ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տեառնընդառաջ. տոնակատարությունները սկսվում են այսօր երեկոյան

      Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։ Տեառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։
      Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր։ Տեառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան: Եկեղեցական օրացույցով նոր օրը 
սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո: Տվյալ դեպքում փետրվարի 14-ը սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից։ Երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է արտերի և այգիների օրհնություն, որը խորհրդանշում է ձմռան ավարտի մոտենալը և գարնանամուտը։ Ժամերգության ավարտին հավատացյալները եկեղեցում վառվող մոմերից վառում են իրենց մոմերը` Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշը տանելով իրենց հետ տուն։
      Ժողովրդական սովորույթի համաձայն` օրհնված մոմի կրակով վառում են նաև Տեառնընդառաջի խարույկը։ Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու` խարույկի կրակը բորբոքելիս` հայցում ենք աստծվածային սիրո հուրը։ "Ինչպես Տիրոջը տաճարին ընծայելու ժամանակ ժողովուրդը ջահերով և կանթեղներով ելավ Նրան ընդառաջ, մենք էլ նույն օրինակով կրակ ու ջահ ենք վառում և Տիրոջ գալստյան նախատոնակը կատարում։
     Հեթանոսներն Աստծո պատիվը կրակին էին մատուցում, իսկ մենք կրակը, որպես Քրիստոսի ծառա, բերում ենք Նրան ծառայեցնելու"։
      Տեառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ Քրիստոսը՝ Աստծո Միածին Որդին, երկնքից խոնարհվեց և մեր փրկության համար աշխարհ եկավ։ Սա աստվածային սիրո գերագույն դրսևորումն է Արարչից հեռացած արարածի հանդեպ։ Մարդացած Աստվածորդին ամեն պահ դիմում է մեզ. "Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ" (Մատթ. ԺԱ 28)։ Հաջորդ քայլը մերն է։ Յուրաքանչյուրս պետք է անսանք Տիրոջ ձայնին, քանզի ով Նրա հետևից է գնում, "խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կյանքի լույսը" (Հովհ. Ը 12)։
      Հովսեփն ու Մարիամը Բեթղեհեմում 40 օր մնալուց հետո վերցնում են մանուկ Հիսուսին և գնում Երուսաղեմ՝ Նրան "Տիրոջը ներկայացնելու" (Ղուկ. Ա 22)։ Սրբազան ավանդության համաձայն՝ երբ տեղ են հասնում, Աստծո հրամանով փակված տաճարի արևելյան դուռը բացվում է։
      Փետրվարի 14-ին` Տեառնընդառաջ ի տոնական Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ` զորացնելու նրանց սիրո և հավատարմության դաշինքը։ Սովորության համաձայն` Տեառնընդառաջ ի տոնին նվերներով այցելում են նորապսակներին։
"Արմեդիա" ՏՎԳ
13.02.2014

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    22°   
    20.05.2024
    21°  13° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: