ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բուլղարիան այլևս Ռուսաստանի «բարեկամը» չէ

Օրերս Բուլղարիայի Պաշտպանության նախարարությունը պետական պատվերի մրցույթ հայտարարեց Վառնայում ՆԱՏՕ-ի Սևծովյան ռազմածովային ուժերի հրամանակատարական կենտրոնի կառուցման մրցույթ: Ըստ հայտարարության՝ կենտրոնը պետք է կառուցվի ՆԱՏՕ-ի անվտանգության ներդրումային ծրագրի (NATO Security Investment Program) միջոցներով:

Տարածված հայտարարությունը հետաքրքրական է մի քանի պատճառով՝ նախ սա Բուլղարիայի տարածքում 2015թ-ին արդեն երկրորդ լուրջ ծրագիրն է, որի իրականացման մասին հայտարարվել է: Փետրվարի սկզբին հայտնի էր դարձել Սոֆիայում դաշինքի ցամաքային զորքերի գործողությունների կոորդինացման հրամանատարա-վերահսկողական կենտրոն ստեղծելու մասին:

Բավականին կարևոր է նաև այն հանգամանքը, որ ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր ՆԱՏՕ-ի արևելյան անդամ երկրներում կառույցն ակտիվացել է (զորավարժություններ, ռազմական բաղկացուցիչների մեծացում) և այս առումով հատկանշական է, որ բավականին հաճախակի է դարձել ՆԱՏՕ անդամ երկրների ռազմանավերի մուտքը Սև ծով: Սև ծովում ՆԱՏՕ-ի ակտիվության աճը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որը Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց հետո ռուսական ուժերը լուրջ առավելություն ստացան Սև ծովում, իսկ պաշտապանության նախարար Շոյգույի նախաձեռնությամբ սկսվեց Սևծովյան ռազմածովային ուժերի վերազինման և համալրման լուրջ գործընթաց: Օգտվելով ստեղծված իրավիճակից ՆԱՏՕ-ն ամրապնդվում է Բալկաններում և Արևելյան Եվրոպայում, ինչն ավելի է սրում առկա լարվածությունը:

Բուլղարիայի տարածքում ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների ձևավորումն արդեն իսկ վկայում է, որ եթե նախկինում բուլղարական կողմը, հստակ ակնկալիքներ ունենալով Ռուսաստանից, փորձում էր հնարավորինս խուսափել ռուսական կողմին «նյարդայնացնող» քայլերից, ապա այժմ՝ իրավիճակը փոխվել է: Դա թերևս պայմանավորված է ռուսական կողմից «Հարավային հոսքի» նախագիծը չեղյալ հայտարարելու հետ: Հիշեցնենք, որ խողովակաշարը Ռուսաստանից Սև ծովով հասնելու էր Բուլղարիա և այնտեղից շարունակվլու էր եվրոպական այլ երկրներ: Նախագծի կյանքի կոչման դեպքում Բուլղարիան ուներ տրանզիտային կարևոր երկիր դառնալու բավականին իրատեսական հավակնություններ, սակայն ռուսական կողմը, չցանկանալով զիջումների գնալ եվրահանձնաժողովի հետ բանակցություններում, ուղղակի չեղյալ հայտարարեց այն: Արդյունքում, զրկվելով հնարավոր օգուտներից, Բուլղարիան մի կողմից չունի որևէ շահագրգռվածություն չգնալու «հակառուսական» քայլերի, մյուս մողմից փնտրում է հնարավոր տարբերակներ իր տրանզիտային պոտենցիալի իրացման համար:

Բուլղարիայի գործելավոճում տեղի ունեցած փոփոխությունների մասին վկայում է նաև Բուլղարիայի մերձեցումը TANAP նախագիծն իրականացնող երկրների հետ, ինչը պայմանավորված է տվյալ խողովակաշարի շնորհիվ տրանզիտային լուրջ դերակատարում ստանալու ակնկալիքով: Թերևս պատահական չէ, որ օրերս Սոֆիայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հիշեց Եվրահանձնաժողովի կողմից սառեցված Nabucco նախագիծը և դրա հնարավոր վերակենդանացման հարցը դարձրեց հանդիպման հիմնական թեմաներից մեկը: Բնականաբար Nabucco-ն իր նախնական պլանավորմամբ կյանքի կոչելը մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով անհնար է, սակայն նրա առանձին տարածաշրջանային սեգմենտների, օրինակ` Nabucco-West-ի (նախատեսում է գազի տեղափոխումը Թուրքիայից Բուլղարիայի տարածքով մինչև Ավստրիա)  իրականացումը իրատեսական է: Տվյալ նախագիծը ժամանակին հանդիսանում էր եվրոպական շուկայում ռուսական շահերի համար բավականին լուրջ սպառնալիք: Չնայած նախագծի տեխնիկական իրատեսականությանը, այն գազով ապահովելու հարցը խնդրահարույց է, քանի որ ադրբեջանական գազը նախնական շրջանում կարող է բավարարել միայն TANAP-TAP խողովակաշարը, իսկ առանց թուրքմենական գազի Եվրոպայի համար այլընտրանք դառնալու հավակնությունները դատապարտված են տապալման:

Եվրոպան այլընքային էներգետիկ նախագծերում ակտիվ ներգրավվածություն ունենալու` Բուլղարիայի ձգտումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ռուսական կողմն այսօր քննարկումներ է իրականացնում Թուրքական հոսքը Եվրոպա, մասնավորապես՝ Հունգարիա հասցնելու վերաբերյալ:  Նախատեսվում է, որ խողովակաշարը պետք է անցի Հունաստանով, Մակեդոնիայով և Սերբիայով՝ շրջանցելով Բուլղարիան, ինչը ռուսական կողմը դիտարկում է որպես «պատիժ» բուլղարացիներին, ովքեր ամենապատասխանատու պահին չկարողացան վճռական գտնվել և, տեղի տալով Եվրահանձնաժողովի ճնշումներին, տապալման տարան «Հարավային հոսքի» նախագիծը:

Ամփոփելով կարող ենք նշել, որ Բալկաններում Ռուսաստանն արդեն ունի ևս մեկ ոչ բարեկամ երկիր, որի աշխարհաքաղաքական շահերն այլևս չեն համընկնում ռուսականի հետ: Ե՛վ ՆԱՏՕ-ի ամրապնդումը Բուլղարիայում, և՛ Եվրոպային այլընտրանքային գազ հասցնելու ծրագրերում տվյալ երկրի ներգրավումն անշուշտ անհետևանք չեն մնա տարածաշրջանում վերսկսված ազդեցության լծակների վերաբաժանման գործընթացում:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    22°  13° 
    11.05.2024
    24°  14° 
    12.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: