ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սուրբ Զատիկը ուրախության տոն է

ՀՈՎԱԿԻՄ ՎԱՐԴԱՊԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ
  
-Ներկայացրեք խնդրեմ Սուրբ Զատիկի խորհուրդը:
-Սուրբ Զատիկը Քրիստոնեական Եկեղեցու մեծագույն տոնն է: Այն խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հարությունը մեռելներից: Այն Քրիստոսի հարության տոնն է, Հայ Եկեղեցու շարականների` հոգևոր երգերի նկարագրությամբ` "բացեց երկնքի դռները և անուշահոտություն բուրեց աշխարհում` ցույց տալով ճանապարհը նորոգման, և կենդանություն պարգևեց մարդկային ցեղին" (Հարության շարականներ): Պողոս առաքյալը Կորնթացիներին ուղղված իր առաջին թղթում գրում է. "և եթէ Քրիստոս յարութիւն չի առել, ի զուր է մեր քարոզութիւնը, ի զուր է և ձեր հաւատը: և Աստծու սուտ վկաները եղած կը լինենք" (Կորնթ. 15: 14-15):

-Դա ուրախությա՞ն, թե՞ տխրության ծիսակատարություն է:
-Սուրբ զատիկը ուրախության տոն է: Սուրբ Զատիկը հոգևոր գրականության մեջ կոչվում է "Հրաշափառ հարության տոն", "Լուսավոր Զատկի տոն", և այդ օրը, ինչպես մեզ հայտնի մնացյալ տոներին, քրիստոնյաները շնորհավորում են միմյանց` ասելով` Քրիստոս հարյավ ի մեռելոց, և պատասխանում` օրհնյալ է հարությունը Քրիստոսի: Քրիստոսի հարությունը Եկեղեցին տոնախմբում է շուրջ 40 օր, մինչև Նրա Համաբարձումը` 40 օր շարունակ շնորհավորելով միմյանց, քանի որ մինչ համբարձվելը մեր տերը 40 օր այս երկրի վրա իր աշակերտների հետ էր:
Այն ուրախության տոն է նաև, որովհետև այդ օրը Քրիստոս հաղթեց մարդկությանը անհաղթահարելի թվացող ամենամեծ իրողությանը` մահին, նույնը մեզ խոստանալով:
Երբ Քրիստոսին մատնեցին, չարչարեցին, խաչեցին և թաղեցին, առաքյալները հուսալքված էին: Մատնության օրերին նույնիսկ աշակերտներից Պետրոսը երեք անգամ ուրացավ նրան: Մի տեսակ հակասություն էր ստեղծվում. մի կողմից նրանք տեսել էին մի վարդապետի, որ իշախնություն ուներ երկրի տարերքների վրա, սաստում էր հողմերը, քայլում ջրերի վրայով, խոսքի միջոցով բժշկում անբուժելի թվացող հիվանդներին` կույրերին, կաղերին, այլ անդամալույծների, համարձակ կերպով և առանց վարանելու քննադատում էր օրվա հոռի բարքերն ու սովորույթները, հանկարծ մի խումբ մարդկանց կողմից ձերբակալվեց և դատապարտվեց: Քրիստոսի Սուրբ հարությունը վերացրեց իր աշակերտների մոտ առաջացած հուսալքությունը: Առաքյալների մտքում, հոգում և սրտերում վերացան կասկածները: Քրիստոսի վարդապետությունը` որպես մի ամբողջություն, բացահայտվեց նրանց առջև հիմնովին, և դրա տարածելն աշխարհով մեկ դարձավ նրանց կյանքի իմաստը: Նրանք ոչ միայն Տեր և Փրկիչ հռչակեցին Քրիստոսին Թովմաս առաքյալի շուրթերով, այլև համակվեցին նույն հարությանն արժանանալու ցանկությամբ և կրքով: Խոսելով հարության մասին` Պողոս առաքյալը գրում է. "Ո՞ւր է, մա'հ, քո յաղթութիւնը, ո՞ւր է, գերեզման, քո խայթոցը (Կորնթ. 15:55):
Այս ամենին ռացիոնալ միտքը դժվարությամբ է հավատում, սակայն Քրիստոսի հարությունն ապրում է յուրաքանչյուր հավատացյալի սրտում իր խղճի հետ միասին: Առաքյալներն այս վարդապետությունը բարի լուր` Ավետարան կոչեցին, որպեսզի նրանք, որ ցանկանում են արժանի լինել նույն այս խորհրդին, կատարեն այն ամենը, ինչ Քրիստոս է պատվիրել, որոնցից մեծագույնը սերն է իր նմանի հանդեպ:

-Ինչպե՞ս պետք է հայ քրիստոնյան պատրաստվի սրբ. Զատկին և անցկացնի այն:
-Ամենից առաջ յուրաքանչյուր Քրիստոնյա պետք է հաճախի Եկեղեցի և մասնակցի Զատկական ճրագալույցի պատարագին, որ տեղի է ունենում շաբաթ երեկոյան և հաջորդ օրը կիրակի առավոտյան: Պատարագի գալուց առաջ պետք է ծոմ պահի, այսինքն չուտի ոչինչ: Բնականաբար, մեծ պահքի ընթացքում պահք պահելն ու այս ընթացքում ժուժկալությամբ ապրելը յուրաքանչյուր քրիստոնյայի սրբազան պարտքն է և ենթադրվում է, որ նրանք Պատարագի են եկել պահեցողությունից հետո: Պատարագից առաջ պետք է խոստովանի իր մեղքերը: Հետևի արարողությանը և ճաշակի Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը, որ տրվում է` բաղարջի` անթթխմոր հացի և գինու տեսքով: Սա կոչվում է հաղորդություն: Մենք հաղորդվում ենք մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի հետ և այդ կատարում ենք ի հիշատակ նրա, մեր մեղքերի թողության, բժշկության և մեր փրկության համար:
Պատարագին պետք է գան վայելուչ տեսքով: Գեղեցիկ և մաքուր զգեստներ հագած: Հարկ է ավելացնել, որ յուրաքանչյուր կիրակի, երբ պատարագ է մատուցվում, դա Հարության խորհուրդն ունի, և այն կարող ենք կոչել փոքր զատիկ: Եվ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հաճախի պատարագի ամեն կիրակի` գիտակցելով, որ այն իր իսկ փրկության համար է:

-Ասացեք խնդրեմ, ի՞նչ ուտեստներ և խմիչքներ են մատուցվում սրբ. Զատկի տոնակատարությանը, և ի՞նչ է խորհրդանշում դրանցից յուրաքանչյուրը:
-Զատկի գիշերը, Ճրագալույցի պատարագից հետո, ընտանեկան սեղաններ են սփռում: Այդ օրը լուցում են պահքը: Այսինքն կենդանական կերակուրներ են ուտում: Այլ ուտեստեղենների հետ զատկական սեղանը զարդարվում է ձկով, հավկիթով և գինով:
Ձուկը հունարենում կոչվում է իխտյուս օգտագործում էին վաղ քրիստոնյաները, որ նշանակում է Հիսուս Քրիստոս Աստծո Որդին Փրկիչն աշխարհի: Ձուն մեր աշխարհն է, գինին` Քրիստոսի արյունը: Ավանդության համաձայն ներկած հավկիթը խորհրդանշում է աշխարհը` մաքրագործված Քրիստոսի արյամբ: Ցորենի հասկը իր մեջ ունի նոր կյանքի և հարության խորհուրդը: Քրիստոս ասում է. "ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ ցորենի հատիկը հողի մէջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կը մնայ, իսկ եթէ մեռնի, բազում արդիւնք կը տայ" (Հով. 12: 24):

-Այն ընտանիքներում, որոնք վերջին Զատիկից մինչև նշվող Զատիկը ընկած ժամանակահատվածում ունեն հարազատի կորուստ, ինչպե՞ս պետք է նշեն Զատիկը: Որո՞նք են Զատիկը նշելու առանձնահատկություններն այդ ընտանիքներում (կարելի՞ է արդյոք Զատիկին գնալ գերեզմանոց և այլն):
-Սուրբ Զատկի տոնը ողջերի համար է: Նրանք ովքեր ունեն ննջեցյալներ, առավել պետք է գոտեպնդվեն Զատկի տոնից` հիշելով, որ Քրիստոսի հարությունը նախաօրինակն է մեր հարության, և մեր հարազատները ողջ են: Կան ժողովրդական տարբեր սովորույթներ, սակայն Հարության տոնը բոլորը պետք է նշեն միևնույն ուրախությամբ, անկախ այն հանգամանքից, թե ննջեցյալ ունեն: Երբ աշակերտներից մեկը Քրիստոսին ասաց. "Տէ'ր, ինձ թո'յլ տուր, որ գնամ նախ իմ հօրը թաղեմ": Յիսուս նրան ասաց. "Դու իմ յետևի'ց արի և թո'յլ տուր, որ մեռեալնե'րը թաղեն իրենց մեռելներին" (Մտթ. 8:21-22): Սա կարող է մի փոքր խիստ հնչել, սակայն, երբ Հարությալ Քրիստոս մեզ հետ է, ապա մենք չունենք այլ ընտրություն քան նրա հետ լինելն ու նրա հարությունը տոնախմբելը:
Յուրաքանչյուր զատկից հետո և յուրաքանչյուր տաղավար մեծ տոնից հետո մեռելոց է: Այդ օրը պատարագ ենք մատուցում մեր ննջեցյալների համար: Բոլոր Եկեղեցիներում, պատարագի վերջում կատարվում է հատուկ հոգեհանգստյան արարողություն ննջեցյալների համար: Սխալ սովորույթներ են տարածվել, երբ այցելում են ննջեցյալներ ունեցողներին` մխիթարելու, կամ էլ ննջեցյալի հարազատներն այցելում են գերեզմանատուն Զատկի օրը կամ Սուրբ Խաչի տոնին: Ճիշտն այն է, որ սա անեն երկուշաբթի օրը` մեռելոցին:
Այս սովորույթը տարածվեց, երբ Խորհրդային Միության տարիներին չէին հարգվում Եկեղեցական տոները: Երկուշաբթի աշխատանքային օր էր, և ժողովուրդն ի վիճակի չէր` ըստ կարգի և օրենքի հարգելու իր ննջեցյալներին: Սակայն այսօր պաշտոնապես մեռելոցները ոչ աշխատանքային օրեր են, և մենք լիովին հնարավորություն ունենք` այցելելու Եկեղեցիներ, հոգեհանգիստ մատուցելու մեր ննջեցյալների համար, և ապա այցելելու գերեզմաններ` խունկ ծխելու ննջեցյալների շիրիմներին: Կարող ենք նաև հրավիրել հոգևորականների, որ իրենց հետ այցելի գերեզմանատուն և այնտեղ աղոթք մատուցի իրենց ննջեցյալների համար:
Սուրբ Զատիկը մեր մեծագույն քրիստոնեական տոնն է: Այս օրերին պետք է միմյանց ավետենք Սուրբ հարությունը, հոգևորականներին հրավիրենք, որպեսզի օրհնեն մեր բնակարանները: Այս օրը պետք է մոռանանք մեր հոգսերն ու տրտմությունները և հավատանք, որ հարությալ փրկիչը մեզ այսօր օժտեց մի բալասանով, որ ամոքում է բոլոր վերքերն ու թախիծները:
Աղոթում ենք նաև, որ Ամենակալ Տերն իր Միածնի հարության շնորհիվ նոր ուժ, եռանդ և կորով պարգևի ամենքիս, իր բարի հայացքի ներքո պահի և պահպանի մեր ժողովրդին: Աղոթում ենք նաև, որ կենդանարար Աստված Իր Որդու լուսավոր հարության խորհրդով նորոգի աշխարհը համայն` հաշտության, խաղաղության և համերաշխության մեջ:
Քրիստոս յարեաւ ի մեռելոց «Արմեդիա» ՏՎԳ
*Հարցազրույցն արվել է 2009թ-ի պրիլին


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    22°   
    20.05.2024
    21°  13° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: