ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մայիսի 9-ից առաջ մայիսի 8-ն էր. Շուշիի ազատագրում

24 տարի առաջ՝ մայիսի 8-ին, Ղարաբաղում գրոհով վերցրեցին Շուշին: Ոմանք այդ օպերացիան անվանում են «Շուշիի ազատագրում», մյուսները՝ «գրավում»: Սակայն Ստեփանակերտի և այլ բնակավայրերի բնակիչների համար, ովքեր նկուղներում էին ապրում Շուշիից ընթացող մշտական ռմբակոծությունների պատճառով, կարևոր չէ, թե ինչն այսօր ինչպես են անվանում: Կարևոր է, որ մարդիկ շատ ամիսների ընթացքում առաջին անգամ կարողացան դուրս գալ թաքստոցից և օդ շնչել և առաջին անգամ ամիսների ընթացքում արև տեսան: Վառ, ինչպես ինքը՝ Շուշիի գրավումը:

Մայիսի 8-ը ղարաբաղյան պատերազմի պատմության մեջ երևի կհիշվի որպես բեկումնային օր. հենց այդ օրն է սկսվել «Հարսանիք լեռներում» օպերացիան, որը բեկեց ոչ միայն ղարաբաղյան պատերազմի ընթացքը, այլև հայերի հոգեբանությունը, ովքեր գիտակցեցին, որ հաղթել հնարավոր է թշնամու ցանկացած առավելության դեպքում:

Շուշին վերցնելու օրը սովորաբար նշում են մայիսի 9-ին, բայց այդ ամսաթիվն ավելի շուտ խորհրդանշական է: Իրականում Շուշին վերահսկողության տակ վերցնելու ծրագրերն ավելի շուտ են մշակվել, և ինչպես իր հարցազրույցում պատմում է «Հարսանիք լեռներում» օպերացիայի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադևոսյանը (լեգենդար «Կոմանդոսը»), «գրոհը նշանակված էր մայիսի 5-ին, սակայն անսպասելի տեղացած ուժեղ ձյունը հետաձգեց այն մինչև մայիսի 8-ը: Այդպես էր, համենայն դեպս, հայտարարվել, սակայն պատճառը նաև զենքի պակասն էր: Ապրիլի 24-ին, 28-ին, 29-ին, մայիսի 4-ին գրոհի մի քանի իմիտացիաներ էին եղել: Քննարկվում էին օպերացիայի մի քանի հնարավոր ամսաթվեր, մենք արեցինք ամեն բան, որ շփոթություն առաջացնենք թշնամու մոտ, կեղծ մանևրներ էինք անում, որ շեղենք ուշադրությունը և թույլ չտանք որոշել հարվածի հիմնական ուղղությունը: Թույլ հարվածներ էին հասցվում բոլոր ուղղություններով: Իսկ ապրիլի 27-ից հետո, հավատալով ժամկետների մասին կեղծ տեղեկատվությանը, հակառակորդն ինքը դիմեց հարձակման՝ մեզ բարդ իրավիճակի մեջ դնելով ապրիլի 29-ին և 30-ին: Իսկ երբ սկսվեց իսկական գրոհը, թշնամին անսպասելիությունից և հարվածի ուժգնությունից խուճապի մատնվեց և անգործունակ էր արդեն: Նրա դեմ պայքարում էին մարդիկ, որոնք պատրաստ էին ինքնազոհության: Շուշին անառիկ է, երբ այն պաշտպանում են տերերը, ոչ թե նվաճողները: Ռազմական օրենքներով այն անառիկ է, սակայն 20 տարի առաջ գրոհի էին գնում մարդիկ, որոնք գիտակցաբար զոհաբերում էին իրենց: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ գրոհի ժամանակ գլխավոր դերը խաղացին կամավորները, որոնք արդեն ռազմական փորձ ունեին և գիտակցաբար զոհաբերում էին իրենց: Այդ խորամանկ մանևրի բոլոր դետալները պատմել հնարավոր չէ, դրա համար կսահմանափակվեմ հիշատակումով, որ մեզ օգնեցին հանկարծակիությունը, հարվածների 4 ուղղությունները՝ յուրաքանչյուրը 10-15 կմ, և հարձակման լայն ֆրոնտը (45 կմ-ից ավել): Հայկական կողմի գործողությունները խուճապի մատնեցին թշնամուն: Իմիտացիոն գրոհների արդյունքում թշնամին որոշեց, թե հայկական կողմը փորձում է գրավել Ջանհասան-Քյոսալարը: Ադրբեջանցիները գիտեին մեր հնարավորությունների մասին և ունեին Շուշիի պաշտպանության բավական գրագետ պլան: Կրկժանը վերցնելուց հետո, երբ մենք ամրացրինք մեր դիրքերը Քյոսալար-Ջանհասանի ուղղությամբ, Շուշիի ազատագրման բանալին արդեն մեր ձեռքերում էր: Մայիսի 8-ին սկսվեց «Հարսանիք լեռներում» անվանումը կրող օպերացիան, որն ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին…»:

Այսօր շատերին զավեշտալի կարող է թվալ մի ամբողջ քաղաք վերցնելու մասին նման հանգիստ զրույցը: Շատերին, բայց ոչ նրանց, ովքեր գիտեն, հիշում են ամեն ինչ, ինչ կատարվում էր Ղարաբաղում այդ սարսափելի օրերին: Եթե ոմանց համար Շուշին այսօր քաղաք է, ապա այն ժամանակ դա հայկական բնակավայրերը հրետանային ռմբակոծման ադրբեջանական ամենակարևոր հարթակներից էր: Ստեփանակերտի հազարավոր քաղաքացիներ չէին կարող բարձրանալ իրենց բնակարանները, քանի որ քաղաքը պարբերաբար հրետակոծվում էր Շուշիից գիշեր- ցերեկ: Գիշեր-ցերեկ: Եվ եթե այսօր շատերը նույնիսկ դա կարող են ընկալել որպես ընդամենը բառեր, ապա Աստված չտա՝ որևէ մեկը սեփական մաշկի վրա զգա՝ ինչ է նշանակում ապրել նկուղներում առանց լույսի, ջերմության, հացի, հագուստի, երբ դրանցից որևէ մեկը սպառվում է: Այդ պատճառով շատերի համար Շուշին վերցնելու օրը դարձավ ազատագրման օր, շատ երեխաներ կյանքում առաջին անգամ այդ օրը արևի լույս տեսան, շատերը հիշեցին, թե ինչպես է նշանակում քնել սեփական անկողնում: Եվ կարևոր չէ, որ Ստեփանակերտում ռմբակոծությունների հետևանքով պատուհաններին ապակիներ չէին մնացել, շատերի մոտ զգացում առաջացավ, որ կա կյանք առանց ռումբերի և նույնիսկ առանց պատերազմի…

Շատերը ցնծում էին, բայց ոչ բոլորը: Կոմանդոսի հիշողություններով. «Երբ նշում էին, օդ էին կրակում ռազմական փամփուշտներով, ինձ երեք օր շարունակ չէր լքում անհանգստությունը, որ կարող է հակահարձակում լինել, և մենք կկորցնենք հաղթանակը, որը ձեռք ենք բերել նման թանկ գնով: Ես զգում էի հաղթանակի համը, բայց անհանգստությունը շատ ուժեղ էր, այն խլացրել էր հաղթական շտուրմի զգացողություններս: Նաև ուժեղ էր կորուստի ցավը, մենք մեր հարազատներից շատերին կորցրինք…»:

Իհարկե, պատերազմը դրանցով չավարտվեց: Եվ դեռ շատ երիտասարդներ զոհվեցին դրանից հետո՝ այդպես էլ չհասնելով իրենց հարսանիքներին: Այդպես էլ չամուսնացավ Վազգեն Սարգսյանը, ում պատճառով էր, ի դեպ, Շուշիի օպերացիան կրում «Հարսանիք լեռներում» անվանումը: Երբ Շուշիի վերցման տարբեր ուղղությունների պատասխանատուներ Կոմանդոսը և Սամվել Բաբայանը դրանից մի քանի օր առաջ ներկայացրին քաղաքի գրավման ռազմական պլանը պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին, վերջինս ասաց, որ դա անհնար է և ի պատասխան խոստացավ, որ Շուշին վերցնելուց հետո անպայման կամուսնանա:

Պատերազմն ընթանում էր դեռ երկար ու ձիգ երկու տարիներ մինչև 1994թ. մայիսի 12-ը: Սակայն, Շուշին իսկապես բեկումնային պահ դարձավ Ղարաբաղյան պատերազմում: Եվ, իսկապես, Շուշիից հետո պատերազմի ավարտը տեսանելի դարձավ:

Ինչ-որ մեկն ասել է. «Նա, ով տիրապետում է Շուշիին, տիրապետում է ողջ Ղարաբաղին»: Այսօր Շուշի քաղաքում, որը հայերի մի քանի կոտորածների վկա է, գործում են հայկական եկեղեցիները: Հայ երեխաները հաճախում են դպրոց: Եվ այնտեղ՝ սարերում, իսկապես հարսանիքներ են տոնում:

Բայց պատերազմը չի ավարտվել: Շուշին դեռ պետք է կառուցապատել ու զարգացնել: Դատարկ բնակարաններն ու տները անհրաժեշտ է բնակեցնել: Քաղաքին նոր շունչ է պետք, որին այն արժանի է: Ոչ միայն տոներին պիտի Շուշի գնան պաշտոնյաներն ու աստղերը: Այն տոնը, որ մեզ նվիրեց Շուշիի գրավումը, պետք է մտնի այդ քաղաքի բնակիչների տները: Նրանք արժանի են դրան: Եվ դեռ կարժանանա, քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: