ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանը` մարիխուանայի ապաքրեականացման ճանապարհին

Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովը հունիսի 30-ին պետք է քննարկեր մարիխուանայի և կանեփի օգտագործման ապաքրեականացման մասին օրինագիծը:

Մինչ այժմ խորհրդարանն արդեն երկու անգամ հետաձգել էր տվյալ օրինագծի քննարկումը՝ Թբիլիսիում վերջերս տեղի ունեցած կործանարար ջրհեղեղի պատճառով:

Ըստ վրացական օրենսդրության՝ մարիխուանայի անգամ չնչին քանակով, անձնական օգտագործման նպատակով պահպանումը հանդիսանում է հանցագործություն և պատժվում է 500 լարի տուգանքով: Նման հանցագործության կրկնման դեպքում քաղաքացուն սպառնում է 1 տարվա ազատազրկում:

Օրինագծի հեղինակը և նախաձեռնողը հանդիսանում է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին պատգամավոր Գոգա Խաչիձեն: Ըստ օրինագծի՝ փոփոխությունների պետք է ենթարկվեն քրեական և վարչական օրենսգրքերը, և մարիխուանայի և կանեփի ձեռքբերումը, պատրաստումը և պահպանումը չի լինի քրեորեն պատժվող հանցագործություն անգամ դրա կրկնման դեպքում:

Նշենք, որ 2013թ-ից Թբիլիսիում և Վրաստանի մի շարք այլ քաղաքներում ամեն տարի հունիսի 2-ին տեղի են ունենում բողոքի ակցիաներ՝ մարիխուանայի օրինականացման պահանջով: Որոշ դեպքերում մարիխուանայի ապաքրեականացումը շփոթում են օրինականացման հետ, ինչն  ավելի բացասական արձագանք է առաջացնում հանրային շրջանակներում:

Հատկանշական է, որ Վրաստանում մարիխուանայի ապաքրեականացման խնդիրը հասարակությանը բաժանել է երկու մասի: Խնդրի շուրջ միանշանակ մոտեցումներ չկան ո՛չ ընդդիմության, ո՛չ անգամ իշխանության շարքերում: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կտրականապես դեմ է մարիխուանայի ապաքրեականացմանը, ինչն, ըստ նրա, կարող է «ողբերգական հետևանքներ» ունենալ: Մինչդեռ երկրի նախագահը՝ Գեորգի Մարգվելաշվիլին հակված է նման թեթև հանցագործությունների նկատմամբ ավելի մարդասիրական մոտեցում ցուցաբերել:

Չնայած տարաբնույթ մեկնաբանություններին, մարիխուանայի ապաքրեականացման խնդիրն այժմ սկսվել է ներկայացվել եվրոպական ինտեգրման համատեքստում և ավելի հաճախ են հանդիպում այն փաստարկները, թե վրացական օրենսդրությունն այս հարցում ևս պետք է համապատասխանեցվի եվրոպականին: Պետք է նշել նաև, որ այս խնդրի վերջնական որոշման հարցում իր ազդեցությունը կարող է ունենալ նաև Վրաստանի հասարակական շրջանակներում լուրջ հեղինակություն վայելող Վրաց ուղղափառ եկեղեցու որդեգրած դիրքորոշումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: