ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի 63-րդ կառավարությունը

Կոալիցիա կազմելու քաղաքական օրակարգը շարունակում է զբաղեցնել կարևոր տեղ հետընտրական Թուրքիայում:  Դեռևս անորոշ է, թե ինչպիսի կառավարություն է ունենալու երկիրը՝ կոալիցիոն, թե՞ տեղի են ունենալու նոր արտահերթ ընտրություններ: Մեկ այլ անորոշ և բավական հետաքրքիր խնդիր է, թե կոալիցիայի ձևավորման դեպքում, ո՞ր ուժերը կներգրավվեն նրա կազմում: Այս հարցի հետ կապված միջկուսակցական հանդիպումները և քննարկումները դեռևս շարունակվում են: 

Թուրքիայի սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 9-ին երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին Թուրքիայի 63-րդ կառավարություն ձևավորելու մանդատ է տվել: Թուրքիայի նոր խորհրդարանը պարտավոր է ձևավորել մանդատը ստանալուց հետո 45 օրվա ընթացքում: Այն դեպքում, եթե խորհրդարանը չկարողանա այդ գործընթացը ավարտել ժամանակին, երկրի նախագահը կլուծարի այն և կնշանակի նոր արտահերթ ընտրություններ:

Մանդատը ստանալուց հետո Դավութօղլուն անմիջապես կուսակցությունների ղեկավարների հետ ունեցավ հանդիպման ամբողջական շարք.

Հուլիսի 13-ին Դավութօղլուն սկսեց կուսակցությունների ղեկավարների հետ բանակցությունների առաջին փուլը:

Հուլիսի 14-ին տեղի ունեցավ նրա առաջին հանդիպումը Հանրապետա-ժողովրդական կուսակցության (CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի հետ: Կուսակցությունների պատվիրակությունների հանդիպումը, որը կայացել է Ժողովրդա-հանրապետական կուսացկության գրասենյակում տևել է 1.5 ժամ: Այս հանդիպումից հետո սկսվեց շրջանառվել այն փաստը, որ այս կուսակցությունների միավորումն ամենահավանական տարբերակն է: Իր հերթին Դավութօղլուն հայտարարեց, որ հանդիպումը տեղի է ունեցել «ջերմ և ընկերական մթնոլորտում»:

 Հանդիպումից հետո  Հանրապետա-ժողովրդական կուսակցության (CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն կոչ արեց իր կուսակցության անդամներին զերծ մնալ երկրի նախագահի հասցեին հնչող հայտարարություններից:

Հուլիսի 15-ին կայացավ Ահմեթ Դավութօղլու հանդիպումը «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ: Հանդիպման ժամանակ Դևլեթ Բահչելին հայտարարեց, որ ցանկություն չունի  «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ կոալիցիա կազմել, քանի որ երկրի ապագայի հարցում երկու կուսակցությունների մեջ գոյություն ունեն հակասական տեսակետներ:

Նա նաև նշել է, որ պետք չէ Թուրքիային թողնել առանց կառավարության:
«Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդի հետ 1 ժամ 44 րոպե տևած զրույցից հետո Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց, որ Դևլեթ Բահչելին չի ցանկանում կազմել կոալիցիա:

Հուլիսի 16-ին տեղի ունեցավ Դավութօղլուի և  Թուրքիայի խորհրդարանում 80 պատգամավորական աթոռ զբաղեցրած քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) առաջնորդ Սալահեթդին Դեմիրթաշի հանդիպումը:

Հանդիպման ժամանակ հիմնականում անդրադարձել են քրդական խնդրի դեմոկրատական լուծման գործընթացի քննարկմանը, որը սկսվել էր 2009 թվականին և մինչ այժմ որևէ առաջընթաց չի ունեցել՝ ԱԶԿ-ի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարվելու պատճառով:

Հանդիպումից հետո  Դավութօղլուն հայտարարեց, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության  հետ կոալիցիա կազմելու տարբերակը դեռևս հնարավոր չի համարում։ Վարչապետը կուսակցությանը կոչ էր արել կողմնորոշվել, թե ինչ մոտեցում ունեն Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների մղած զինված պայքարի հետ կապված։

Կուսակցությունների ղեկավարների հետ ունեցած հանդիպումները և նրանց կողմից հնչեցրած հայտարարություններից ելնելով՝ հարց է առաջանում, թե կհաջողվի արդյո՞ք, ստեղծել կոալիցիոն կառավարություն:

Հիմնվելով վերջին իրադարձությունների վրա՝ կարելի է ասել, որ երկրի ներկայիս իշխանությունն երկակի խաղ է վարում: Կոալիցիոն կառավարության ձևավորման և արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորություններն այժմ հավասար են գնահատվում:

Իհարկե, կոալիցիոն կառավարությունը չի բխում Էրդողանի շահերից, սակայն այս պարագայում նույնպես հնարավոր է, որ  նա օգտվի ստեղծված առիթից: Էրդողանը կարող է կոալիցիոն կառավարությունն օգտագործել որպես գործիք, որը հնարավորություն կտա հասարակությանը համոզել, թե ընդդիմության հետ համագործակցության պատճառով է երկրում առաջանում անկայունություն: 

Կարելի է ասել, որ Էրդողանը վստահ է իր իշխանությունն ամրապնդելու հարցում: Արտաքինից ցույց տալով, որ հարգում է ժողովրդի կարծիքը և ընտրությունը՝ նա երկակի խաղ է վարում իր հասարակության հետ: Այս մասին է վկայում այն փաստը, որ   չնայած նրան, որ Արդարություն և զարգացում կուսակցությունը (AKP) հրաժարական է տվել՝ ժամանակավոր կառավարությունը շարունակում է իր մարդկանց ապօրինաբար նշանակել բարձր պաշտոնների:  Ներկայումս շուրջ 700 մարդ  զբաղեցնում է պաշտոն քաղաքացիական ծառայության ոլորտում՝ Արդարադատության նախարարության, Ներքին գործերի նախարարության և Բնապահպանության ու  քաղաքաշինության նախարարության ոլորտում:

 Սակայն, պետք է նշել, որ ժամանակավոր կառավարությունն իրավունք չունի, որոշումներ կայացնել,  քանի դեռ կոալիցիոն կառավարության ձևավորումը (որը պետք է տեղի ունենա մինչև օգոստոսի վերջ) կամ արտահերթ ընտրությունների իրականացումը տեղի չի ունեցել:

Կարելի է ասել, որ Էրդողանն անելու է ամեն հնարավորը, որպեսզի օգուտ քաղի երկու դեպքում էլ: Կոալիցիոն կառավարության ձևավորման դեպքում կփորձի այն ծառայեցնել սեփական շահերին, իսկ նման սցենարի ձախողման դեպքում՝ կաշխատի առավելագույնս օգտվել արտահերթ ընտրություններից: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: