ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի արտահերթ ընտրություններն իրականությու՞ն

Հուլիսի 13-ին սկսած կոալիցիոն կառավարություն ստեղծելու բանակցությունները, որի ժամանակ Թուրքիայի չորս կուսակցությունները միայն առաջ քաշեցին  իրենց նախապայմաններն ու գաղափարական սկզբունքները, համեմատաբար մեծացրեցին հենց արտահերթ ընտրությունների, քան կոալիցիոն կառավարություն ձևավորելու հավանականությունը: Այսպիսի ձախողումից անմիջապես հետո Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շրջանային վարչությունների ղեկավարների հետ ունեցած  հեռախոսազրույցի  ժամանակ կոչ արեց պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

Սակայն կարելի է ասել, որ Դավութօղլուն մի փոքր շտապել է նման հայտարարության հետ կապված, քանի որ Թուրքիայի սահմանադրության համաձայն՝ եթե մանդատը ստանալուց հետո 45 օրվա ընթացքում նրան չհաջողվի ձևավորել նոր կառավարություն, ապա այդ հանձնարարությունը տրվելու է երկրորդ ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությանը՝ այն է Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, որը հավաքելով ձայների 24.95%-ը՝ խորհրդարանում  ձեռք է բերել 132 տեղ: Իսկ եթե Ժողովրդա-hանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն նույնպես ի վիճակի չլինի ձևավորել կառավարությունը, դրանից հետո նոր միայն կարելի է խոսել արտահերթ ընտրությունների մասին:

Թուրքիայի սահմանադրության համաձայն՝ եթե արտահերթ ընտրությունների հրամանն արձակում է  խորհրդարանը, քվեարկության  ճշգրիտ ամսաթիվը նույնպես նշանակվում է նրա կողմից: Իսկ եթե երկրի նախագահն է հանձնարարում սկսել արտահերթ ընտրություններ, քվեարկությունը տեղի է ունենում որոշումը ընդունելուց 90 օր հետո առաջին կիրակի օրը, որը, հավանաբար, տեղի կունենա նոյեմբերի վերջին:

Իսկ նոր արտահերթ ընտրություններ սկսելուց առաջ նախ պետք է ձևավորվի նախարարների ժամանակավոր կաբինետ, որն, իր հերթին, արտահերթ ընտրությունների վերաբերյալ խորհրդարանի կամ նախագահի կողմից արձակած հրամանը պետք է հայտարարի  48 ժամվա ընթացքում: Նախարարների կաբինետի ձևավորման համար վստահության քվե անհրաժեշտ չէ. նրանք կպաշտոնավարեն այնքան ժամանակ, մինչև հաջորդ խորհրդարանը չձևավորվի:

Հաշվի առնելով Թուրքիայի անցած քաղաքական ուղին՝ կարելի է ասել, որ այս անգամ ևս արտահերթ ընտրությունների դեպքում այն տեղի կունենա նշանակված ժամանակից ավելի շուտ: 1961-ից մինչև 2007 թվականները Թուրքիան հնարավորություն է տվել 20 տարբեր կոալիցիոն կառավարությունների ձևավորմանը, որը ոչ միայն արտացոլում է  Թուրքիայի քաղաքական պատմության վայրիվերումներն, այլ նաև ցույց է տալիս մեկ այլ հետաքրքիր դրսևորում. 1961-ից սկսած ընդհանուր 15 արտահերթ ընտրություններից ութն անց են կացվել ավելի շուտ, քան նախատեսված էր:

Այս ընտրությունների հետ Էրդողանը մեծ հույսեր է կապում, քանի որ դա հնարավոր միակ ճանապարհն է, որի միջոցով ԱԶԿ-ը կարող է վերադարձնել տեղերի մեծամասնությունը, միայնակ ձևավորել կառավարությունը և օգնել վերջինիս կյանքի կոչել նախագահական համակարգի իր տեսլականը: Սակայն չպետք է անտեսել այն փաստը, որ արտահերթ ընտրությունը, իհարկե, ունենալու է բացասական հետևանքներ նախևառաջ երկրի տնտեսական ոլորտի վրա:  Քանի որ մեկ այլ ընտրության անցկացումը նշանակում է, որ երկիրը գրեթե ողջ 2015 թվականի ընթացքում անցնելու է անորոշության միջով: Ինչպես հայտնել է Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմետ Սիմսեկը՝ հունիսի 7-ին կայացած ընտրություններից շաբաթներ անց օտարերկրյա ներդրողների արժեթղթերի պորտֆելներն ընկել են 1.7 մլրդ դոլարով, քանի որ ներդրողներն անհանգստություն ունեն, որ անկայուն կառավարությունը չի կարողանա կատարել կառուցվածքային բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են աճ գրանցելու համար:  

Իսկ երկրի նախագահին այս ամենը հուզու՞մ է: Կարելի է ասել՝ ոչ, երկրի պատասխանատուին ոչինչ չի հուզում: Այս մասին է վկայում նաև վերջերս Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկու արած հայտարարությունը: Մեկնաբանելով Սուրուչ քաղաքում «Իսլամական պետության» կողմից իրականացված ահաբեկչությունը, նա հայտնել է, որ այս ամենի հետևում  հնարավոր է, որ ընկած են խորհրդարանական արտահերթ ընտրությունները, որի միջոցով Էրդողանի կուսակցությունը փորձում է ստանալ ձայների առավելագույն տոկոսը և միայնակ ձևավորել կառավարությունը:  Նրա ունեցած տեղեկության համաձայն (որը, ըստ նրա, դեռևս հաստատված չէ, սակայն հիմք է տալիս պնդելու)` Սուրուչ քաղաքի ահաբեկչական ակտը սանդրանք է ՝ ուղղված երկրում վիճակի ապակայունացմանը: Այսպիսի իրավիճակ ստեղծելով՝ Էրդողանը կարող է համոզել հասարակությանը, որ, գտնվելով ծանր իրավիճակում, երկրին անհրաժեշտ է կայուն կառավարություն, ուստի արտահերթ ընտրությունների իրականացում:

Կարելի է ասել, որ Էրդողանը, համագործակցելով «Իսլամական պետության» հետ օգտագործում է ահաբեկչական ակտերն՝ իր քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար: Սակայն չի բացառվում նաև այն հանգամանքը, որ երկրորդ անգամ ընտրություններ անցկացնելու ժամանակ, Էրդողանի կուսակցությունը կրկին չկարողանա հավաքել ձայների մեծամասնությունը…  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: