ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայերի ներգրավվածությունը Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում

Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ:  Մոտ 550 միլիոն բնակիչներ ընտրելու են խորհրդարանի 550 անդամների: Ընտրություններին մասնակցում են 31 կուսակցություններ, սակայն, ինչպես նշում են թուրքական ԶԼՄ-երը՝ հիմնական պայքարն ընթանալու է «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության, «Ժողովրդահանրապետական» գլխավոր ընդդիմադիր կուսակցության, «Ազգային շարժում» ծայրահեղական կուսակցության և քրդական «Ժողովրդադեմոկրատական կուսակցության» միջև:

Այս տարի առաջադրված պատգամավորների թեկնածուների ցուցակներում ուշագրավ է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը: Բոլոր վերը նշված կուսակցությունները, բացի  «Ազգային շարժում» ծայրահեղական կուսակցությունից առաջադրել են հայ թեկնածուների՝ այն էլ Ստամբուլի բոլոր ընտրատարածքներում:

Արդարություն և զարգացում կուսակցությունը, որը գլխավորում է վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, առաջադրել է «Ենի շաֆաք» օրաթերթի սյունակագիր, վերլուծաբան, գրող Մարգար Եսայանի թեկնածությունը:

«Ենի շաֆաքը» իշխանամետ թերթ է, և կարելի է ասել, որ Մարգար Եսայանը հավատարիմ է  թերթի ընտրած ուղղությանը: Նրա հոդվածներում առկա է կառավարության ձեռագիրը:

Սրա վառ ապացույցն է նրա՝ թվիթերյան էջում արած գրառումը: Ապրիլի 24-ին նա «Անադոլու» թուրքական պետական ​​լրատվական գործակալությունից իր էջում տեղադրել էր 2 հոդված՝ «Ստամբուլում հարգանքի տուրք է մատուցվել՝ ի հիշատակ օսմանյան հայերի» և «Էրդողանը կիսում է հայերի ցավը» վերնագրերով:

Բացի այդ, թուրքական «Սաբահ» թերթին տված հարցազրույցի ժամանակ, խոսելով անցյալի և ներկայումս Թուրքիայում հայերի վիճակի մասին, Եսայանը նշել է, որ «իր մանկության տարիներին հայերը կարող էին առաջ գնալ միայն առևտրի և մի փոքր էլ գիտական ոլորտներում, սակայն այլ ոլորտները նրանց առաջ փակ էին, իսկ մեր օրերում հնարավորություն կա տարբեր ոլորտներում ինքնադրսևորվել»:  

Նա նաև նշել է, որ իր թեկնածությունն ապացուցում է, որ Թուրքիան «դառնում է ժողովրդավարական երկիր»:

Եթե մի երկիր իր ողջ պատմության ընթացքում վարել է հայահալած քաղաքականություն, ոտնահարել է փոքրամասնությունների իրավունքները , կարող է արդյո՞ք դառնալ ժողովրդավարական երկիր: Իսկ ինչ վերաբերում է Մարգար Եսայանին՝ որոշ չափով անհավանական է թվում այն փաստը, որ լինելով իշխանամետ կուսակցության անդամ, նա ինտենսիվորեն կբարձրաձայնի հայ համայնքի և, ընդհանուր առմամբ, Թուրքիայում ապրող փոքրամասնություններին հուզող հարցերը: 

Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը, իր հերթին, առաջադրել է թուրքահայ փաստաբան Սելինա Դոգանի թեկնածությունը՝ կուսակցությունը նշել է, որ խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում պայքարելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

Սելինա Դոգանն իր քարոզարշավների ժամանակ բազմիցս նշել է, որ աշխատանքներ է իրականացնելու  խտրականության և ատելության սերմանման դեմ, նպաստելու է մարդու իրավունքների պաշտպանությանը և խոսքի հիմնարար ազատությանը: Նրա կարծիքով «հայերը դառնալու են ավելի նկատելի, ավելի վստահ, ձերբազատվելու են այն զգացողությունից, որ արհամարված են, բացի այդ հնարավոր է լինելու  խոսել նրանց խնդիրների մասին»:

Սակայն այստեղ հարկ է նշել այն փաստը, որ երբ Սելինա Դոգանն Ալ Ջազիրա լրատվական գործակալությանը հայտնեց այն մասին, որ ապրիլի 24-ին ինքն անձամբ  մասնակցելու է Թաքսիմ հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին, կուսակցության անդամների մեծամասնությունը մեղադրեց նրան Հայոց ցեղասպանության քարոզչություն տարածելու մեջ և նույնիսկ պահանջեցին դուրս հանել նրան թեկնածուների ցանկից: Միևնույն ժամանակ, հետաքրքիր է նաև այն փաստը, որ այս միջադեպից հետո Սելինա Դոգանը սկսեց խուսափել Հայոց ցեղասպանության խնդիրը քննարկելուց՝ խնդրելով, որ այդ մասին այլևս հարցեր չտան:

Կարելի է ասել, որ հայերի առաջադրումն ամենասպասվածն էր  «Ժողովրդադեմոկրատական կուսակցության» կողմից, քանի որ կուսակցությունը փորձում է հանդես գալ Թուրքիայում ապրող բոլոր էթնիկ և կրոնական փոքրամասնությունների շահերից: Կուսակցությունն առաջադրել է Ստամբուլի Եշիլկեյ թաղամասի տարրական դպրոցի տնօրեն Կարո Պալյանի և Մուրադ Միխչայի թեկնածությունները, սակայն վերջինս համամասնական ընտրակարգով զբաղեցնում է 12-րդ տեղը, և նրա թեկնածության մասին քիչ է խոսվում:

 Հարկ է նշել այն հանգամանքը, որ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը Եվրոպայում բնակվող թուրքերին կոչ է անում հունիսի 7-ին Թուրքիայում նախանշված խորհրդարանական ընտրություններին քվեարկել Ժողովրդադեմոկրատական  կուսակցության օգտին: Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը մշտական երկխոսության մեջ է այդ կուսակցության հետ՝ դրա ստեղծումից ի վեր, և ողջունում է հայ թեկնածուների առաջադրումը:  

Ինչ վերաբերում է Կարո Պալյանին, նրա նախընտրական քարոզարշավի ծրագրի հիմքում ընկած է հայ-թուրքական սահմանների բացման հարցը: Նրա խոսքով՝ «կուսակցության մեջ ընդգրկված են քրդեր, թուրքեր, սակայն ոչ թե իրենց ազգային պատկանելությունից ելնելով, այլ այն պատճառով, որ ունեն նույն տեսակետը»:

Սակայն, պետք է նշել, որ Կարո Պալյանի հաղթելու շանսերն այնքան էլ բարձր չեն, քանի որ կուսակցությունն, առաջին հերթին, պետք է հաղթահարի 10 տոկոսանոց արգելքը, ինչն այդքան էլ հավանական չի թվում:

Հատկանշականն այն է, որ այս տարի թուրքական երեք կուսակցություն որոշեցին իրենց շարքերը համալրել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներով: Իհարկե, մի կողմից, սա դիտվում է ուրախալի փաստ Թուրքիայում առկա  հայ համայնքների շրջանում, քանի որ նրանց մոտ որոշ չափով հույս է արթնացել, որ իրենց խնդիրները կբարձրաձայնվեն, սակայն մյուս կողմից հարց է առաջանում, թե  ի՞նչ է իրականում թաքնված ազգային փոքրամասնություններին Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին ներգրավվելու հիմքում:

Կարելի է ասել, որ պատասխանն ակնհայտ է: Հայ թեկնածուները Մեջլիսում ներկայացնելու  են ոչ թե առանձին կուսակցություն, որը պաշտպանելու է փոքրամասնությունների շահերը, այլ ներկայացնելու են այս կամ այն կուսակցությանը: Թուրքիան հիանալի ծրագիր է կազմել այս առումով: Մի կողմից թուրքական կուսակցությունները ներգրավում են ազգային և կրոնական փոքրամասնություններին, որպեսզի ձեռք բերեն նաև համայնքների ձայները, իսկ, մյուս կողմից, այս քայլով ցանկանում են ցույց տալ աշխարհին, թե որքան «ժողովրդավարական» երկիր է Թուրքիան:

Հարկ է նշել նաև այն հանգամանքը, որ 92 տարվա ընթացքում Թուրքիայի խորհրդարանում, ընդհանուր առմամբ,  ազգային փոքրամասնությունները ներկայացնող 24 պատգամավոր է ընտրվել, որն ապացուցում է, որ փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը մշտապես եղել է և կմնա Թուրքիայի վարած քաղաքականության հիմքում:

Սրա վառ օրինակն է հանդիսանում նաև Էրդողանի վերջերս արած հայտարարությունը: Շարունակելով հարձակումներ գործել իրեն քննադատող մի շարք անձանց վրա՝ Էրդողանը հայտարարել է, որ լրագրողները, հայերն ու համասեռամոլները Թուրքիայի գլխավոր թշնամիներն են, քանի որ սատարում են Ժողովրդադեմոկրատական կուսակցությանը (ԺԴԿ):

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: