ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանությունն այլևս լակմուսի թուղթ չէ ԱՄՆ նախագահական ընտրություններում.Հարութ Սասունյան

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ԱՄՆ նախագահական ընտրություններին հայ համայնքի դիրքորոշման և թեկնածուների՝ հայ համայնքի հանդեպ վարած քաղաքականության վերաբերյալ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի հոդվածը:

 Այժմ, երբ ավելի քան մեկ տասնյակ թեկնածուներ արդեն իսկ հաստատել են իրենց մտադրությունը առաջադրվելու 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում, ամերիկահայերը մտածում են, թե իրենք ում աջակցեն հաջորդ տարվա ընտրություններում:

  2012 թվականին նույն հարցի մասին ես մի հոդված գրեցի՝ բացատրելով, թե ինչու իմ քվեն չէի տալու ոչ գործող նախագահ, դեմոկրատ Բարակ Օբամային, ոչ էլ նրա մրցակից, հանրապետական Միթ Ռոմնիին:

 Օբաման որպես նախագահ, իր առաջին պաշտոնավարման չորս տարիների ընթացքում, ոչ միայն դրժեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմիցս տված  խոստումները, այլև չաջակցեց հայ-ամերիկյան բազմաթիվ այլ հարցերում:

 Ռոմնին իրեն ավելի լավ չդրսևորեց: Իր նախագահական քարոզարշավի ժամանակ հանրապետական թեկնածուն խոստումներ չտվեց և հանդիպումներ չունեցավ հայ համայնքի հետ: Ոմանք նրա անկողմնակալությունը մեկնաբանեցին որպես անկեղծություն, մտածելով, որ նա չի ցանկանում խոստումներ տալ, որոնք չի կատարելու: Ռոմնիի խնդիրն այն էր, որ եթե նախագահի թեկնածուն այդպիսի անտարբերություն է ցուցաբերում ընտրողների նկատմամբ, երբ նրանց աջակացության խիստ կարիքն ունի, պատկերացրեք, թե նա որքան քիչ ուշադրություն կդարձնի ամերիկահայերին և նրանց խնդիրներին նախագահ դառնալուց հետո...

 Արդեն մի քանի տասնամյակ է, որ ամերիկահայ համայնքը ձգտում է խոստում ստանալ նախագահի բոլոր թեկնածուներից, որ նախագահ ընտրվելու դեպքում նրանք կճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Շատ հաճախ ակնկալվող հաղթանակի հրճվանքը վերափոխվում էր տագնապի, քանի որ Ռոնալդ Ռեյգանից հետո բոլոր նախագահները Սպիտակ տուն մտնելուն պես տառապում էին հիշողության կորստից: Հետևաբար, հայ համայնքը հիասթափվել է ու դարձել անմասնակից ամերիկյան քաղաքական գործընթացներին, համարելով, որ բոլոր քաղաքական գործիչները ստախոսներ են...

 Խոստումների և խաբեության այս արատավոր շրջանակից դուրս գալու համար կցանկանայի առաջարկել երկու այլընտրանքային ռազմավարություն.

 Նախ՝ նախագահի բոլոր թեկնածուներին գնահատել հայ-ամերիկյան համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ նրանց ամբողջական դիրքորոշումներով.

 - Ավելացնել Հայաստանին և Արցախին ցուցաբերվող ամերիկյան օգնության գումարը.

- Ճնշում գործադրել Թուրքիայի վրա Հայաստանի շրջափակումը վերացնելու համար.

- Պահանջել, որպեսզի Թուրքիան վերադարձնի բռնագրավված քրիստոնեական եկեղեցիներն իրենց օրինական տերերին՝ հայերին, ասորիներին և հույներին.

- Դատապարտել Ադրբեջանին՝ բազմիցս սպառնալիքների և Արցախի վրա հաճախակի հարձակումների համար.

- Աջակցել Արցախի ինքնորոշմանը.

- Նպաստել Հայաստանի հետ ԱՄՆ առևտրի խթանմանը.

- Տարեկան հանդիպումներ անցկացնել ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 Վերոնշյալ ցուցակից ես միտումնավոր դուրս եմ թողել նախագահի թեկնածուներին ուղղված խնդրանքը՝ «ճանաչելու» Հայոց ցեղասպանությունը, քանի որ այն արդեն բազմիցս ճանաչվել է Միացյալ Նահանգների կողմից... Հետևաբար, կարիք չկա Ցեղասպանության ճանաչումը լակմուսի թուղթ դարձնել նախագահական ընտրություններում, հատկապես Հարյուրամյակի ընթացքում դրա միջազգային ճանաչումից հետո... Բացի այդ, երբ նախագահի թեկնածուները Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախընտրական խոստում են տալիս, չպետք է նրանց մեխանիկորեն սատարել միայն դրա հիման վրա՝ անտեսելով նրանց դիրքորոշումը բոլոր այլ հարցերի վերաբերյալ...

 Իհարկե, ոչ մի երաշխիք չկա, որ ընտրված նախագահը կկատարի մյուս հայկական հարցերի վերաբերյալ տված իր բոլոր խոստումները: Սակայն, եթե ամերիկահայերը մեծ թվով խնդրանքներ ներկայացնեն, ապա կարող են հաջողության հասնել դրանցից մի քանիսում:

 Կարևոր է նշել, որ հաշվից դուրս են այն բոլոր թեկնածուները, որոնք արդեն խաբել են հայ համայնքին իրենց նախկին ընտրովի կամ նշանակովի պաշտոնների ընթացքում: Նման թեկնածուներից է Հիլարի Քլինթոնը, որը որպես ԱՄՆ պետքարտուղար Հայոց ցեղասպանությունը բնութագրել է որպես «պատմական բանավեճի առարկա»՝ հակառակ որ ցեղասպանության ճանաչման մեծ ջատագովներից է եղել անցյալում, երբ սենատոր էր և ապա 2008 թվականին՝ նախագահի թեկնածու:  Ամերիկահայերը չեն կարող հավատալ որևէ թեկնածուի, որն արդեն խաբել է իրենց... Ինչպես հայտնի ասացվածքում է ասվում՝ «մեկ անգամ ինձ խաբես՝ ամոթ քեզ, երկրորդ անգամ ինձ խաբես՝ ամոթ ինձ» ... Իրական խնդիրը վեր է ցեղասպանության ճանաչումից և արտացոլում է թեկնածուի նկարագիրն ու պարկեշտությունը...

 Երկրորդ ընտրական ռազմավարությունը կլինի թեկնածուներին առաջին ընտրապայքարում չսատարելը՝ չխաբվելու համար կեղծ խոստումներից: Թող ընտրված պաշտոնյաները վաստակեն ամերիկահայերի վստահությունը իրենց նախորդ պաշտոնավարումների ընթացքում հայկական կարևոր հարցերի վերաբերյալ դրական որոշումներ կայացնելով:

 Ի վերջո, չքվեարակելով նախագահի թեկնածուների օգտին նրանց առաջին ընտրապայքարում, ամենևին էլ չի նշանակում զերծ մնալ ընտրական կամ քաղաքական գործընթացներից: ԱՄՆ Սենատի մեկ երրորդը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները ենթակա են վերընտրության յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ: Դաշնային, նահանգային և տեղական ընտրություններում ամերիկահայերը պետք է աջակցեն բոլոր այն պաշտոնատար անձանց, որոնք հայկական հարցերով ձեռքբերումների փորձ ունեն, միաժամանակ պարտության մատնելով նրանց, որոնք իրենց պաշտոնավարման ընթացքում հանդես են եկել ընդդեմ հայկական շահերի...  

 Ավելի խելամիտ է զբաղվել շրջահայաց և արդյունավետ քաղաքական գործունեությամբ, քան թե ապարդյուն և անհաջող մասնակցություն ունենալ ընտրություններում:

 

 Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: