ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մրցանակ գաղափարի համար

Հայտարարվել է մրցույթ հանրային հնչեղության գաղափարի համար: Ցանկացած ոլորտին առնչվող կարևոր և նորարարական գաղափարների հեղինակները կպարգևատրվեն՝ ստանալով նաև լրացուցիչ աջակցություն իրենց գիտական և մասնագիտական գործունեության մեջ:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամը և «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական, վերլուծական հասարակական կազմակերպությունը համատեղ հայտարարել են գիտության և կրթության, մասնավորապես՝ հասարակագիտության, քաղաքագիտության, մեդիաանվտանգության, ինտեգրացիոն գործընթացների և այլ ոլորտներին առնչվող հասարակական հնչեղության գաղափարների մրցույթ: Լավագույն գաղափարի հեղինակները կստանան գումարային մրցանակ, իսկ կազմակերպիչները ջանքեր կգործադրեն գաղափարը կյանքի կոչելու համար, այդ թվում՝ ներգրավելով գաղափարի հեղինակին:

Այդ մասին այսօր «Սպուտնիկ» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել են «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը, ով նաև մրցույթի հանձնաժողովի նախագահն է, և «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը, ով հանձնաժողովի փոխնախագահն է:

Խոսելով մրցույթի նպատակների մասին՝ բանախոսները շեշտել են, որ հիմնական նպատակն ինտելեկտուալ աշխատանքի գնահատման և նորարարական գաղափարների գեներացման խթանումն է:

«Վերջին տարիներին ինտելեկտուալ ռեսուրսներ պահանջող աշխատանքի պակաս է նկատվում, հարկավոր է խթանել ինտելեկտուալ զարգացումը՝ հատկապես երիտասարդության շրջանում»,- նշել է Արամ Սաֆարյանը: Ըստ նրա, այս մրցույթը հնարավորություն կտա հասարակության միջից առանձնացնել մտածող, կրեատիվ երիտասարդների, ովքեր ունեն կարևոր գաղափարներ, և աջակցել նրանց գիտական գործունեությանն ու կարիերայի աճին: Նրա խոսքերով, մրցույթի կազմակերպիչները, ինչպես նաև նրանց հետ համագործակցող Եվրասիական փորձագիտական ակումբը հետագայում մրցույթի մասնակիցներին և հատկապես հաղթողներին կհրավիրեն իրենց կողմից կազմակերպվող միջոցառումներին, կլոր սեղան-քննարկումներին, սեմինարներին, իրենց աջակցությունը կցուցաբերեն նրանց գիտական գործունեությանը և միջազգային միջոցառումների մասնակցության հնարավորություններ կընձեռեն:

Սաֆարյանը նաև նշեց, որ իրենք ուրախ կլինեն, եթե այլ հիմնադրամներն ու իրենցից էլ ավելի մեծ հնարավորություններ ունեցող կազմակերպությունները նույնպես նման նախաձեռնություններով հանդես գան և աջակցեն կարևոր գաղփարների կյանքի կոչմանն ու երկրի ինտելեկտուալ ռեսուրսի զարգացմանը: 

«Նման մրցույթը հնարավորություն կտա ոչ միայն ունենալ հետաքրքիր և կարևոր գաղափարների շտեմարան, այլև բարձրացնել գիտելիքի վարկանիշը»,- նշեց Գագիկ Հարությունյանը: Նա հույս հայտնեց, որ մրցույթին կմասնակցեն նաև Սփյուռքի մեր ազգակիցները, քանի որ մրցույթը չունի տարիքային, աշխարհագրական և այլ սահմանափակումներ:  

Մրցույթի հայտարարությունը հոկտեմբերի 1-ին կտեղադրվի «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի պաշտոնական կայքում, ինչպես նաև կտարածվի հայաստանյան բուհերում, վերլուծական կենտրոններում: Մինչև նոյեմբերի 1-ը բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան իրենց գաղափարները, շարադրելով 3 էջի սահմաններում, ուղարկել կազմակերպիչներին: Այնուհետև 10-օրյա ժամկետում հանձնաժողովի անդամները կծանոթանան հայտերին և կընտրեն հաղթողներին: Առաջին երեք տեղերը զբաղեցրած գաղափարների հեղինակները կստանան դրամական պարգև՝ համապատասխանաբար 300 հազար դրամ, 200 հազար դրամ և 100 հազար դրամ: Կազմակերպիչները հետագայում ջանքեր կգործադրեն այդ գաղափարները կյանքի կոչելու կամ դրանց կյանքի կոչմանն աջակցելու ուղղությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: