ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կհաջողվի արդյո՞ք Էրդողանին ձևավորել նոր կառավարություն

Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած ընտրություններն ավարտվեցին  «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակով, սակայն դա չի նշանակում, որ Էրդողանի երազանքը՝ խորհրդարանական համակարգը նախագահականով փոխելու վերաբերյալ իրականություն է դարձել: Հավաքելով ձայների 41,54%-ը` կուսակցությունը չի կարողացել խորհրդարանում ապահովել ձայների բացարձակ մեծամասնություն և  ստիպված է լինելու փոխզիջման գնալ ընդդիմության հետ՝ նոր կառավարություն ձևավորելու համար: Իսկ եթե դա նրան չհաջողվի, այդ դեպքում հնարավոր է խորհրդարանի լուծարում և արտահերթ ընտրություններ: Կարելի է ասել, որ այս ամենն ազդարարում է նոր դարաշրջան Թուրքիայի քաղաքական պատմության մեջ, որտեղ ԱԶԿ-ն չի ունենա բացարձակ իշխանություն:

Հաշվի առնելով «Արդարություն և զարգացում» կուսակցության թշնամական հարաբերությունները Ժողովրդա-հանրապետական և Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունների հետ՝ կարելի է ասել, որ նրանց հետ կոալիցիա կազմելը միանգամայն անհնարին է, մասնավորապես՝ նրանց արած հայտարարություններից հետո: Այդ իսկ պատճառով այս պարագայում ԱԶԿ-ի միակ հնարավոր տարբերակն Ազգայնական շարժում կուսակցությունն է, որն անսպասելի բարձր արդյունք ապահովեց այս ընտրություններում և արդեն հայտարարել է, որ պատրաստ է կոալիցիա կազմել, եթե դրանում քրդեր չլինեն: 2002 թվականից սկսած առաջին անգամ Թուրքիայի քաղաքական ասպարեզ է մուտք գործելու կոալիցիոն կառավարություն, որի հնարավոր տարբերակը  բացառում էր «անկուսակցական» Էրդողանը՝ վստահ հայտարարելով, որ իշխող կուսակցությունը հավաքելու է ձայների մեծամասնությունը:

Միևնույն ժամանակ, կարելի է ասել, որ չի բացառվում նաև այն տարբերակը, որ, ընդդիմությունը, ցանկանալով խոչընդոտել Էրդողանի անհագ երազանքը (որը, պաշտոնապես չհամարվելով կուսակցության ղեկավար, նախորդ տարի օգոստոսին նախագահական ընտրություններից հետո մնում է նրա դե-ֆակտո առաջնորդը), լուծարի խորհրդարանը: Էրդողանի ու Ահմեդ Դավութօղլուի «ճակատագիրն» այժմ կախված է նրանց որոշումից:

Ինչ վերաբերում է կուսակցություններին, ապա պետք է նշել, որ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը  4,5%-ով   և Ազգայնական շարժում կուսակցությունը 3%-ով զգալիորեն բարելավել են իրենց արդյունքները 2011 թվականի համեմատ:  Այսինքն՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը ստացել է 25.2% կամ 132 տեղ խորհրդարանում, իսկ Ազգայնական շարժումը 16.5%  կամ 82 տեղ:

Բացի այդ, խորհրդարան է մուտք գործել քրդական Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը, որն առաջին անգամ էր մասնակցում ընտրություններին՝ որպես մեկ միասնական քաղաքական ուժ:  Հրաժարվելով իր մեկ մանդատ ունեցող  թեկնածուններից, ովքեր նախորդ տարիներին ընտրություններից հետո խմբակցություն էին ձևավորել, կուսակցությանը հաջողվել է  երեք հիմնական կուսակցություններից վերադարձնել ձայների և տեղերի քանակը:

Ըստ նախնական արդյունքների՝ այն կարողացել է հաղթահարել 10 տոկոս ընտրական արգելքը՝ հավաքելով ձայների  12.7%-ը և մեջլիսում ապահովել է  78 տեղ: Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելյահաթին Դեմիտաշը, մեկնաբանելով քվեարկության նախնական արդյունքները, հայտարարել է, որ դա իր կուսակցության համար «մեծ հաղթանակ է»:  Իսկ կուսակցության ղեկավարի տեղակալ Սիրի Սուրեյհա Օնդերն այն անվանել է «ժողովրդավարության հաղթանակ»: Կարելի է ասել, որ նրանց հայտարարությունները մեկ անգամ ևս ապացուցում են այն փաստը, որ տարիներ շարունակ Էրդողանի և նրանից առաջ ընտրված նախագահների վարած քաղաքականության պատճառով  Թուրքիան միշտ էլ հեռու է եղել  «ժողովրդավարություն» հասկացությունից: Այս փաստը պարզորեն նաև երևում է Օնդերի արած հայտարարությունից այն մասին, որ նախընտրական մրցավազքը չի ընթացել ժողովրդավարական ճանապարհով, կուսակցությունների համար հավասար հնարավորություններ չեն եղել:

Հատկանշական է այն փաստը, որ վերջին 50-60 տարվա ընթացքում Թուրքիայում հայ համայնքի երեք ներկայացուցիչ միանգամից մուտք գործեցին խորհրդարան. ԱԶԿ-ից Մարգար Եսայանը, Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից Սելին Օզուզուն Դողանն ու քրդական Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունից Կարո Պայլանը: Նախընտրական շրջանում հայկական հարցի շուրջ խոսակցություններն այդքան էլ հաճախ չեն հնչել, սակայն այն այժմ դառնում է ավելի կարևոր և հետաքրքիր այս պարագայում: Ընտրվելուց առաջ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը խոստանում էր, որ ընտրվելու դեպքում բարձրացնելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և Ցեղասպանության ճանաչման հարցը: Իսկ կուսակցության հայ թեկնածուները, իրենց հերթին, հավաստիացնում էին, որ հանդես են գալու ազգային և էթնիկ փոքրամասնությունների շահերից ելնելով, և պայքարելու են նրանց իրավունքների համար: Իսկ սրանք լոկ խոստումներ են եղել, պարզապես կուսակցության վարկանիշը բարձրացնելու և փոքրամասնությունների ձայները հավաքելու համար, թե՝ ոչ, պարզ կդառնա այն ժամանակ, երբ կձևավորվի նոր խորհրդարանը:

Իսկ ի՞նչ կարծիք ունեն միջազգային դիտորդները այս ընտրությունների վերաբերյալ: Նրանց ուսումնասիրության արդյունքների համաձայն՝  Թուրքիայի խորհրդարանի ընտրությունները բնութագրվում են քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ: Ընտրողներն ունեցել են լայն հնարավորություններ ընտրություն կատարելու մի շարք կուսակցությունների միջև, սակայն խորհրդարան մտնելու 10 տոկոսանոց շեմը հաղթահարելը  սահմանափակում է քաղաքական բազմակարծությունը, որի պատճառով դիտորդները կոչ են անում Թուրքիային այն անհապաղ իջեցնել: Բացի այդ, նրանք նշել են, որ ԶԼՄ-երի ազատությունը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ լրատվամիջոցները և անհատ լրագրողները, ովքեր քննադատում են  իշխող կուսակցությանը, ենթարկվում են հալածանքների, ճնշման և ահաբեկման: Հատկանշական է ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավարի հայտնած կարծիքը, ըստ որի, այս ընտրության մարտահրավերները՝ կապված խոսքի ազատության հետ, ինչպես նաև նախագահի գերիշխող դերը քարոզարշավների ժամանակ արդեն ինքնին ազդարարում էին որոշակի անարդարություն:

Բացի այդ, ընտրությունների արդյունքում տեղի են ունեցել նաև խոշոր խախտումներ, որոնք հասել են ահաբեկչության: Շվեդիայի դիտորդներից մեկը Շվեդիայի հեռուստատեսության լուրերի հաղորդման ժամանակ հայտնել է, որ ընտրատեղամասերից մեկում՝ Էլմալի գյուղում, նրանց սպառնացել են ատրճանակով և տվել են 5 րոպե ժամանակ տարածքն ազատելու նպատակով: Մեկ այլ ընտրատեղամասում պարզապես արգելել են մուտք գործել: Նրա խոսքերով՝ բազմաթիվ գյուղերում լուրջ ընտրախախտումներ են նկատվել, ինչպիսիք են զինված թիկնապահների ներկայությունն ընտրատեղամասերում, որոնք ճնշում գործադրելով ուղղորդել են  մարդկանց, թե ինչպես նրանք պետք է քվեարկեն:  Կարելի է ասել, որ Էրդողանը «սուլթան» դառնալու համար չի ցանկացել ոչնչի առջև կանգ առնել:

Հաշվի առնելով նրա վերջերս վարած քաղաքականությունը՝ քրդերի վրա  բազմիցս հարձակումները, ԶԼՄ-երի հանդեպ հալածանքը, տարբեր քաղաքական գործիչներին և լրատվամիջոցներին տուգանելը, պետք է ասել, որ ընտրությունների այսպիսի ավարտը միանգամայն սպասելի էր: Այս քայլով թուրք ժողովուրդը ցույց տվեց, որ համաձայն չէ Էրդողանի՝ նախագահական հանրապետություն ստեղծելու  ծրագրերի հետ, որն ինքն անձամբ է համեմատել բրիտանական միապետության հետ:

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ վերջերս պարբերաբար մեղադրելով երեք հիմնական կուսակցությունների առաջնորդներին՝ այժմ Էրդողանը պետք է «օգնության կանչի նրանց»՝ խորհրդարան ձևավորելու համար: Չի բացառվում նաև այն տարբերակը, որ դա կարող է տեղի ունենալ սպառնալիքների ձևով, քանի որ սպառնալիքներն ու ճանապարհին ոչինչ չխնայելն Էրդողանի վարած քաղաքականության բաղադրիչ մասն են կազմում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: