ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության հետ կապված Վրաստանի պահվածքը որքան հասկանալի, այնքան էլ անընդունելի է

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է հարցազրույց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանի հետ:

- Ապրիլի 20-ին հաստատվեց վրացական պատվիրակությունների կազմը, որոնք ապրիլի 24-ին ներկա կգտնվեն Երևանում և Գալիպոլիում: Ինչպե՞ս կգնահատեիք վրացական կողմի ներկայացվածությունը:

- Նախ կցանկանայի ընդգծել, որ չնայած նախնական խոսակցություններին, թե պատվիրակությունները կգլխավորեն նախագահը և վարչապետը, այնուամենայնիվ, այժմ ունենք բոլորովին այլ պատկեր՝ Երևան է ժամանելու Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը, իսկ Գալիպոլի՝ Պաշտպանության նախարարը: Երկու միջոցառումներին էլ վրացական կողմի ներկայացվածությունը կլինի ոչ բարձր մակարդակի:

Նման որոշումը թերևս ռացիոնալ և գիտակցված ընտրություն է՝ հիմնված սառը հաշվարկի վրա՝ հաշվի առնելով երկու կողմերի հետ ունեցած հարաբերությունների բնույթը: Կարծում եմ, ակնհայտ է, որ ցանկացած այլ մակարդակի ներկայացվածություն հարցեր էր առաջացնելու ինչպես թուրքական, այնպես էլ հայկական կողմերի մոտ: Վրացական կողմը փաստացիորեն կանգնած է եղել բարդ ընտրության առջև՝ մի կողմից թիվ մեկ տնտեսական գործընկեր Թուրքիան, մյուս կողմից՝  հարևան Հայաստանը:

 

- Վրաստանը դեռևս չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, իսկ ապրիլի 15-ին հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանի կոչը՝ ճանաչել և դատապարտել Հայոց Ցեղասպանանությունը, մերժվեց խորհրդարանի կողմից: Ինչո՞վ է պայմանավորված Վրաստանի նման պահվածքն այս հարցում:

- Ինչպես շատ երկրների դեպքում, այստեղ ևս խնդիրը շահերի մեջ է: Վստահաբար կարող եմ նշել, որ այսօր վրացական հասարակության մեծամասնությունը տեղյակ է Հայոց Ցեղասպանանությունից և ճանաչում է այդ փաստը: Չմոռանանք նաև, որ մեր շատ հայրենակիցներ, Ցեղասպանությունից փրկվելով, ապաստան են գտել այդ թվում նաև ներկայիս Վրաստանի տարածքում:

Ինչ վերաբերվում է Վրաստանի քաղաքական վերնախավին, ապա այն ևս բավական լավատեղյակ է Հայոց Ցեղասպանությունից, սակայն երբ որոշում կայացնելու ժամանակն է գալիս, բարոյական հատկանիշներն իրենց տեղը զիջում են տնտեսական շահերին: Այսօր Վրաստանը հայտնվել է ադրբեջանական և թուրքական աքցանի մեջ ու շատ հարցերում ուղղակի ստիպված է հաշվի նստել այդ երկրների շահերի հետ: Այս մասին են վկայում նաև վրացական ղեկավարության կողմից արվող հայտարարությունները: Օրինակ՝ նույն ապրիլի 15-ին Սամվել Պետրոսյանի կոչի հետ կապված՝ Վրաստանի խորհրդարանի ղեկավար Դավիթ Ուսուպաշվիլին նշել է, որ նման քննարկումը կարող է վնասել թուրք-վրացական ռազմավարական հարաբերություններին, իսկ ադրբեջանիցի պատգամավորներն իրենց հերթին զգուշացրել են, որ դա իր ազդեցությունը կունենա նաև վրաց-ադրբեջանական հարաբերությունների վրա:

Վրացական ղեկավարության նման մոտեցումը, որքան հասկանալի է, այնքան էլ անընդունելի: Լինելով մի երկիր, որը հայ ժողովրդի հետ հավասարաչափ տառապել է օտար նվաճողներից և նրա հետ միասին պայքարել է ընդհանուր թշնամիների դեմ, Վրաստանն այսօր, ցավոք, առաջնորդվում է միայն տնտեսական ակնկալիքներով: Վրացական ղեկավարությունը, որը ցանկացած քայլից առաջ մտածում է թուրք և ադրբեջանցի գործընկերների շահերի մասին, մոռանում է, որ Թուրքիայից և Ադրբեջանից ունեցած իր կախվածությունը միակողմանի չէ, քանզի Վրաստանի թեկուզ տրանզիտային հնարավորությունները կենսական նշանակություն ունեն եթե ոչ երկու երկրների համար հավասարաչափ, ապա առնվազն Ադրբեջանի համար:  

Բացի այդ, վրացակայն կողմի համար առնվազն պատվաբեր չէր նաև այն, որ Վրաստանի խորհրդարանը, որն «առաջնորդվելով բարոյական սկզբունքներով» ճանաչել է չերքեզների ցեղասպանությունը, մերժեց անգամ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու առաջարկը:

Չնայած այս հարցի հետ կապված Վրաստանի քաղաքական ղեկավարության նման կարծրացած մտածողությանն՝ այնուամենայնիվ, վստահ եմ, որ վաղ թե ուշ Վրաստանը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը, քանզի դրա համար առկա է ամենակարևոր նախադրյալը՝ տվյալ փաստի հանրային գիտակցումը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    19 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: