Դամասկոսում ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան է տեղադրվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է դամասկոսահայ Նազարեթ Էլմաջյանն՝ ավելացնելով, որ հուշարձանը գտնվում է Բաբ Շարկի քրիստոնեական թաղամասում:
Արարողությանը ներկա են գտնվել Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանը, Սիրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը, Դամասկոսի քաղաքապետը, նաև սիրիական կառավարության երկու նախարար:
Ավելի վաղ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջը տեղեկացրել էր, որ «Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների» հրապարակի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հուշարձանի բացման նախապատրաստական բոլոր աշխատանքներն արդեն ավարտվել են: