ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական մամուլն արդեն բավական խոր ու ամուր ավանդույթներ ունի Թուրքիայում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցը Թուրքիայում «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանի հետ։

- Պարո՛ն Քոչունյան̦ որպես Ստամբուլում հայկական «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր` ինչպե՞ս կգնահատեք Թուրքիայում փոքրամասնություններին պատկանող լրատվամիջոցներին ընձեռված հնարավորությունները և խոսքի ազատության աստիճանը:

 -         Թուրքիայում հայկական լրատվամիջոցները գործում են բավական ազատ ու անկաշկանդ մթնոլորտում: Իմ խմբագրած «Ժամանակ» օրաթերթը հրատարակվում է 1908 թվականից ի վեր̦ մոտավորապես 110 տարեկան է̦և այս պահի դրությամբ հայոց աշխարհի և միևնույն ժամանակ Թուրքիայի ամենահին օրաթերթն է̦ որն այսքան տարի հրատարակվում է անընդհատ: Սա նշանակում է̦ որ հայկական մամուլն արդեն բավական խոր ու ամուր ավանդույթներ ունի Թուրքիայում: Եթե խոսքը ազատությունների մասին է̦ ապա հարցումն ընկալվում է այն տեսանկյունից, թե արդյո՞ք տվյալ լրատվամիջոցը խտրականությունների ենթարկվում է զուտ այն պատճառով, որ հայկական է: Կարող ենք միանշանակ պատասխանել, որ, ո՛չ, հայկական լրատվամիջոցներն այստեղ որևէ խոչընդոտի չեն հանդիպում: Թուրքիան ընդհանրապես այն երկիրն է, որտեղ ժողովրդավարությունն ու հիմնարար ազատությունները գնալով ամրապնդվում են: Սակայն որքան էլ արդյունքները դրական ու հուսադրիչ են, միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ Թուրքիան մամուլի ազատության տեսակետից աշխարհի ամենաառաջադեմ երկրների թվին բնավ չի պատկանում: Այս իրականությունն իհարկե չպետք է թաքցնել, բայց պետք չէ ժխտել, որ սրա հետ մեկտեղ հայ մամուլի հանդեպ ցուցադրած վերաբերմունքը, դրա գործունեության երաշխավորվածությունը լուրջ բարեփոխման ազդանշան է: Այս ամենն իհարկե չի նշանակում, որ մեր թերթն այսօր «վարդաստանի» միջով է անցնում. միշտ էլ մարտահրավերներ ու խնդիրներ են լինում, որոնց պետք է դիմագրավել:

 

-         Որպես մարդ, ով Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին հենց ներսից է հետևել, ինչպե՞ս կգնահատեք ընտրությունների ընթացքն ու արդյունքները:

 -         Այս ընթացքը Թուրքիայում կարելի էր «երեք ընտրությունների մարաթոն» անվանել: Առաջինը ՏՒՄ-երի ընտրություններն էին, այնուհետև՝ հանրապետության նախագահի ընտրությունները̦ որոնք, ի դեպ, առաջին անգամ ժողովրդական ընտրությամբ տեղի ունեցան, իսկ ահա վերջերս էլ խորհրդարանական ընտրությունները հաջորդեցին: Թուրքիայի ներքին քաղաքական կյանքը փաստորեն թեժ ընթացք էր ապրում և գտնվում էր միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Հավասարակշռությունների ձևավորում և ուժերի վերադասավորում պետք է լինի երկրում, որի առաջին ազդանշաններն արդեն ունենք: Իսկ եթե Թուրքիայի հայ համայնքի տեսակետից նայենք, սրանք բավական հետաքրքիր ընտրություններ էին՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ խորհրդարանում 5-6 տասնամյակի ընդհատումից հետո հայտնվեցին հայ արմատներով միանգամից 3 պատգամավոր, ինչը բավական դրական երևույթ է:

4 քաղաքական կուսակցություններից̦ որ մուտք են գործել խորհրդարան̦ երեքն առանձին-առանձին ներկայացնում են այս հայերին: Իսկ այդ կուսակցությունները տարբերվում են թե՛ իրենց գաղափարախոսությամբ, թե՛ քաղաքական օրակարգով: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ այս պատգամավորները միայն հայ համայնքը ներկայացնելու, դրա խնդիրները բարձրացնելու և շահերը պաշտպանելու համար չէ որ գնում են խորհրդարան: Նրանք ընտրվել են զուտ որպես Թուրքիայի քաղաքացի գործիչներ, ովքեր իրենց ներդրումը պետք է ունենան երկրի ընդհանուր խնդիրների լուծման մեջ: Հետաքրքրական է նաև, որ 13 տարի շարունակ իշխանության գլուխ էր կանգնած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, իսկ այժմ այն կորցրել է միանձնյա գործելու հնարավորությունը, սակայն շարունակում է մնալ երկրի առաջին քաղաքական ուժը: Ուստի շատ կտրուկ փոփոխություններ կամ արմատական նորություններ պետք չէ ակնկալել: Ճիշտ է, որ հիմա «Արդարություն և զարգացում»-ը առանձին կառավարություն ձևավորելու հնարավորությունից զրկված է, բայց չկան նախադրյալներ Թուրքիայում առանձնակի ցնցումներ կամ առավել ևս ճգնաժամ սպասելու: Ինձ թվում է` Թուրքիան կշարունակի իր բնականոն հունով ընթանալ:

 

-         Որո՞նք են անձամբ Ձեր և ընդհանրապես հայ համայնքի ակնկալիքները Թուրքիայում նոր ընտրված հայ պատգամավորներից:

 -         Այդ պատգամավորներն ընտրվել են որպես Թուրքիայի հանրապետության խորհրդարանի անդամներ, ովքեր օրենսդիր մարմնում հանդես պիտի գան՝ հաշվի առնելով զուտ իրենց կուսակցության պատկանելությունը̦ յուրաքանչյուրն իր կուսակցության որդեգրած նպատակները̦ գերակայությունները և այլն: Չմոռանանք, որ Թուրքիայի խորհրդարանում եղել են նաև ծագումով հրեա, ասորի կամ քուրդ պատգամավորներ: Բայց առաջին հերթին մակրո պատասխանատվությունն է, նոր հետո միայն միկրո ձեռքբերումներն ու ներդրումները: Եթե խորհրդարանում միջկուսակցական լարվածությունը նվազի, եթե համերաշխ մթնոլորտ ձևավորի, այդ դեպքում գուցե մեր պատգամավորներն իրենց հայկական արմատների ընդհանուր հողի վրա կփորձեն միասնական ծրագրեր մշակել, համատեղ նախաձեռնություններ կյանքի կոչել̦ բայց սրանք զուտ վարկածներ են̦ իսկ ավելի շոշափելի ու իրատեսական տարբերակներ քննարկելու համար մի փոքր պետք է համբերել, մինչ նոր խորհրդարանը սկսի իր լիարժեք գործունեությունը:

 

-         Ժողովրդադեմոկրատական կուսակցությունն ընտրարշավի ընթացքում Հայոց ցեղասպանության հետ կապված բավականին լուրջ խոստումներ տվեց: Ի՞նչ եք կարծում` որքանո՞վ Ցեղասպանության ճանաչման հարցը քննարկման առարկա կդառնա խորհրդարանում:

 -         Ընդհանրապես աշխարհում տարածված երևույթ է, որ նախընտրական խոստումներն այդքան էլ իրականություն չեն դառնում: Ճիշտ է, որ Թուրքիայում հայկական հարցի վերաբերյալ նախաձեռնությունները, փոփոխությունները, նորությունները մեծապես կախված են տվյալ պահին իշխանության գլխին գտնվող քաղաքական ուժի կամքից̦ բայց մյուս կողմից էլ դրանք ամենևին կուսակցության մակարդակով վճռվող գործընթացներ չեն: Թուրքիան հայկական հարցի ներքին կամ արտաքին քաղաքական օրակարգի մի շարք առանցքային խնդիրների շուրջ ունի պետական գիծ, որը գծվում է տվյալ ժամանակաշրջանի առաջնահերթությունների կամ հանգամանքների ազդեցության տակ, որը, սակայն, կուսակցությունների հետ կապված չէ: Համենայն դեպս, Թուրքիայի քաղաքական փորձը ճիշտ հակառակն է ցույց տալիս:

Ինձ թվում է՝ ներկայումս ստեղծված ուժերի հարաբերակցության մեջ, անցյալի հետ համեմատած, ազգայնական տրամադրությունները մի քիչ ավելի բարձր են, ինչի ֆոնի վրա նույնիսկ մեծամասնություն հանդիսացող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ինքն էլ կարող է նման երանգներ մտցնել իր գործունեության մեջ̦ որպեսզի հասարակության հակումներին համահունչ ընթանալով` հետ բերի իր ընտրազանգվածը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: