ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գալուստ Սահակյանի ելույթը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում

Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր, ապրիլի 2-ին, ելույթ է ունեցել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում:

«Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Ներկայացուցիչների պալատի նախագահ պարոն Յանակիս Օմիրուին Կիպրոսի Հանրապետություն այցելելու հրավերի, ինչպես նաև Հայաստանի համար եղբայրական ժողովրդի և ավանդական բարեկամ պետության խորհրդարանում ելույթով հանդես գալու պատվին արժանանալու համար:

Ես ժամանել եմ մի երկիր, որը դարեր շարունակ Հայաստանի նկատմամբ իր եղբայրական վերաբերմունքն է ցուցաբերել: Այս հանգամանքը մեծապես պայմանավորված է պատմական ընդհանրություններով, մեր գրեթե նույն ճակատագրերով:

Հայաստանի և Կիպրոսի բարեկամությունը խարսխված է ոչ միայն հարուստ պատմական, մշակութային կապերի, այլև մեր ժողովուրդների միջև հաստատված փոխըմբռնման ու փոխվստահության, ընդհանուր արժեհամակարգի, փոխադարձ հարգանքի ու համակրանքի վրա: Արդյունքում՝ հայ-կիպրական ամուր բարեկամությունն է:

Կիպրոսի հայությունը սփյուռքի ամենահին և ավանդական համայնքներից է, որը, ըստ տարբեր աղբյուրների՝ սկսել է ձևավորվել դեռևս 12-րդ դարում: Սովորական բառերը թերևս ի զորու չեն նկարագրել, թե ինչ փորձությունների միջով է անցել հայ ժողովուրդն Օսմանյան կայսրության տիրապետության օրոք: Կիպրոսի ժողովուրդը դա շատ լավ գիտի. մեզ վիճակված է եղել կիսել պատմության այդ դառը և դաժան էջը: Միջերկրական ծովի ափին գտնվող մի երկրում հայերի նկատմամբ պետականորեն ցեղասպանություն ու բռնի տեղահանություն էր իրականացվում, իսկ նույն ծովի մյուս ափին մեկ այլ երկիր գրկաբաց ապաստան տվեց այդ ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականներին: Այսօր այդ գաղթականների սերունդները հնարավորություն ունեն ապրելու և արարելու ազատ՝ առանց իրենց ազգային ինքնությունն ու ծագումը թաքցնելու։ Իմ հայրենակիցները՝ որպես Կիպրոսի Հանրապետության քաղաքացիներ, լիովին ինտեգրված են այս երկրի հասարակությանը, ակտիվ մասնակցություն, ինչպես նաև կառուցողական դերակատարում և ներդրում ունեն իրենց երկրորդ հայրենիքի՝ Կիպրոսի, հասարակական և քաղաքական կյանքում:

Եվ այստեղ, խոնարհվում եմ կիպրացի ժողովրդի առջև ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականներին ապաստան, նոր կյանքի հնարավորություն և նոր հայրենիք տրամադրելու համար:

Այսօր ես պատիվ ունեմ ելույթով հանդես գալու մի խորհրդարանում, որն աշխարհում առաջիններից, իսկ Եվրոպայում առաջինը, դեռևս 1975 թվականին, ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը՝ պահանջելով պատմական արդարության վերականգնում: Մենք բարեկամներ ենք ոչ միայն այսօրվա փոխհարաբերություններով, այլև ճակատագրով: Ցավոք, այդ նմանությունը նաև տխուր հիշողությունների ու պատմական անարդարության հետ է կապված:

Ձերդ գերազանցություն պարոն Օմիրու,

Հարգելի պատգամավորներ,

Ինչպես գիտեք, 2015 թվականին լրանում է Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված Ցեղասպանության 100-ամյակը: Մեր խորին երախտագիտությունն եմ հայտնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի ընդունման համար: Սիրելի բարեկամներ, Ձեր կողմից այդ բանաձևի ընդունումը ամրագրում է հստակ «Ոչ»-ը համամարդկային ամոթի խարան դարձած այլատյացության, ռասիզմի և խտրականության հանդեպ: Ցեղասպանությունը ոչ միայն մարդկության դեմ ոճիր է, այլև ֆաշիզմի և անհանդուրժողականության ցայտուն դրսևորում, կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարում: Հիրավի, այդ արհավիրքը վերապրած ժողովուրդները յուրահատուկ առաքելություն ունեն նման ողբերգությունների կրկնությունը բացառելու գործում: Նման սարսափելի հանցագործության կրկնության կանխարգելման կարևորագույն գործոններից մեկը մարդկության դեմ արդեն կատարված հանցագործությունների ճանաչումն ու դատապարտումն է: Փոխվստահության և համերաշխության նույն ոգին, որ դարեր շարունակ միավորել է հայ և հելլեն ժողովուրդներին պետք է համախմբի մեզ բաժին հասած ընդհանուր ողբերգության՝ ցեղասպանության ճանաչման, դատապարտման, պատմական արդարության վերականգնման, ինչպես նաև նման ոճրագործությունների հետագա կանխարգելման գործում: Այս համոզմունքով սույն թվականի մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովը միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն: Ցեղասպանության ժխտումը նույն հանցագործության ուղղակի շարունակությունն է: Մենք երախտապարտ ենք Կիպրոսի Հանրապետության Նախագահ Նորին գերազանցություն Նիկոս Անաստասիադեսին 2015 թվականին նախատեսվող Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին մասնակցելու վճռականության համար։ Մեծարգո Նախագահ Անաստասիադեսի գլխավորած պատվիրակության ներկայությունը կլինի Կիպրոսի՝ համամարդկային արժեքներին անմնացորդ նվիրվածության, ինչպես նաև Կիպրոսում ամուր արմատներ ձգած հայ համայնքի նկատմամբ մեծագույն հարգանքի ամենախոսուն վկայությունը:

Սիրելի բարեկամներ,

Ճակատագիրը մշտապես փորձությունների է ենթարկել մեր երկու ժողովուրդներին՝ նրանց անընդհատ պարտադրելով ապացուցել ապրելու կամքն ու կարողությունը: Մեզ ճակատագրի բերումով բաժին հասած փորձությունների պատճառը նույն երկիրն է, որ 20-րդ դարասկզբին հայության ու մարդկության դեմ կատարած մեղսագործությունը շարունակել է 1974թ-ին՝ բռնությամբ զավթելով Կիպրոսի հողերը: Հայաստանը երբեք չի ընդունել և չի ընդունի եղբայրական Կիպրոսը մասնատելու որևէ փորձ: Մենք՝ ձեզ հետ միասին հիշում ենք Ֆամագուստան և Թուրքիայի կողմից բռնազավթած այլ տարածքների մասին:

Հայաստանը բարձր է գնահատում կիպրական հիմնախնդրի լուծմանն ուղղված Կիպրոսի Հանրապետության կառուցողական մոտեցումը: Ցավում ենք, որ Կիպրոսի Հանրապետության ղեկավարության խոհեմ քաղաքականությանն ի պատասխան՝ Թուրքիան որդեգրեց խիստ ապակառուցողական մոտեցում և իր սադրիչ քայլերով խաթարեց Կիպրոսի հիմնահարցի լուծմանն ուղղված վերջին փուլի ընթացքը: Մենք քաջատեղյակ ենք Թուրքիայի կառավարության այդ գործելաոճին և մեր մաշկի վրա զգալով նման հարևանի հետ հարաբերվելու դժվարություններն, առավել քան հասկանում ենք ձեզ: Ցավոք, Թուրքիան մինչ օրս շարունակում է սրել իրավիճակը Կիպրոսի հանդեպ իր ագրեսիվ գործողություններով և ռազմական ուժ կիրառելու սպառնալիքներով՝ ապակայունացնելով ողջ տարածաշրջանը: Մենք դատապարտում ենք թուրքական կողմի անօրինական, բարբարոսական, սադրիչ գործողություններն ու ոտնձգությունները Կիպրոսի Բացառիկ տնտեսական գոտում: Կիպրոսի հիմնահարցում Հայաստանը մշտապես աջակցել և աջակցելու է, սատարել և սատարելու է Կիպրոսին՝ հանուն եղբայրական երկրի վերամիավորման, հանուն պատմական արդարության վերականգնման, հանուն խաղաղ կարգավորման և խնդրի արդարացի լուծման:

Հարգելի գործընկերներ,

Հայ-կիպրական հարաբերություններն օրինակելի են իրենց փոխըմբռնման և փոխվստահության բարձր մակարդակով: Հայաստանի և Կիպրոսի համատեղ ջանքերի շնորհիվ, մեր երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի վրա են բարձրացվել: Հայ-կիպրական միջպետական հարաբերություններն ունեն հատուկ բովանդակություն և որակ՝ մեր երկրների միջև սերտ պատմական կապերի ու ամուր բարեկամության շնորհիվ: Այստեղ, հատկապես, ցանկանում եմ առանձնացնել կիպրահայ համայնքի նշանակալի ավանդն ու ներդրումը՝ միջպետական համագործակցության ամրապնդման գործում:

Հարգելի՛ գործընկերներ,

Մենք մեզ համարելով եվրոպական արժեքների կրող և եվրոպական ընտանիքի մաս, մեր արտաքին հարաբերութուններում մեր հարևանների հետ այդ գիտակցությամբ ենք առաջնորդվում: Խնդիրները փորձում ենք կարգավորել երկխոսությամբ և բանակցություններով: Թուրքիան պետք է գիտակցի և գնահատի նույն այդ արժեքների կարևորությունը։

Արդեն մոտ վեց տարի է անցել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում: Սակայն, հաշվի առնելով Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց արձանագրությունները Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ: Ցավոք, Անկարան իր ոչ կառուցողական կեցվածքով ձախողեց միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Հայաստանի և Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Թուրքիայի առջեւ դեռևս շարունակում են ծառացած մնալ Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու՝ ապօրինի շրջափակումը վերացնելու, և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մարտահրավերները:

Հարգելի պատգամավորներ,

Մենք ապրում ենք չափազանց բարդ ժամանակաշրջանում՝ լի մարտահրավերներով և փորձություններով: Թեև հանգամանքները տարբեր են եւ մշտափոխ, բայց յուրաքանչյուր պետության կենսունակության բանաձևը մեկն է՝ ապահովել իր բնակչության անվտանգությունը:

Այս առումով կցանկանայի անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձևաչափը՝ Մինսկի խմբի համանախագահությունն է, և Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, մշտապես կողմ է եղել և մնում համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցությունների շարունակմանը` ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: Այս ձևաչափը չունի այլընտրանք, և սա է մեր սկզբունքային դիրքորոշումը: Ցավոք, վերջին մեկ տարում Ադրբեջանը լրջորեն սրել է իրավիճակը` մշտապես խախտելով հրադադարի ռեժիմը և թիրախավորելով քաղաքացիական օբյեկտներ։ Բաքվի արկածախնդրությունները պատճառ են հանդիսացել աննախադեպ մեծ թվով կորուստների՝ հակամարտության բոլոր կողմերի համար:

Հարգելի գործընկերներ,

Մեզ համար առանձնակի նշանակություն ունի Կիպրոսի հետ համագործակցությունը միջազգային կառույցների հարթակներում, որտեղ մենք մշտապես զգում ենք կիպրացի մեր գործընկերների աջակցությունը: Այս առումով չեմ կարող չհիշատակել ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունների օրինակելի համագործակցությունը: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Եվրախորհրդարանի կիպրացի պատգամավորներին, որոնց գործունեությունը մեծապես նպաստում էր Հայաստան Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը:

Սիրելի բարեկամներ,

Այսօր մենք պարտավոր ենք բազմապատկել մեր ջանքերը և միասնական դիրքորոշումներով ու փոխաջակցությամբ՝ մեր երկու եղբայրական երկրների համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներին՝ Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հիմնահարցերին, արդարացի լուծում տալու և խաղաղությունն ապահովելու նպատակով:

Հարգելի՛ բարեկամներ,

Հայաստանի և Կիպրոսի միջև բարեկամական ակունքները վաղեմի են, հիմքերն էլ՝ ամուր։ Համոզված եմ, որ ընդհանուր ջանքերով և սերտ համագործակցությամբ, մենք կարող ենք ապահովել մեր եղբայրական երկու պետությունների կայուն և բարեկեցիկ ապագան: Վստահ եմ՝ մենք դեռ միասին հազարամյակների պատմություն ենք կերտելու:

Կեցցե՛ Կիպրոսը

Կեցցե՛ Հայաստանը

Կեցցե՛ հայ - կիպրական դարավոր բարեկամությունը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: