ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԶԿ քվեների կորուստը որոշ մարտահրավերներ է ենթադրում

Թուրքիայում երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մի շարք անորոշություններ են առաջ բերել երկրի կառավարման համակարգի համար:  Քվեարկության արդյունքների նախնական տվյալներով կառավարող Արդարություն և զարգացում կուսակցությունը, որը ստացել է քվեների շուրջ 41 տոկոսը,  Թուրքիայի Մեծ ազգային ժողովի 550 տեղերից կզբաղեցնի 258-ը, նախկին 327-ի փոխարեն: Սա նշանակում է, որ կառավարություն ձևավորելու համար կուսակցությունը, որը 2014-ի  օգոստոսից գլխավորում է Դավութօղլուն և որը միանձնյա իշխում էր վերջին 13 տարիների ընթացքում, պետք է կոալիցիա ձևավորի խորհրդրան մուտք գործած քաղաքական ուժերից առնվազն մեկի հետ: Կառավարող կուսակցության ներկայացուցիչներն արդեն իսկ հայտարարել են, որ կոալիցիայի ձևավորում առանց ԱԶԿ-ի հնարավոր չէ:

Խորհրդարանում ներկայացված մյուս կուսակցություններն են ԱԶԿ-ի վաղեմի հակառակորդ  Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, որը  ստացել է քվեների 25 տոկոսը՝ ապահովելով խորհրդարանում 132 մանդատ` նախկին 135-ի փոխարեն, «Ազգային շարժում» կուսակցությունը  83 մանդատով` նախկին 53-ի փոխարեն: Այս խորհրդարանում ներկայացված կլինի նաև քրդամետ ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը, որը հաղթահարելով 10 տոկոսի արգելքը, 70 մանդատով ներկայացված կլինի երկրի խորհրդարանում:

Առաջիկա համագումարի ընթացքում ԱԶԿ-ն պետք է վճռի, թե վերը նշված քաղաքական ուժերից որի հետ է պատրաստվում կոալիցիա ձևավորել:  Դժվար է պատկերացնել, թե ԱԶԿ-ն կառավարություն ձևավորելու առաջարկ կանի գեներալների Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը, որի հետ իր հարաբերությունները խիստ լարված են եղել և որի քաղաքականության քննադատության վրա էլ մեծ մասամբ հիմնված էր կառավարող կուսակցության նախընտրական քարոզարշավը:

 Հետևաբար, թվում է` ընտրությունը կատարվելու է քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական և ազգայնականների կուսակցությունների միջև: Ի դեպ, վերջինիս ղեկավարն արդեն հայտարարել է, թե պատրաստ է իշխող կոալիցիայի մաս կազմել, եթե դրանում ընդգրկված չլինեն քրդեր:

Եթե հաշվի առնենք ԱԶԿ վարած ներքին և արտաքին քաղաքականությունը, որի հիմնական ուղղություններից էին Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացը, քրդական խնդիրը կարգավորելու ձգտումը,  ապա ԱԶԿ համար առավել շահեկան կոալիցիոն գործընկեր է ներկայանում Դեմիրթաշի գլխավորած Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը:

Նման դաշինքը մի շարք հնարավորություններ է ստեղծում Թուրքիայում կրոնական-ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության բարելավման տեսանկյունից: Պետք է նշել, որ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը խորհրդարանում է հայտնվել ոչ միայն քրդական, այլև Թուրքիայի  մյուս ազգային փոքրամասնությունների օգնությամբ: Սակայն, ԱԶԿ-ն հազիվ թե հաշվի չառնի այն ռիսկերը, որոնք կարող են առաջ գալ քրդամետ կուսակցության հետ դաշինքի արդյունքում. նման քայլի գինը կարող է լինել կենտրոնամետ հայացքների տեր ընտրազանգվածի քվեների կորուստը հետագա ընտրությունների ընթացքում:

Հետևաբար, թվում է` կառավարող կուսակցության համար առավել «ապահով» կարող է լինել ազգայնականների հետ դաշինքը, ինչը, հասկանալի է` կենթադրի Թուրքիայի կառավարության դիրքորոշման կոշտացում արտաքին և ներքին քաղաքականության մի շարք հարցերում: Թերևս պատահական չէ, որ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարն արդեն հայտարարել է, որ կոալիցիոն ցանկացած կառավարություն պակաս հակված է լինելու բարեփոխումների, քան մինչև այժմ կառավարողը:   

Չի բացառվում նաև, որ կոալիցիոն կառավարության հարցի շուրջ համաձայնության չգալու դեպքում Թուրքիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ նշանակվեն: Թվում է` կրկնակի քվեարկությունը ևս ի վիճակի չի լինի թեթևացնել առկա դրությունը. հազիվ թե ԱԶԿ-ին հաջողվի ավելի  շատ քվեներ ստանալ` հաշվի առնելով այն, որ այս ընտրություններն անցան բավականին լարված մթնոլորտում` պայթյունների, ընտրախախտումների ֆոնին:

Ամփոփելով կարելի է ասել, որ ԱԶԿ-ի պայմանականորեն ասած պարտությունը մի շարք մարտահրավերներ է առաջ բերում, որոնք առավել ցայտուն կդառնան, եթե քաղաքական այս ուժը կոալիցիա կազմի ազգայնականների հետ:

Ինչ վերաբերում է այս քվեարկության արդյունքում առաջացած հնարավորություններին, ապա, ինչ խոսք, դրանց շարքում են Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության մուտքը խորհրդարան, ինչպես և հայազգի երեք պատգամավորների ներկայացվածությունը նոր գումարման Միլլի մեջլիսում: Շուրջ 50 տարվա ընդմիջումից հետո Թուրքիայի խորհրդարանում կրկին ներկայացված կլինեն հայազգի պատգամավորներ` ընդ որում երեք տարբեր կուսակցություններից, ինչը թերևս պայմանավորված է 2015-ի ընթացքում հայկական հարցի նկատմամբ աշխարհի սրված ուշադրությամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: