ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիա-Իսրայել-Ալ Աքսա՝ ի՞նչ է իրականում կատարվում

Հրեական Նոր Տարվա նախօրեին Երուսաղեմում պաղեստինցիների և Իսրայելի ոստիկանության միջև տեղի ունեցած բախումները, որոնք մուսուլմանների պնդմամբ միտում ունեն խախտելու Ալ-Աքսա մզկիթի ստատուս քվոն, կարելի է ասել հայտնվել են քննարկումների կիզակետում:

Պաղեստինյան կողմը պնդում է̦ որ իսրայելական ոստիկանական ուժերը ներխուժել են մզկիթ և մուսուլմանների դեմ նռնակներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ կիրառել: Իսկ իսրայելական ոստիկանությունն էլ իր հերթին հայտնում է, որ բախումները սկսվել են այն բանից հետո̦ երբ ոստիկանները փորձել են ձերբակալել մի խումբ պաղեստինցի երիտասարդների: Նրանց պնդմամբ ոստիկանությունը ստացել է օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ մզկիթում հավաքված մի քանի տասնյակ երիտասարդ արաբներ քարերով և ինքնաշեն պայթուցիկ սարքերով պատրաստվել են հարձակվել հրեական խմբի վրա:  

Իսկ ինչի՞ հետևանքով է առաջացել այսպիսի անհանդուրժողականությունը:

Կարելի է ասել, որ Տաճարի լեռան կարգավիճակը պաղեստինա-իսրայելական հարաբերությունների առավել սուր խնդիրներից է: Այս հակամարտությունը շարունակվում է արդեն երկար տարիներ: Ինչպես հայտնի է, Երուսաղեմում ապրում են տարբեր կրոնների ներկայացուցիչներ, և նրանք բոլորն էլ ունեն սուրբ վայրեր մուտք գործելու իրավունք:  1967 թվականին, երբ  Վեցօրյա պատերազմի  արդյունքում  Երուսաղեմն անցավ Իսրայելի ինքնիշխանության տակ, Իսրայելի կառավարությունը սկսեց պահպանել տարբեր կրոնների սրբավայրերի ստատուս քվոն:  Իսկ ինչ վերաբերում է Տաճարի լեռանը, որը  սրբավայր է հանդիսանում հրեաների, քրիստոնյաների և մուսուլմանների համար, ապա այնտեղ ստատուս քվոն պահպանելու նպատակով  որքան էլ, որ  պարադոքսային հնչի, հրեաների իրավունքները սահմանափակ են: Սուրբ լեռը բարձրանալու համար հրեաները պետք է նախօրոք ունենան Վակֆի համաձայնությունը (կրոնական կազմակերպություն, որը ղեկավարում է մուսուլմանական սրբավայրերը), որը սկսած 1967 թ.-ից վերահսկում է այս տարածքները:

Այնուամենայնիվ, այս ստատուս քվոն պարբերաբար խախտվում է վերջին տարիներին: Հրեական փոքր խմբերին թույլատրվում է այցելել Տաճարի լեռը, սակայն արգելվում է աղոթել:  Հակառակ արգելքի՝ արմատական հրեաներն աղոթքներ են կարդում՝ հարուցելով մուսուլմանների զայրույթը:

Իսկ ինչպես հայտարարում են իսրայելական լրատվամիջոցները՝ (ավելի վաղ այս մասին նաև նշել էր Մոսկվայում Իսրայելի դեսպան Դորիթ Գոլենդերը)  մուսուլմանները Ալ-Աքսայում մշտապես արել են այն ամենն, ինչ ցանկացել են, այդ թվում՝ մզկիթում պահել են բռնության ակտեր իրականացնելու համար նախատեսված ձողեր, քարեր և պայթուցիկներ: Կարելի է ասել, որ հիմնականում  այս խախտումների պատճառով էլ ամեն տարի այս վայրում տեղի են ունենում բախումներ, որոնք էլ իրենց հերթին սերմանում են կրոնական ատելություն:  

Սակայն, այս տարվա բախումների ժամանակ ամենից հատկանշականը Թուրքիայի և Իսրայելի փոխադարձ սուր քննադատությունն էր միմյանց նկատմամբ: Իսրայելի պնդմամբ այս ամենի հետևում կանգնած է պաշտոնական Անկարան, որը գործում է նախագահ Էրդողանի հովանավորության տակ գտնվող Համասի առաջնորդներից մեկի՝ Սալեհ ալ-Արուրի միջոցով: Իսկ Թուրքիան, հերքելով այս փաստը, իր հերթին, մեղադրանքներ հնչեցրեց Իսրայելի վարչապետի հասցեին՝ հայտարարելով, որ վերջինս «խաղում է կրակի հետ» և իր վարած քաղաքականությամբ զայրույթ է առաջացնում մուսուլմանական բոլոր երկրներում:

Սակայն կարելի է ասել, որ այս պարագայում երկու կողմերն էլ նոր խաղի կանոններով են առաջնորդվում: Իսկ այդ «խաղը» հասկանալու համար անհրաժեշտ է անդրադարձ կատարել երկու երկրների անցած քաղաքական ուղուն:

Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները սկսել են սրվել 2010 թվականի մայիսի 31-ին` Գազայի հատված օգնություն փոխադրող թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա տեղի ունեցած դեպքերից հետո, որի ժամանակ  բեռների ստուգում անցկացվելու վերաբերյալ Թել Ավիվի պահանջին չենթարկվելու պատճառով իսրայելցի զինվորների հարձակման արդյունքում նավի վրա 9 թուրք քաղաքացի է զոհվել, իսկ 40-ը՝ վիրավորվել: Այդ ժամանակ Անկարան Իսրայելից պահանջել է պաշտոնապես ներողություն խնդրել և փոխհատուցել յուրաքանչյուր տուժածին, ինչպես նաև շրաջափակումից հանել  Գազայի հատվածը՝ մեղադրելով Իսրայելին ցեղասպանության մեջ:

Սակայն մի քանի տարի հետո միայն՝ 2013 թվականի մարտին,  Իսրայել կատարած այցի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստիպեց  Նեթանյահուին հեռախոսազանգի միջոցով ներողություն խնդրել Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Էրդողանից:

Նեթանյահուի այս զանգը հանգեցրեց այն բանին, որ երկու կողմերի միջև սկսեցին  շփման գծեր ի հայտ գալ:

 2013 թվականի դեկտեմբերին Իսրայելը Ստամբուլ ուղարկեց  Յոսի Քոհենի գլխավորած պատվիրակությունը:

2014 թվականի հունվարին  թուրքական պատվիրակությունն այցելեց Երուսաղեմ:

Որոշ ժամանակ անց նույնիսկ դիվանագետներ հանդես եկան երկու երկրների միջև համաձայնագրի նախագիծ կնքելու առաջարկով, ինչն ուղղված էր կարգավորելու «Մավի Մարմարա» դեպքերի հետևանքները:

Սակայն Համասի գրոհայինների կողմից Իսրայելի տարածքում զանգվածային ռմբակոծություն իրականացնելու և դրան հաջորդող 2014 թվականի «Անխորտակելի ժայռ» գործողության պատճառով փաստաթղթի ստորագրումն այդպես էլ տեղի չունեցավ, իսկ հետագա բանակցությունները դադարեցվեցին:

Այստեղ հատկանշականն այն է, որ չնայած այս արտաքին հակամարտություններին՝ երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը շարունակում էր խորանալ:

Բացի այդ երկու երկրների միջև համագործակցության մասին է վկայում նաև 2015 թվականի հունիսին Իսրայելի և Թուրքիայի դիվանագետների՝  Հռոմում տեղի ունեցած  փակ հանդիպումը: Չնայած նրան, որ երկու կողմերն էլ փորձում էին  գաղտնի պահել այս հանգամանքը, այնուամենայնիվ, իսրայելական և եվրոպական լրատվամիջոցների կողմից տեղեկատվության արտահոսքն անխուսափելի եղավ: Չունենալով մանևրելու տեղ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ  Չավուշօղլուն հաստատեց Իսրայելի հետ ընթացիկ բանակցությունների փաստը:

Հաշվի առնելով բոլոր այս հանգամանքները, կարելի է ասել, որ Թուրքիայի և Իսրայելի նման արձագանքը ոչ միայն զարմանք է պատճառում, այլ նաև ցույց է տալիս երկու կողմերի   վարած երկակի քաղաքականությունը:  Մի կողմից̦ կողմերը մեղադրում են միմյանց, սակայն մյուս կողմից թուրք-իսրայելական քողարկված համագործակցությունն ակնհայտ է:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: