ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նարեկ Մինասյան. Իրանի նկատմամբ կիրառվող սանկցիաների վերացումը հնարավորություն կստեղծի զարգացնել տարածաշրջանի Հյուսիս-հարավ առանցքը

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում արձանագրված վերջին առաջընթացն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության վրա:

Իրանի և «վեցյակի» միջև ձեռք բերված փոխհամաձայնությունը բավական խոստումնալից է, սակայն կցանկանայի ընդգծել, որ այն դեռևս պայմանավորվածություն է և ոչ ստորագրված պայմանագիր: Հիմնախնդրի կարգավորման իրատեսության վերաբերյալ խոսելիս պետք է հաշվի առնել, որ տարածաշրջանային մի շարք պետություններ, ինչպիսիք են Իսրայելը, Ծոցի երկրները, Թուրքիան և անգամ՝ Ադրբեջանը, տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով որոշակիորեն դժգոհ են տվյալ գործընթացից:

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա Իրանի նկատմամբ արդեն շուրջ 9 տարի կիրառվող տարբեր սանկցիաների աստիճանաբար վերացումը հզոր խթան կհանդիսանա այս պետության զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում նրա՝ որոշակիորեն խաթարված դիրքերի վերականգնման համար: Անկասկած, դա կդրսևորվի Թուրքիա-Իրան պատմական մրցակցության համատեքստում ևս, և Իրանի զարգացմանը զուգահեռ մենք ականատես կլինենք Թուրքիայի նկատմամբ դաշնակիցների գործելաոճի կոշտացման: Բացի այդ, Իրանի դիրքերի ամրապնդումը նոր զարգացումների կարող է հանգեցնել նաև սիրիական հակամարտությունում՝ հօգուտ նախագահ Ասադի, որի դեմ պայքարող ապստամբներին ամեն կերպ աջակցում և մարզում է Թուրքիան:

Թուրքիայի «փոքր եղբայր» Ադրբեջանի համար ևս Իրանի միջուկային հիմնախնդրի կարգավորումը ոչ այդքան ցանկալի է: Իրանի նավթագազային ռեսուրսների վաճառքի հետ կապված միջազգային սանկցիաներից օգտվելով` Ադրբեջանը վերջին տարիներին բավական ակտիվ աշխատանք է տարել Եվրոպայի համար ռուսական էներգետիկ աղբյուրների այլընտրանք դառնալու ուղղությամբ: Արդեն իսկ իրականացման փուլում է այնպիսի կարևոր նախագիծ, ինչպիսին TANAP-ն է: Վստահաբար, ադրբեջանական ղեկավարությունն այսօր  լուրջ մտահոգություններ ունի, քանի որ Իրանի՝ Եվրոպայի համար էներգետիկ այլընտրանք դառնալու պարագայում կնվազի Ադրբեջանի էնեգետիկ կարևորությունը, ինչն էլ, բնականաբար, կհանգեցնի Արևմուտքի առավել կոշտ արձագանքների Ադրբեջանում մարդու իրավունքների լրջագույն խախտումների և այլ խնդիրների հետ կապված:

 

Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային սանկցիաների վերացման պարագայում ի՞նչ հնարավորություններ են ստեղծվում Հայաստանի համար:

Հայատանի համար Իրանի միջուկային հիմնախնդրի կարգավորումը և սանկցիաների վերացումը բավական կարևոր նշանակություն ունեն: Բացի տնտեսական համագործակցության պոտենցիալի զարգացումից, նոր իրավիճակը հնարավորություն կստեղծի զարգացնել տարածաշրջանի Հյուսիս-հարավ առանցքը, այսինքն՝ նախագծել և իրականացնել առավել երկարաժամկետ և տարածաշրջանային կարևորություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրեր: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցմանը, ինչպես նաև էներգետիկ նոր նախագծերի կյանքի կոչմանը:

Բացի այդ, տարածաշրջանում Իրանի դերի ամրապնդումը ևս բխում է Հայաստանի շահերից՝ հաշվի առնելով տարբեր հարցերի շուրջ երկու կողմերի միջև առկա բարձր մակարդակի փոխըմբռնումը և առկա երկխոսությունը:

Չպետք է բացառել նաև, որ նոր իրավիճակում  անհրաժեշտություն կառաջանա նոր մակարդակի բարձրացնել ԵԱՏՄ-Իրան հարաբերությունները, ինչը ևս նպաստավոր կլինի Հայաստանի համար՝ ստեղծելով նոր մատչելի հաղորդակցության ուղիներ տնտեսական միության մյուս անդամների հետ:

Նշմարվող հնարավորությունները հաշվի առնելով՝ հայկական կողմն արդեն այսօր պետք է քայլեր ձեռնարկի իրավիճակի փոփոխմանը զուգահեռ ստեղծվող հնարավորություններից հնարավորինս օգտվելու, հայ-իրանական հարաբերություններն առավել ամրապնդելու ուղղությամբ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: