ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամառային հանգիստը քաղաքում. Խորհուրդներ

Ամռան այս տապին, ցավոք, ոչ բոլորը ժամանակ և հնարավորություն ունեն մեկնել արտերկիր հանգստանալու, վայելել ծովն ու բնությունը, արևայրուք ընդունել կամ տեսարժան վայրեր այցելել: Շատերն իրենց ամառային արձակուրդն անցկացնում են տանը, քաղաքում կամ լավագույն դեպքում կարողանում են մի քանի օրով քաղաքից դուրս մեկնել:

Ինչևէ, այսօր կփորձենք մի քանի տարբերակ առաջարկել քաղաքի մեջ լավագույնս հանգստանալու և բավականություն ստանալու՝ ընդ որում շատ քիչ գումար ծախսելով:

«Մատչելի հանգիստն» արի ու տես կարող է շատ հետաքրքիր ու հագեցած լինել, եթե իհարկե մեծ ցանկություն ու մի փոքր երևակայություն լինի: 

Քաղաքում անցկացվող արձակուրդը կարելի է դիտարկել որպես մի լավ հնարավորություն անելու այն ամենն, ինչը աշխատանքային օրերին սովորաբար չեք հասցնում անել, քանի որ ուշ երեկոյան քաղցած ու հոգնած նետվում եք տուն՝ մի կտոր բան ուտելու և պառկել հանգստանալու: Ուստի այժմ, օգտվելով առիթից, վերցրեք թուղթն ու գրիչը և մի ցուցակ կազմեք՝ ներառելով այն ամենն, ինչ կուզենաք անել քաղաքում:

Սկսենք ամենաթեթևից և ոչ ծախսատարից: Արձակուրդի առաջին իսկ օրը ձեզ հետ վերցնելով ականջակալներ և արևային խոշոր ակնոց, դուրս եկեք երեկոյան զբոսանքի: Ակնոցն ամենևին արևից պաշտպանվելու համար չէ տվյալ դեպքում, քանզի կեսօրին փողոց դուրս գալ ընդհանրապես խորհուրդ չի տրվում, այլ ծանոթների հայացքներից հնարավորինս խուսափելու և թեկուզ կես ժամով մենակ մնալու համար: Միացնելով ձեր ամենասիրելի երաժշտությունը՝ քայլեք ձեր ամենասիրելի փողոցներով: Որպես կանոն, դուք սովոր եք արագ վազել այդ նույն փողոցներով՝ ուշանալով աշխատանքից կամ որևէ գործնական հանդիպումից: Իսկ այժմ պարզապես քայլեք: Վայելեք երեկոյան զովը, քաղաքի աղմուկը, զբոսնող մարդկանց՝ իհարկե ինքներդ աննկատ մնալով հանդերձ: Կարող եք ճանապարհին թարմ քամած հյութ վերցնել կամ սառը սուրճ, որը է՛լ ավելի հաճելի կդարձնի ձեր երեկոյան զբոսանքը: Աշխատեք որքան հնարավոր է շատ ոտքով քայլել, փորձեք տրանսպորտից օգտվել խիստ անհրաժեշտության դեպքում միայն:

Արձակուրդի երկրորդ և դրան հաջորդող մյուս օրերը ևս վաղ արթնացեք և ձեզ ստիպեք գնալ մոտակա այգին՝ վազելու: Քնաթաթախ ժամանակ այդ հեռանկարը սարսափելի կթվա, բայց երբ մի լավ լվացվեք սառը ջրով և հագնեք ձեր մարզակոշիկները՝ կհասկանաք, որ դրանից լավ դժվար թե առավոտն անցկացնեիք: Իսկ երբ վազելուց հետո ավելի թեթևացած ու թարմացած վերադառնաք տուն, համոզված եղեք՝ ինքներդ կցանկանաք նույնը կրկնել հաջորդ օրը ևս: Առավոտյան մարզանքից հետո, եթե հնարավորություն ունեք, քաղաքի որևէ լողավազանի աբոնեմենտ վերցրեք՝ ցանկալի է բացօթյա: Բացօթյա լողավազանում արձակուրդն անցկացնելը ոչ միայն կզովացնի ձեզ և բարձր տրամադրություն կպարգևի, այլև պարբերաբար հաճախելու դեպքում թույլ կտա գեղեցիկ արևայրուք ընդունել, որը գրագետ անելու դեպքում ոչնչով չի զիջի «արտասահմանյան թանկարժեք» արևայրուքին:

Կարող եք նույնիսկ ձեր փոքրիկ լանչը կամ որն ավելի նորաձև է՝  բրանչը (breakfast + lunch) անել հենց լողավազանի մոտ՝ բացօթյա սրճարանում, որպիսին սովորաբար լինում են նորակառույց լողավազանների մոտ: Համեղ պիցցայի կտորը կամ ախորժելի բուրգերը շատ թանկ չեն նստի ձեզ վրա, բայց փոխարենը լիարժեք արձակուրդի տպավորություն կստեղծեն:

Կեսօրի համար, եթե չեք ցանկանում տանն անցկացնել, իսկ փողոցում հայտնվելու համար էլ չափազանց շոգ է, ժամանցի մի քանի տարբերակ ունեք: Ամենանախընտրելին, որը նաև խիստ ուսուցողական կլինի և ձեզ հոգեպես կհարստացնի՝ այցն է պատկերասրահ կամ թանգարաններ: Երբ եք վերջին անգամ եղել դրանցից որևէ մեկում: Այդ մշակութային վայրերը հենց մեր կողքին են գտնվում, մեր քթի տակ, սակայն չգիտես ինչու դրանց երբեք հերթ չի հասնում: Ուշագրավն այն է, որ օտար երկրում շատերս մեր պարտքն ենք համարում ցուցահանդես կամ արվեստի կենտրոն այցելելն ու դրանցով հիանալը, իսկ մեր սեփական քաղաքում միշտ մտածում ենք, որ դեռ կհասցնենք, և այդպես էլ չենք օգտվում նման բարիքներից, որոնք ի դեպ չնչին սիմվոլիկ գումարներ արժեն:

Հաջորդ տարբերակը, որ կարելի է շոգ կեսօրին քաղաքում անել՝ մեգախանութ կամ «մոլ» այցելելն է: Բնավ պարտադիր չէ, որ այցելությունն ավարտվի շոփինգով: Ողջ աշխարհում տարածված է window-shopping կոչվածը, որ իրենից չի ենթադրում գնումներ կատարելը, այլ պարզապես խանութներում տեսականին գնահատելն ու, այսպես ասած, ճաշակ զարգացնելը, որից թե՛ էսթետիկական հաճույք կարող ենք ստանալ, թե՛ երևակայությունը շարժել՝ մեր հավանած իրերից որոշ բաներ հետագայում ինքնուրույն  ձեռքով պատրաստելու հեռանկարով:

Իսկ եթե ո՛չ թանգարանային նմուշներ, ո՛չ էլ խանութների ցուցափեղկեր դիտելու տրամադրություն չունեք, կարող եք ընտրել մեկ այլ՝ երրորդ տարբերակը: Հյուր գնացե'ք: Ձեզ հետ սառը պաղպաղակ կամ ձմերուկ վերցրեք և այցելեք ձեր ընկերներին, կամ էլ, օրինակ, ձեր բարեկամներին, ինչի դեպքում ոչ միայն աշխույժ զրույցներից ու կատակներից հաճույք կստանաք, այլև ձեր պարտքը կատարած կլինեք հարազատների առջև, ովքեր մշտապես բողոքում են, որ դուք այնքան եք աշխատում, որ իրենց ընդհանրապես ժամանակ չեք տրամադրում և նույնիսկ չեք բարեհաճում հեռախոսով զանգել և որպիսություն հարցնել: 

Երեկոյան արդեն, ժամը 7-8-ի սահմաններում կարելի է մտածել թատրոն կամ կինոթատրոն հաճախելու մասին: Դա էլ այն զբաղմունքն է, որը շատ հաճախ նույնիսկ շաբաթ-կիրակի օրերին չենք հասցնում անել, իսկ արձակուրդը կատարյալ հնարավորություն է որևէ լավ ֆիլմ կամ ներկայացում երկար նստել ընտրելու, նախապես տոմսերը պատվիրելու և սիրելի մարդկանց հետ միասին հրաշալի երեկո անցկացնելու:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: