ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերբիայի ու Կոսովոյի «պատմական համաձայնությունը» և դրա արդյունքները

Սեպտմբերի 4-ին ԱՄՆ-ը հայտարարեց Կոսովոյի և Սերբիայի միջև համաձայնության կնքման մասին, որը վերաբերում է տնտեսական հարաբերությունների կարգավորմանը: ԱՄՆ նախագահը շտապեց այն անվանել «պատմական համաձայնագիր»:

Ձևաչափ

Նախ նշենք, որ Սերբիայի և Կոսովոյի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունները ներկայումս ընթանում են Եվրամիության միջնորդությամբ:  ԱՄՆ-ն իր միջնորդական ջանքերն ակտիվացրել է 2019-ի ամռանը՝ Բալկանների հարցով հատուկ բանագնաց նշանակելով:

Փաստացի, ԱՄՆ-ն բանակցությունների հարակից, լրացուցիչ հարթակ է ձևավորել, ինչը ոչ միանշանակ է տեղավորվում ԵՄ ներքո ընթացող հարաբերությունների կարգավորման բանակցությունների տրամաբանության մեջ: Եվ պատահական չէ, ոչ Վաշինգտոնում կնքված «պատմական» համաձայնությունից հետո երեկ՝ սեպտեմբերի 7-ին, Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել, որով վերահաստատել են, որ առաջնային կարևորություն են տալիս ԵՄ միջնորդությամբ ընթացող բանակցություններին և եվրաինտեգրմանը: Հայտարարությանը հետևել է նրանց հանդիպումը ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ՝ շարունակելու բանակցություններն անհետ կորած և տեղահանված անձանց և տնտեսական համագործակցության հարցերով:

Հիշեցնենք, որ սա առաջին «պատմական համաձայնագիրը» չէ Սերբիայի և Կոսովոյի միջև: 2013թ. ապրիլի 19-ին Բրյուսելում Սերբիայի և Կոսովոյի միջև ևս մեկ «պատմական» համաձայնություն էր կնքվել, որով Սերբիան համաձայնել էր Կոսովոյի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել, ինչի դիմաց Կոսովոն պարտավորվել էր ինքնավարություն տրամադրել Միտրովիցա շրջանում` Կոսովոյի հյուսիսում, բնակվող սերբերին։ Սակայն այս համաձայնությունների կյանքի կոչման փուլում կողմերը մի շարք դժվարությունների են բախվել:

Ձևաչափի հետ կապված երկրորդ ուշագրավ հանգամանքն այն է, որ Սերբիան և Կոսովոն ստորագրություն չեն դրել միևնույն փաստաթղթի տակ, այլ նրանցից յուրաքանչյուրն առանձին փաստաթուղթ է ստորագրել ԱՄՆ-ի հետ: Այդ կերպ Սերբիան փորձել է խուսափելի Կոսովոն անուղղակի ճանաչելուց:

ԱՄՆ միջնորդությունը

Հերթական «պատմական» հաջողությունն ԱՄՆ նախագահի համար կարևոր էր առաջին հերթին ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրությունների համատեքստում: Պատահական չէ, որ Սերբիայի և Կոսովոյի պայմանավորվածություններում տեղ գտավ Իսրայելը. Սերբիան կդառնա եվրոպական առաջին երկիրը, որն իր դեսպանատունը Թել-Ավիվից կտեղափոխի Երուսաղեմ, իսկ Իսրայելը կճանաչի Կոսովոյի անկախությունը: Ավելին, Սերբիան պաշտոնապես «Հեզբոլլահը» կճանաչի որպես ահաբեկչական խմբավորում՝ իր համար մի շարք խնդիրներ ստեղծելով արաբական բազմաթիվ երկրների հետ:

Այս ամենը տեղավորվում է Իսրայելին առնչվող Թրամփի վերջին շրջանի ակտիվ գործունեության տրամաբանության մեջ և ապահովելու է ԱՄՆ-ում բնակվող իսրայելական ընտրազանգվածի ձայներն ի օգուտ Թրամփի:

Ուշագրավ է, որ արագ արդյունքի հասնելու և քաղաքական բարդ հարցերից խուսափելու համար ամերիկյան վարչակազմը Սերբիա-Կոսովո համաձայնությունների հիմքում դրեց հենց տնտեսական հարաբերությունների կարգավորման հարցը, այդ թվում՝ խոստանալով 13 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում կատարել Բելգրադի և Պրիշտինայի միջև ենթակառուցվածքների կառուցման նախագծերում:

Ի՞նչ են շահում և կորցնում Սերբիան ու Կոսվոն

Այս համաձայնագրի արդյունքում Կոսովոն պարտավորվում է չեղարկել սերբական ապրանքների հանդեպ էմբարգոն և Կոսովոյի սերբական համայնքների մատակարարման սահմանափակումները: Դա հնարավորություն կտա Սերբիային ամրապնդել կապերը Կոսովոյում սերբական անկլավների հետ:

Երկրորդը, Կոսովոն հրաժարվում է Գազիվոդեի ՋԷԿ-ի նկատմամբ իր հավակնություններից, որը 2018-ին գրեթե ռազմական նոր բախման էր հանգեցնում:

Դրա հետ մեկտեղ, Սերբիան պարտավորվել է դիվերսիֆիկացնել էներգակիրների իր գնումները, ինչն անուղղակիորեն հարված է ՌԴ շահերին, ինչպես նաև պարտավորություններ է ստանձնել, որոնք սահմանափակելու են երկրի տարածքում չինական Huawei ընկարության կողմից 5G ցանցի ստեղծման հնարավորությունները: Այս երկու հարցերը հարված են Սերբիայի աշխարհաքաղաքական շահերին, և ԱՄՆ-ի շահերի առաջ մղման ակնհայտ քայլեր են:

Դրան գումարվում է նաև այն, որ Կոսովոյի հետ այս անուղղակի պայմանավորվածությունը շատ ոչ միանշանակ է ընկալվում սերբական ընդդիմության կողմից՝ որակվելով որպես Սերբիայի շահերի դավաճանություն ու Կոսովոյի անջատողական տրամադրությունների լեգիտիմացում: Սերբիայի խորհրդարանում համաձայնագրի վավերացումը կարող է տապալվել:

Կոսովոն, իր հերթին, ճանաչում է ստանում Իսրայելի կողմից: Հնարավորություն է ստանում անխոչընդոտ աշխատանք ծավալել միջազգային ճանաչման ընդլայնման ուղղությամբ, քանի որ Սերբիան պարտավորվում է դադարեցնել Կոսովոյի ճանաչման դեմ լոբբիստական գործունեությունը: Դրա փոխարեն Պրիշտինան պարտավորվում է մեկ տարվա ընթացքում քայլեր չձեռնարկել միջազգային կազմակերպություններին անդամագրվելու ուղղությամբ:

Կոսովոն միանում է այսպես կոչված բալկանյան «մինի-Շենգենին»՝ Սերբիայի, Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ միասին, որը քայլ է Շենգենին գոտուն միանալու ուղղությամբ:

Ամփոփում

Ակնհայտ է, որ այս համաձայնագիրը հնարավոր է դարձել մեծապես ԱՄՆ մեծ շահագրգռվածության և կողմերի վրա գործադրված բավական շոշափելի ճնշման արդյունքում: Դրա հետագա կյանքի կոչումը կողմերում ներքաղաքական ակտիվ դեբատների և կողմերի միջև քննարկումների դեռ երկար գործընթաց է ենթադրելու: Եվ միանշանակ չէ, որ այն դրական ազդեցություն է ունենալու հարաբերությունների քաղաքական կարգավորման վրա:

Կողմերի նյութական շահագրգռումն ու հարցի բուն էությունից շեղումը դեպի «հեշտ լուծելի հարցեր» ընդունված պրակտիկա է հակամարտությունների կարգավորման պատմության մեջ, սակայն ոչ միշտ է արդյունավետ երկարաժամկետ կարգավորման տեսանկյունից:

Խնդրահարույց է նաև զուգահեռ մի քանի բանակցային ձևաչափերի ստեղծումն ու բալանսների խախտումը՝ դրանից բխող «խանդի» հնարավոր դրսևորումներով: ԱՄՆ նման ակտիվացումն ու ագրեսիվ ներգրավումը ՌԴ գործընկերների շրջանում կարող է պատասխան գործողություններ առաջացնել՝ ոչ պարտադիր նույն տարածաշրջանում:

Ուստի, առաջին հայացքից դրական առաջընթացի տպավորություն թողնող այս գործարքը կարող է երկար խմորումների և նոր սրացումների պատճառ դառնալ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: