ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռիգայի գագաթաժողով. ի՞նչն է զայրացրել Ռուսաստանին

Մայիսի 21-ին Ռիգայում կմեկնարկի Արևելյան գործընկերության երկօրյա գագաթաժողովը, որտեղ ԵՄ-ն ու գործընկեր երկրները կհստակեցնեն առաջիկա տարիների համար ծրագրի նպատակներն ու երկկողմ համագործակցության ձևաչափերը: Մինչև գագաթաժողովի ավարտն ու եզրափակիչ հռչակագրի ընդունումը փաստաթղթի նախագիծն արդեն իսկ առաջացրել է որոշ երկրների դժգոհությունը և նույնիսկ ոմանց զայրույթը:

Նախագծից դժգոհ են և' Ռուսաստանը, և' Ուկրաինան: Մոսկվայի մտահոգության պատճառ էին դարձել լուրերն այն մասին, թե Ռիգայի գագաթաժողովի եզրափակիչ ակտում մասնակից երկրները պատրաստվում են դատապարտել «Ղրիմի բռնակցումը (անեքսիան)» ՌԴ կողմից: Այս տեղեկատվությանը վերջինս արձագանքեց  արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի միջոցով. օրերս Ալեքսանդր Լուկաշևիչը  հայտարարեց, թե իրենց գնահատմամբ Ռիգայի գագաթաժողովը վառ արտահայտված հակառուսական ուղղվածություն ունի: «Մենք իհարկե կհետևենք, թե ինչպես կընթանա Ռիգայի գագաթաժողովը, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ մեր արձագանքը կլինի կոշտ և սկզբունքային»,-նշել էր Լուկաշևիչը:

Այս հայտարարությանը հետևեց Բելառուսի փոխարտգործնախարար Ելենա Կուպչինայի` ԵՄ-ին ուղղված հորդորը հակառուսական հայտարարություններից և առճակատումից ձեռնպահ մնալու մասին: Հունգարական թերթերից մեկին տված հարցազրույցում փոխարտգործնախարարը նշել էր. «Կարևոր ենք համարում, որ հանդիպման ընթացքում առճակատման տանող հայտարարություններ չընդունվեն, որպեսզի մասնակիցները հակադրվող դիրքորոշում չզբաղեցնեն: Այն, որ Արևմուտքի և Արևելքի միջև անհրաժեշտ է ընտրություն կատարել, կեղծ գաղափար է: Երկու ուղղությունն էլ կարևոր են»։

Պաշտոնյայի խոսքով, անհրաժեշտ է օր առաջ կարգավորել ուկրաինական ճգնաժամը, « այլ ոչ թե նպաստել ճգնաժամի զարգացմանը»: 

«Եթե չգնանք դրան, եթե, օրինակ, գտնվեն քաղաքական գործիչներ, ովքեր կուզենան հիմնական թեման հակառուսականությունը դարձնել, կարող է հեշտությամբ այնպես ստացվել, որ դա լինի «Արևելյան գործընկերության» վերջին գագաթաժողովը»,-ընդգծել էր Ելենա Կուպչինան:  

Վերջինս ներկայացրել է նաև եվրոպական ուղու` Բելառուսի տեսլականը:

«Բրյուսելում մշտապես ընդգծում են, որ Մայդանով Ուկրաինան իրապես եվրոպական երկիր դարձավ: Թողնենք այն փաստը, որ, իմ համոզմամբ, Ուկրաինան միշտ էլ եղել է եվրոպական երկիր. հարցը պիտակավորումները չեն: Սակայն եթե անգամ վերը նշված տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա ակնհայտ է դառնում, որ եվրոպական երկիր դառնալու մեր ուղին մենք ցանկանում ենք կյանքի կոչել առանց արյան, հասարակական ցնցումների և տնտեսության անկման»,-նշել է փոխարտգործնախարարը:

ՌԴ և Բելառուսի դիվանագիտական գերատեսչությունների ներկայացուցիչների հայտարաություններից հետո արևմտյան մամուլում սկսեցին շրջանառվել դիտողություններ, թե Մոսկվան քննադատում է մի փաստաթուղթ, որը դեռևս ընդունված չէ: Սակայն պետք է նշել, որ մինչև այդ հենց արևմտյան մամուլն էր տարածել տեղեկատվություն, թե որոշ լրատվամիջոցների ներկայացվել է հռչակագրի նախագիծը:

Դեռևս հնարավոր չէ ասել` արդյոք եզրափակիչ փաստաթղթում տեղ կգտնի Ռուսաստանի զայրույթն առաջացնող որևէ ձևակերպում, թե` ոչ, սակայն ակնհայտ է, որ եզրափակիչ փաստաթուղթը չի գոհացնի նաև Ուկրաինային: Ամենայն հավանականության, փաստաթղթում չի ընդգրկվի Ուկրաինայի առաջարկած այն դրույթը, թե «ԵՄ-ն ճանաչում է Արևելյան գործընկերների` եվրոպական հեռանկարը»: «Այս դրույթն անդամ-երկրների մեծ մասի շրջանում տարաձայնությունների պատճառ է դարձել»,- EU Observer-ի փոխանցմամբ նշել է եվրոպացի դիվանագետներից մեկը:

Կա նաև տեղեկատվություն, թե փաստաթղթում նման ձևակերպմանը դեմ է հանդես գալիս Գերմանիան: «Բոլոր բանալիները Բեռլինում են: Այդ պատճառով էլ Լատվիայի արտգործնախարար Ռինկևիչուսը մինչև գագաթաժողովը կթռչի այնտեղ` ընդհանուր ձևակերպումներ գտնելու նպատակով»,-նշել է եվրոպացի դիվանագետը:

Ի դեպ նշենք նաև, որ հենց Գերմանիայի նախաձեռնությամբ առաջիկայում տեղի կունենա ԵՄ-Ուկրաինա-ՌԴ ներկայացուցիչների հանդիպումը` նվիրված Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի իրագործմանն առնչվող խնդիրների քննարկմանը:

Ինչ վերաբերում է եզրափակիչ փաստաթղթին, ապա նշենք, որ նախորդ գագաթաժողովներում, մասնավորապես` Վարշավայում 2011-ին ընդունված եզրափակիչ փաստաթղթերում ԵՄ-ն պարզապես ընդունում է «որոշ գործընկերների եվրոպական ընտրությունը», ընդգծում «ԱլԳ ուրույն դերակատարությունն աջակցելու նրանց, ովքեր ԵՄ հետ առավել սերտ հարաբերություններ են փնտրում»:  Վիլնյուսի գագաթաժողովի (2013թ․) հռչակագիրը մինչև 2015թ. ընկած ժամանակահատվածի համար ԱլԳ նպատակ է հռչակում ԵՄ և գործընկերների միջև հարաբերությունների ու համագործակցության հետագա խորացումը, տնտեսական ինտեգրումը, որտեղ հնարավոր է` Ասոցացման համաձայնագրերի (ներառյալ` ԽՀԱԱՀ-երը) կնքումն ու իրականացումը: Ինչպես հայտնի է, այս գագաթաժողովին հետևեցին Ուկրաինայի իրադարձությունները:

Ուստի, թերևս պատահական չէ, որ շատ փորձագետներ նշում են, թե Ռիգայում նախատեսվող ձևակերպումներն ԱլԳ գագաթաժողովների ընթացքում մինչև այժմ ընդունվածներից ամենամեղմն են լինելու: Թեև չի կարելի նաև բացառել այն ռիսկը, որ Կիևի ջանքերով Ռիգայում, այնուամենայնիվ, քննադատական որոշ ձևակերպումներ Մոսկվայի հասցեին հնչեն: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: