ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արտահերթ ընտրությունները կարդարացնե՞ն Էրդողանի սպասումները

Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը զգալիորեն աճել է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նախօրեին Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչօղլուի հետ կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ հերթական բանակցությունների ձախողումից հետո:

«Մեր երկրի մնայուն կայունության համար բոլոր ճանապարհները փորձելուց հետո դարձյալ ժողովրդի կամարտահայտությանը դիմելու հավանականությունը շատ է մեծացել, անգամ՝ կարող ենք ասել, որ դա միակ տարբերակն է դարձել»,- ասել է Դավութօղլուն:

Ըստ թուրքական Սահմանադրության՝ եթե ընտրություններին հաջորդող 45 օրերի ընթացքում չի հաջողվում կազմել կառավարություն, երկրի նախագահն իրավունք ունի ցրելու խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակելու: Հունիսի 7-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, երբ իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը իշխանության ղեկին գտնվելու 13 տարիների ընթացքում առաջին անգամ չհաջողվեց բավարար ձայներ հավաքել մեծամասնության կառավարություն ձևավորելու համար, շատ վերլուծաբաններ համոզմունք էին հայտնում, որ Էրդողանը կձախողի կոալիցոն կառավարություն կազմելու փորձերը և արտահերթ ընտրություններ կնշանակի՝ իր հավակնություններն առանց խոչընդոտների կյանքի կոչելու համար:

Արդարություն և զարգացում կուսակցության ղեկավար, վարչապետ Դավությօղլուի արտահերթ ընտրությունների հավանականության մասին այս հայտարարությունը կարելի է ասել ի չիք դարձրեց կոալիցիոն կառավարություն կազմելու բոլոր լավատեսական կանխատեսումները՝ չնայած, որ դրա վերջնաժամկետը լրանում է միայն օգոստոսի 23-ին, իսկ Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ իր կուսակցությունը պատրաստ է բանակցություններ սկսել կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ:

Սակայն Էրդողանին իր միանձնյա իշխանությունն ամրապնդելու նպատակով  սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար ակնհայտորեն կոալիցիոն կառավարություն հարկավոր չէ:

Ընտրություններին հաջորդած երկու ամիսների ընթացքում Թուրքիայի և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականությունում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել: Մասնավորապես Անկարան միացել է ԻՊ դեմ պայքարող միջազգային կոալիցիային և բացահայտ պատերազմ է սկսել քուրդ զինյալների դեմ: Ենթադրվում է, որ Էրդողանի այս երկու նախաձեռնությունները կբարձրացնեն իշխող կուսակցության հեղինակությունը: Վերջինը հատկապես կնպաստի մեծացնել ԱԶԿ-ի վարկանիշը ազգայնականների շրջանում:

Սակայն թուրքական SONAR սոցիոլոգիական հիմնադրամի կողմից անցյալ շաբաթ հրապարակված սոցիոլոգիական հարցման տվյալները դեռևս մեծամասնություն չեն երաշխավորում էրդողանի կուսակցության համար: Էրդողանի կուսակցության հեղինակությունը բարձրացել է ընդամենը 2 տոկոսով: Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունն, ի տարբերություն քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության, որն, ըստ հարցման, կորցրել է ընտրողների 3 տոկոսի աջակցությունը, դեռևս պահպանում է իր ընտրազանգված:

Նման պայմաններում դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ ԱԶԿ-ին նոյեմբերին նախատեսվող արտահերթ ընտրությունների ժամանակ անհրաժեշտ քանակությամբ ձայներ հավաքել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: