ կարեցին:

Միշտ, որտեղ էլ որ եղել է հայ ժողովուրդը, առաջին հերթին դպրոց է բացել, հիվանդանոց և եկեղեցի: Այս կառույցներն են, որ մինչ այժմ էլ բոլոր գաղութներում գործում են և հայապահպանություն իրականացնում:

Այնուհետև իմ գրքերը համալրվեցին, երբ 1960 թվականից աշխատեցի ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում: 1995-ից, երբ բացվեց Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտը, ինձ այնտեղ հրավիրեցին՝ այս աշխատանքը շարունակելու արդեն նոր տեխնիկայի միջոցով, արդեն տեսագրելով և ձայնագրելով: Այժմ Վիգեն Սարգսյանն է աշխատում այդ տեսագրությունների վրա, և շուտով դրանք նույնպես կցուցադրվեն: Պատմություններս նաև տեղ են գտել Genocide100.org կայքում, որտեղ վերապրողների՝ իմ շարադրած պատմություններն են: Միջազգային գիտաժողովների հրավեր եմ ստացել նաև ԱՄՆ-ից պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի կողմից, այնտեղից նույնպես ցանկանում էի պատմություններ գտնել: Մի ծերանոց գտա և որոշեցի այնտեղից վերցնել պատմություններ, բայց չգիտեի՝ ինչպես մտնել, որոշեցի կենսագրականս ներկայացնել և հայտ ներկայացնել՝ այնտեղ կամավորական աշխատանքի անցնելու համար. գուցե թույլտվություն ստանամ: Եվ այդպես էլ եղավ. հնարավորություն ստացա 15 օր ներսում ապրելու, որտեղ էլ ծանոթացա շատ-շատ վերապրողների հետ, ովքեր պատմեցին իրենց հուշերը, իրենց կրած տառապանքները, այնտեղ հանդիպեցի Ռոնյա Թերզյանին, որ հրաշալի ձեռագործ իրեր էր պատրաստել, օրինակ՝ Օպերայի և Մատենադարանի շենքերը: Հանդիպեցի նաև այլոց, ովքեր շատ արժեքավոր մարդիկ էին: Նրանք «առաջին ձեռքից» պատմեցին ինձ ամբողջական պատմություններ, հետևաբար ծերանոց իմ այս մուտքը շատ օգտավետ եղավ: Ես ոչ միայն օգնում էի ծերերին, այլև նյութեր հավաքեցի, որոնց մի մասը դեռ նոր պիտի հրապարակվի: Ունեմ նաև մեկ այլ նպատակ. հավաքել Ամերիկայում բնակվող հայերի բանավոր մշակույթը, լեգենդները, ինչպես, օրինակ, Նիագարայի ջրվեժի մասին, հեքիաթներ, երգեր, զրույցներ և հուշեր: Ես դեռ պետք է իմ առաջիկա գրքի մեջ էլ ներկայացնեմ նրանց երգերը, նաև այն, թե ինչպես են իրենք հարմարվել Ամերիկայում կյանքին, դժվարությունները, որ նրանք ունեցել են կամ հիմա ունեն՝ օտարության մեջ ապրած, բայց հայությունը պահպանած, իրենց հայ զգացող հայերի նոր սերնդի խնդիրները:

 

- Տիկի՛ն Սվազլյան, Ձեր կարծիքով ո՞րն է հայ-թուրքական հաշտեցման բանաձևը: Արդյո՞ք Դուք տեսնում եք դա ապագայում

և ինչպե՞ս:

- Դժվար հարց եք տալիս: Գիտե՞ք՝ ժողովուրդները իրար հետ լավ են: Ես, ինչպես նշեցի, եղել եմ Թուրքիայում, հիվանդանոց եմ մուտք գործել և այլն: Հայ և թուրք ժողովուրդները շատ լավ են իրար վերաբերվում, այժմ թուրքեր կան, որ շատ լավ են մեզ հետ: Դա եղել է երիտթուրքերի ժամանակ, և նրանք են հրահրել և կազմակերպել, հիմա նրանց ժառանգներն ու ներկայիս կառավարությունը պետք է ընդունեն այդ սխալը, այնպես, ինչպես հրեաների Հոլոքոստը ընդունեցին գերմանացիները: Սա մի վերք է, արյունոտված վերք, որ չի սպիանում, անընդհատ հոսում է արյունը: Ինչպես պիտի հաշտվեն, երբ վերքը չի սպիանում: Այժմ ասում են, թե ոչինչ էլ չի եղել, այսքան գրքեր են լույս տեսնում, աշխարհը բարձրաձայն խոսում է, իր ժողովուրդը պատմում է: Ես ինքս այնտեղից 40 հուշ դուրս եմ հանել՝ հենց Թուրքիայից, և, վերջապես, հեռու չգնանք՝ 1919 թ.-ին Թուրքիայի ռազմական տրիբունալն առաջին անգամ ինքն ընդունեց ցեղասպանությունը, որ նրա առաջնորդներին մահվան դատապարտեր: Թուրքիան շատ լավ էլ արդեն ճանաչել վերջացրել է, էլ ինչո՞ւ ենք մենք աջ ու ձախ գնում: Նա արդեն այդ ակտով է ճանաչել Ցեղասպանությունը: Թո՛ղ ճանաչումն ընդունեն, և ոչ թե Էրդողանը հայտարարի թե նման բան չի եղել, երբ աշխարհը ասում է, որ եղել է նման բան: Իսկ թե ինչու չի ընդունում, որովհետև գիտի, որ դրանից հետո այլ հարցեր են առաջանալու՝ հատուցում, նյութական հարցեր: Իսկ եթե չի եղել, մեր այնտեղի եկեղեցիներն ինչո՞ւ են այդ վիճակում, ինչո՞ւ են հայերը աշխարհով մեկ սփռված, իսկ ձեր երկրամասի հայերն ո՞ւր են...

Դավութօղլուն մեկ օրով եկել էր Երևան, և ես հասցրի նրան տալ այս գիրքը անգլերենով: Ինքն ասաց. «Ես օդանավի մեջ կծանոթանամ»: Այնուհետև, երբ իրեն հարցրել էին, թե ինչ է կարծում, այս հարցն ինչպես պետք է լուծվի, նա, գուցե գրքիս մեջ այդ արտահայտությանը հանդիպած լինելով, ասաց, որ այդ հարցը միայն «արդար պատմական հիշողության միջոցով կարող է լուծվել»: Հաշտեցումը միայն այսպես եմ տեսնում:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: