ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոնտենեգրոն 2015 թվականի դեկտեմբերին կդառնա ՆԱՏՕ-ի անդամ

2015 թվականի դեկտեմբերին ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները որոշում կընդունեն Մոնտենեգրոյի՝ դաշինքին անդամակցելու մասին: Այս մասին գրում է «Коммерсантъ»-ը՝ վկայակոչելով Հյուսիսատլանտյան դաշինքի իր աղբյուրին:

ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին հայտ Պոդգորիցան ներկայացրել էր 2007 թվականին, սակայն դաշինքին անդամակցությունը՝ որպես ռազմավարական նպատակ, Մոնտենեգրոյի իշխանությունները հայտարարել են 2010 թվականին: Այս կապակցությամբ  «Коммерсантъ»-ի՝ Մոնտենեգրոյի կառավարության աղբյուրը նշել էր, որ «Մոնտենեգրոյի բոլոր հարևանները ՆԱՏՕ-ի անդամ են, և անվտանգության ապահովման այլ ուղի չկա»: Նա նաև հավելել էր, որ «ՆԱՏՕ-ին անդամակցությունը ամենահուսալի երաշխիքն է ներդնողների համար, որոնցից  մեծապես կախված է երկիրը»:

Նախորդ աշնանը երկրի՝ դաշինքին միանալու հարցը հետաձգվել է պաշտպանության ոլորտում բարեփոխումների անավարտ լինելու պատճառով, սակայն այժմ ՆԱՏՕ-ում այս կապակցությամբ որևէ առարկություն չունեն: Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավն ընդգծել է, որ ռազմական առումով Պոդգորիցան պատրաստ է դաշինքին անդամակցությանը:

Նախորդ շաբաթ Բրատիսլավայում կայացած GLOBSEC անվտանգության միջազգային ֆորումի ժամանակ հստակ ազդանշան ուղարկվեց, որ հենց այս երկիրն է դառնալու ՆԱՏՕ-ի հաջորդ անդամը: Այս ֆորումի ժամանակ Մոնտենեգրոյի վարչապետ Միլո Ջուկանովիչը ներկայացրել է բալկանյան երկու ազդեցիկ գործակալությունների՝ IPSOS – Strategic Marketing-ի և Damar-ի հարցման արդյունքները: Վերջիններիս համաձայն՝ երկրի բնակչության ավելի քան 44-47 տոկոսը կողմ է դաշինքին անդամակցությանը, դեմ է՝ 40-43 տոկոսը: Մոնտենեգրոյի բնակչության 64-66 տոկոսն էլ վստահություն է հայտնել, որ երկիրը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ:  “Коммерсантъ”-ի փոխանցմամբ՝ այս տվյալների հրապարակումից հետո Մոնտենեգրոյի՝ ՆԱՏՕ –ին անդամակցության օգտին արտահայտվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը և դաշինքում Սլովակիայի ներկայացուցիչ Տոմաշ Վալաշեկը: Ավելի վաղ դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ևս հայտարարել էր, որ Մոնտենեգրոն դաշինքի անդամ կդառնան արդեն դեկտեմբերին:

Նշենք, որ ՆԱՏՕ-ի անդամ բազմաթիվ երկրներ կասկածանքով են վերաբերվում նրա ընդլայնմանը՝ նշելով, որ դա կարող է էլ ավելի  մեծ լարվածություն ստեղծել Ռուսաստանի հետ հարաբերություններում: Սակայն նույնիսկ այս պայմաններում բազմաթիվ փորձագետներ համոզված են, որ Մոնտենեգրոյի անդամակցության հավանականությունը բավականին մեծ է: Վերջիններս կարծում են նաև, որ Մոնտենեգրոյի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի կարող էական ազդեցություն ունենալ Ռուսաստանի հետ վերջինիս հարաբերությունների վրա:  

Պատասխանելով այն հարցին, թե ինչու հենց Մոնտենեգրոն կդառնա ՆԱՏՕ-ի անդամ հաջորդ երկիրը՝ նշենք, որ այս երկիրը ներքին քաղաքականության առումով բավականին կայուն է, և նրա ինտեգրումը ՆԱՏՕ-ին ավելի հեշտ կընթանա: Հարկ է նշել, որ Մոնտենեգրոն ելք ունի դեպի ծով, ինչը ռազմավարական կարևորություն ունի Հյուսիսատլանտյան դաշինքի համար՝ հատկապես, որ երկրի օրենսդրությունը լուրջ խոչընդոտներ չի ստեղծում երկրի տարածքում ռազմական բազաներ ստեղծելու հարցում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: