ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կատալոնիայի ներսում տարաձայնությունները խորացել են

Կատալոնիայի իշխող «Կատալոնիայի միություն և կոնվերգենցիա» կուսակցական կոալիցիան, որը գլխավորում է ինքնավարության գործող վարչապետ Արթուր Մասը, լուծարվել է, հայտնում է El Pais թերթը:

Այս կոալիցիայի մեջ մտնում էին «Կատալոնիայի ժողովրդավարական կոնվերգենցիա» և «Կատալոնիայի ժողովրդական միություն» կուսակցությունները: Ավելի քան երեք տասնամյակ այս կուսակցություններն ընտրություններին մասնակցել են միասնական ճակատով:

Նախորդ շաբաթվա վերջին  «Կատալոնիայի ժողովրդական միությունում» ներքին տարաձայնությունների պատճառով կուսակցական ղեկավարությունը որոշում կայացրեց , որ համաձայն չէ Արթուր Մասի կողմից առաջարկված անկախություն ձեռք բերելու վերաբերյալ ճանապարհային քարտեզի հետ: Ի պատասպան՝ «Կատալոնիայի ժողովրդավարական կոնվերգենցիան» որոշում է ընդունել չեղարկել կոալիցիոն համաձայնագիրը: Վերջինիս գլխավոր քարտուղար Խոսեպ Փուլը նախօրեին հայտարարել է, որ այդ որոշումը «վերջնական է և հետդարձի ճանապարհ չկա»: «Կատալոնիայի միություն և կոնվերգենցիա քաղաքական ծրագիրը ավարտվել է»,- հայտարարել է նա:

«Կատալոնիայի ժողովրդական միության» ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ պատրաստվում են լքել կատալոնական կառավարությունը: Այսպես, իրենց պաշտոններից հրաժարական կտան ինքնավարության փոխնախագահը, ներքին գործերի  և գյուղատնտեսության նախարարները: Բացի այդ, մոտակա օրերին կուսակցությունները պետք է որոշեն թե ինչպես պետք է վերաբաշխեն միմյանց միջև խորհրդարանի մանդատների թիվը, ինչպես Կատալոնիայի, այնպես էլ Իսպանիայի խորհրդարանում, որտեղ կոալիցիան 16 տեղ ունի Ստորին պալատում և 13 տեղ՝ Վերին պալատում: Բացի այդ, այն ունի երկու տեղ Եվրախորհրդարանում:

Վերադառնալով Արթուր Մասի Կատալոնիայի անկախություն ձեռք բերելու մասին առաջարկությանը՝ նշենք, որ համաձայն այդ առաջարկության՝ սեպտեմբերի 27-ին կայանալիք ընտրությունների ժամանակ կատալոնական ինքնիշխանության կողմնակիցների հաղթանակի դեպքում պետք է սկսվի Կատալոնիայի՝ անկախություն ձեռք բերելու գործընթաց, որը տևելու է ամենաշատը 18 ամիս: Այդ ընթացքում նախատեսվում է ստեղծել նոր խորհրդարան, մշակել նոր Սահմանադրություն և 2017 թվականին նշանակել նոր ընտրություններ: Ընդ որում, Մասի առաջարկած ճանապարհային քարտեզում հաշվի չի առնվում այդ հարցի շուրջ կենտրոնական իշխանությունների դիրքորոշումը: Մասի այս առաջարկությունը հավանության է արժանացել «Կատալոնիայի ձախ հանրապետականների», ինչպես նաև «Կատալոնիայի ազգային ժողով», Omnium Cultural կազմակերպությունների կողմից:  Սակայն «Կատալոնիայի ժողովրդական միությունում» կարծում են, որ Կատալոնիայի անկախություն ձեռք բերելու ուղղությամբ բոլոր քայլերը պետք է համաձայնացվեն Մադրիդի հետ:

Հիշեցնենք, որ 2014 թվականի նոյեմբերին Կատալոնիայում անցկացվել է կենտրոնական իշխանություններից անկախանալու մասին հարցում: Կատալոնացիների ավելի քան 80 տոկոսն այդ ժամանակ կողմ է արտահայտվել լիարժեք անկախացմանը: Սակայն նախորդ շաբաթ Իսպանիայի Սահմանադրական դատարանը միաձայն անօրինական է ճանաչել Կատալոնիայի իշխանությունների կողմից անցկացված այս հարցումը, քանի որ «կատալոնական իշխանություններն իրավասու չեն ինքնուրույն անցկացնելու հանրաքվե այնպիսի հարցերի շուրջ, որոնք կապ ունեն ողջ երկրի հետ»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: