ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նեմցովի սպանությունը թույլ է տալիս հասկանալ Ռուսաստանում ակտիվ ընդդիմության հնարավոր պոտենցիալը

Օրերս Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած հայտնի ռուս ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանությունը բավական լայն արձագանք ունեցավ ինչպես ներռուսաստանյան, այնպես էլ միջազգային շրջանակներում:

Ինչպես յուրաքանչյուր խոշոր քաղաքական գործչի հետ կապված ցանկացած դեպք, սա ևս առիթ դարձավ տարաբնույթ քննարկումների  և վարկածների տեղիք տվեց: Քննարկվող վարկածներն իրենց բնույթով բազմազան են՝ պատվիրված սպանությունից մնչև անձնական հաշվեհարդար:

Ընդդիմության վարկածով սպանությունն ունի քաղաքական մոտիվներ: Որոշ ընդդիմադիրներ անգամ բացահայտ կերպով մեղադրում են Ռուսաստանի ղեկավարությանը՝ սպանությունը կապելով մարտի 1-ին նախատեսված ընդդիմության երթի հետ, որին մասնակցելու էր նաև Նեմցովը:

Իրավապահներն, իրենց հերթին, չեն բացառում, որ սպանությունը կապված է Յարոսլավի շրջանի խորհրդարանում նրա պաշտոնավարման հետ: Դեռևս չի հերքվել նաև անձնական դրդապատճառներով սպանության վարկածը, ինչը պայմանավորված է քաղաքական գործչի ընտանիքի փաստաբան Վադիմ Պրոխորովի այն հայտարարությամբ, թե Նեմցովը մինչև վերջերս սոցիալական ցանցերով տարբեր սպառնալիքներ է ստացել: Անգամ դիտարկվում է Իսլամական պետությանը հարող անձանց մեղսակցությունը` հաշվի առնելով Նեմցովի քննադատությունը ֆրանսիական խմբագրատնում իրականացրած ահաբեկչական ակտի հետ:

Իշխանություններն իրենց հերթին ընդդիմադիր գործչի սպանությունը որակել են որպես սադրանք՝ ուկրաինական իրադարձությունների ֆոնին, ինչով էլ, թերևս պայմանավորվում է նաև նրանց օպերատիվությունը:

Չնայած վարկածների բազմազանությանը` միանշանակ դատողություններ կատարել որևէ վարկածի ճշմարտացիության առնչությամբ դեռևս վաղ է: Սակայն մի շարք հանգամանքներ հնարավորություն են տալիս գոնե մասամբ պատասխանել որոշ հարցադրումների: Ռուսական իշխանությունների հնարավոր մեղսակցության տարբերակը, կարող ենք ենթադրել, որ, թերևս, քննադատության ամենից քիչ դիմացողներից է՝ մի քանի պատճառով: Նախ Նեմցովը, լինելով բավական սկզբունքային ընդդիմադիր, այնուամենայնիվ չէր հանդիսանում խոշոր ֆիգուր (ինչպիսիք են Նավալնին, Խադարկովսկին), կամ ընդդիմության տարբեր ուժերին կոնսոլիդացնող անհատ: Բացի այդ, հաշվի առնելով մի կողմից ուկրաինական հակամարտության հետ կապված ռուսական հասարակությունում տիրող ոչ միանշանակ մոտեցումները, ինչպես նաև սանկցիաների հետևանքով առաջ եկած տնտեսական դժվարությունները, ռուսական ղեկավարությունը պետք է որ շահագրգիռ լինի խուսափելու հասարակական ավելորդ ակտիվությունից, հնարավոր շարժումներից կամ բողոքի ակցիաներից: Ըդդիմադիր գործչի սպանությունն անասկած իր հետ բերում է նման ռիսկեր, ինչը քաղաքական իշխանության համար հազիվ թե ցանկալի լիներ:

Անկախ այն հանգամանքից, թե հանցագործության իրական մեղավորները երբ և ինչպես կբացահայտվեն, մի բան ակնհայտ է. Նեմցովի սպանությունը ևս մեկ հարված էր Ռուսաստանի միջազգային հեղինակությանը: Բացի այդ, այն հնարավորություն տվեց նաև «փորձնական գնդի» սկզբունքը գործի դնելով հասկանալ Ռուսաստանում ակտիվ ընդդիմության հնարավոր պոտենցիալը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: