ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արջի և վիշապի միությունն ո՞ւմ համար է շահավետ

Այժմ մենք ականատես ենք լինում Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունների աճող սերտացմանը: Երկու երկրների ղեկավարները նշում են, որ ՌԴ և ՉԺՀ կապերը գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա: Ստորագրվել են բազմաթիվ պայմանգրեր, անցկացվում են համատեղ զորավարժություններ, Մոսկվան ու Պեկինը դարձել են շատ միջազգային նախաձեռնությունների հեղինակներ, ինչպիսիք են ԲՌԻԿՍ-ը, Համագործակցության շանհայյան կազմակերպությունը: Չինաստանը քաղաքական աջակցություն ցուցաբերեց Ռուսաստանին, երբ վերջինիս նկատմամբ Արևմուտքը պատժամիջոցներ կիրառեց:

Ռուսաստանն ու Չինաստանը շատ ընդհանուր բան ունեն: Օրինակ, պատմական ժամանակագրության առումով: Երկու երկրներում էլ համարյա միաժամանակ վերացավ միապետությունը. 1911թ. Սինհայի հեղափոխության արդյունքում իշխանությունից հեռացվեց Ցին դինաստիան և առաջին հանրապետության նախագահ դարձավ Սուն Յաթսենը, իսկ Ռուսաստանում էլ 1917թ. փետրվարին ռուսական ցար Նիկոլայ 2-րդը հրաժարվեց գահից:

Երկու երկրների միջև հարաբերությունների բուռն զարգացումը տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ 1949թ. ստեղծվեց կոմունիստական Չինաստանը Մաո Ցզեդունի գլխավորությամբ: Այդ ժամանակ նույնիսկ երգ կար՝ «Русский с китайцем братья навек»: Խորհրդային Միությունն օգնում էր զարգացնել ՉԺՀ տնտեսությունը և ամրապնդել իր դիրքը միջազգային ասպարեզում:

Այսօր կարծիք կա, թե Չինաստանը հանդիսանում է Ռուսաստանի դաշնակիցը նոր աշխարհակարգի կառուցման հարցում:

Իսկ իրականում ինչպիսի՞ն են այս հարաբերությունների իրական բնույթը և հեռանկարները:

Շատերը գերագնահատում են ներկա ռուս-չինական հարաբերությունները: Նախ, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2014-ին կազմել է 95 մլրդ ԱՄՆ դոլար, ինչով Ռուսաստանը գտնվում է ՉԺՀ առևտրային գործընկերների 9-րդ տեղում: Այսօր Պեկինն ավելի շահագրգռված է լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի, Ճապոնիայի ու Եվրոպայի հետ:

Երկրորդ, ստորագրված պայմանագրերից շատերը չեն կատարվում: Վերջերս մեկնարկեց առաջին փորձնական գնացքը Նոր Մետաքսի ճանապարհով, որով չինական բեռները պետք է հասնեն Եվրոպա: Քանի որ ռուսական կողմն այս հարցում դանդաղ է գործում, պատրաստման փուլում է գտնվում Ռուսաստանը շրջանցող Մետաքսի ճանապարհի մյուս ճյուղը՝ Ղազախստանով դեպի Կովկաս և Թուրքիա:

Երրորդ, մենթալիտետով չինացիներն ու ռուսները խիստ տարբերվում են: Նրանց մշակույթները խիստ տարբեր են, ինչը կապված է այս աշխարհում մարդու կերպարի, աստվածայինը զգալու, մարդկային կյանքի արժեքի հետ: Այնպես որ երկու ժողովուրդներին կապում են ոչ թե հոգևոր սկզբունքները, այլ քաղաքական ամբիցիաները:

Չի կարելի մոռանալ նաև այն, որ չինացիները կարող են ռուսներին հողատարածքների հաշիվ ներկայացնել: Հիշենք պատմությունը, երբ 19-րդ դարում ռուսները ստիպում էին չինացիներին անշահավետ պայմանագրեր ստորագրել, երբ երկիրը թուլացել էր Ափիոնային պատերազմների պատճառով: Արդյունքում Հեռավոր Արևելքում Ռուսաստանին անցան հարյուր հազարավոր քառակուսի կիլոմետրեր: Սակայն հարկ է նշել, որ 1950-ականներին ԽՍՀՄ-ը չինացիներին վերադարձրեց Պորտ-Արտուր և Դալնի նավահանգիստները:

Ի դեպ, այսօր Չինաստանում ակտիվորեն շահարկվում է ազգային ստորացման և ազգային արժանապատվության վերականգնման գաղափարը: Այն իրականացվում է «Չինական երազանք» կարգախոսում: Այդ երազանքը կայանում է Չինաստանի վերականգնման մեջ այն սահմաններում և այն կարգավիճակում, ինչ նա ուներ 19 դարի կեսերին:

Խորհրդային տարիներին ԽՍՀՄ-ն ակտիվորեն օգնել է Չինաստանի զարգացմանը, կառուցել է նրա արդյունաբերությունը, կադրեր պատրաստել: Այն դիտարկում էր Չինաստանը որպես Արևելյան Ասիայում իր քաղաքականության հենարան, այսինքն՝ հարաբերությունները կառուցվում էին կոշտ և պրագմատիկ, չնայած երկու ժողովուրդները միմյանց նկատմամբ համակրանք ունեն:

Այժմ պատմությունը շրջվել է, և նույն բանն անում են չինացիները ռուսների նկատմամբ: Չինաստանը բոլորի կողմից ճանաչված համաշխարհային տերություն է, որն ավելի ու ավելի բարձր ձայնով է հայտարարում իր աշխարհաքաղաքական ամբիցիաների մասին: Այժմ տեսնում ենք, որ շատ միջազգային կառույցներում և նոր տնտեսական նախաձեռնություններում գլխավոր դերը խաղում է ոչ թե Ռուսաստանը, այլ Չինաստանը:

Նշենք նաև, որ այժմ Չինաստանը ցանկանում է օգտագործել Ռուսաստանին սեփական արդյունաբերության զարգացման համար որպես հումքի մշտական աղբյուր: Քաղաքական պլանում Պեկինը ցանկանում է տեսնել Մոսկվային որպես ՄԱԿ-ում հուսալի գործընկերոջ: Միաժամանակ Ռուսաստանը նրա համար իր ապրանքների շուկա է և տրանսպորտային միջանցք դեպի Եվրոպա:

Չինաստանն ու Ռուսաստանը տեղերով փոխվեցին, քանի որ չինացիները կարողացան օգտագործել ժամանակակից աշխարհի հնարավորությունները: Ռուսաստանն այժմ ներգրված է չինական զարգացման հայեցակարգում, ինչպես մի ժամանակ Չինաստանն էր ներգրված Խորհրդային Միության հայեցակարգում:

Կարևոր է նշել, որ Չինաստանը Ռուսաստանին չի դնում առաջնահերթ գործընկերների թվում, ուղղակի այն պարզ պատճառով, որ Չինաստանի համար ոչ ոք առաջնահերթություն չէ:

Կարմիր վիշապն իր շահերն ունի աշխարհի տարբեր ծայրերում…


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: