ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Եվրոպական» խաղերն ու ղարաբաղյան հակամարտությունը

 Մինչ Բաքվում ընթանում են առաջին Եվրոպական օլիմպիական խաղերը, որոնց բացմանը ներկա չէր եվրոպական առաջնորդներից գրեթե ոչ մեկը, դրանք աչքի ընկան քաղաքական մի շարք զարգացումներով, որոնք առնչվում են նաև մեզ: Ընդհանրապես, ինչպես նշում է եվրոպական մամուլը` մասնավորապես «Polityka» պարբերականը. «Բաքվի եվրոպական խաղերում ամենակարևորը փողն ու քարոզչությունն է: Սպորտն այստեղ զուտ լրացում է»:

Նշված իրադարձություններից առանձնապես ուշագրավ էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումները Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներ Էրդողանի ու Ալիևի հետ: Հասկանալի է, որ առաջինի հետ հանդիպման գլխավոր նպատակը «Թուրքական հոսքի» քննարկումն է եղել (ի դեպ, ասում են, հանդիպումը, որից Պուտինը բավականին ուշացել էր, այնքան էլ հարթ չի ընթացել): Ալիևի հետ հանդիպմանը, ինչպես երեկ հայտարարեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակը, երկկողմ հարաբերություններից բացի անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան կարգավորմանը, ինչը թերևս առավել քան հասկանալի է:  Ալիևը, ում վարչակարգը հսկայական միջոցներ է ծախսել եվրոպական խաղերը կազմակերպելու և աշխարհին ներկայացնելու համար, թե ինչպես են հյուրընկալ ադրբեջանցիները «տառապում» չկարգավորված հակամարտության պատճառով, հազիվ թե բաց թողներ առիթը և Բաքու ժամանած քիչ ղեկավարներից մեկի հետ չխոսեր ղարաբաղյան խնդրի մասին: 

Այս համատեքստում էր կազմակերպված նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը փախստականների ճամբար: Ասում են` դիվանագետները տարօրինակ են համարել այն, որ գրեթե 20 տարի անց վերջիններս դեռևս կոմպակտ են բնակեցված ճամբարներում, ինչին փախստականների հարցով Ադրբեջանի պետական կոմիտեի ղեկավար Ալի Հասանովը պատասխանել է, թե հակամարտության կարգավորման դեպքում դա կհեշտացնի նրանց վերադարձը բնակության նախկին վայրեր: Ի դեպ, սա ևս մեկ փաստարկ է նրա, որ փախստականների հնարավոր վերաբնակեցման գործընթացում ադրբեջանական վարչակազմի համար մարդու իրավունքներն ու այդ համատեքստում փախստականների վերադարձի կամավորականության սկզբունքը որևէ դեր չեն ունենալու:

Հասանովը, համանախագահների այցի ընթացքում ևս մեկ ուշագրավ հայտարարություն է արել, նրա խոսքով «շատերը մտածում են, թե խոշոր պետություններն օգտագործում են հակամարտությունները, որպեսզի հեշտությամբ կառավարեն աշխարհը»:

Հասկանալի է, թե ակնարկն ում էր ուղղված: Թերևս պատահական չէ, որ ավելի ուշ ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահողն է խոսում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու` միջնորդների նախաձեռնության մասին: Իգոր Պոպովի խոսքով` համանախագահները մշակում են ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման օրակարգը և առաջիկա շաբաթների ընթացքում պատրաստվում են այցելել տարածաշրջան:

Այս ամենի ֆոնին չափազանց իրատեսական են հնչում ամերիկացի համանախագահող Ջեյմս Ուորլիքի խոսքերն այն մասին, որ թեև հակամարտության կարգավորումը հնարավոր է և միջնորդների ջանքերն ուղղված են հենց դրան,  այնուամենայնիվ կարգավորման համար առաջին հերթին պատասխանատու են հակամարտող կողմերը, եթե մասնավորեցնենք` Ադրբեջանի ղեկավարությունը:  Այն, որ հակամարտության իրական կարգավորումը որևէ կերպ չի բխում ալիևյան կլանի շահերից, ակնհայտ է դառնում, եթե մի պահ ղարաբաղյան խնդիրը կարգավորված պատկերացնենք:

Ակնհայտ է, որ եթե չլիներ ղարաբաղյան հակամարտությունը, Ադրբեջանի իշխող վարչակարգին չափազանց դժվար կլիներ միջազգային հանրության ուշադրությունը շեղել երկրում մարդու իրավունքների կոպիտ խախտումներից`  կազմակերպելով «շրջագայություններ» դեպի փախստականների ճամբարներ, թվում է` այս նպատակով էլ հենց շարունակվում են պահպանվել այդ ճամբարները և դրանց բնակիչներին արգելվում է բնակություն հաստատել ու աշխատանք փնտրել երկրի որևէ այլ շրջանում: Ցանկության դեպքում իհարկե Ադրբեջանը կկարողանար այս տարիների ընթացքում լուծել այդ անձանց զբաղվածության և հասարակության մեջ ինտեգրման հարցը, ինչպես, ցանկացած ժողովրդավարական երկիր:

Եթե չլիներ ղարաբաղյան հակամարտությունը, ապա ալիևյան կլանի համար չափազանց դժվար կլիներ սեփական ժողովրդի դժգոհությունն ու դրա արդյունքում կուտակվող դեստրուկտիվիզմը տրնասֆորմացնել հայատյացության` ձևավորելով ու շարունակաբար սնուցելով հայի` որպես թշնամու, կերպարը: Թերևս սա հասկանում են նաև հենց իրենք` միջնորդները: Վերջիններս չեն կարող չգիտակցել նաև, որ հայկական կողմերի համար նման պայմաններում գրեթե անհնար է հակամարտության կարգավորման համատեքստում նույնիսկ մտածել որևէ փոխզիջման մասին:  Սա է հենց պատճառը, որ որքան էլ համանախագահները փորձում են բարեխիղճ կերպով կատարել իրենց գործառույթները` ջանալով առնվազն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներ կազմակերպել, այնուամենայնիվ նույնիսկ իրենք մեծ հավատ չեն տածում տեսանելի ապագայում գործընթացի արդյունավետության հանդեպ: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: