ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրեբունի-Երևան․ Մեր ջերմ ու բարի քաղաքը դառնում է 2798 տարեկան

Projects.aegee.org

Երևան դարձած իմ Էրեբունի,

Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,

Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,

Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք…

Պարույր Սևակի աննման բանաստեղծության համանուն այս երգը յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսին սկսում է հնչել քաղաքի բոլոր անկյուններից̦ տոնական փողոցներից և իրենց քաղաքն անչափ սիրող բնակիչների շուրթերից…

Վանի թագավորության քաղաք Էրեբունին հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին։ Ըստ Վանում գտնված սեպագիր տարեգրության՝ Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն իր ղեկավարման 5-րդ տարում կառուցեց Էրեբունի քաղաքը։ 1950 թվականին Արին-Բերդի բլրի վրա գտած մի սալաքարի վրա արված գրությունը թույլ է տալիս նույնականացնել Էրեբունի և Երևան քաղաքները։ Սալաքարի վրա գրված է.

«Խալդի աստծո զորությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի՝ ի հզորություն Բիայնիլի երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր...»

Դարերի ընթացքում մեծ է եղել քաղաքի դերը Հայաստանի տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքում: Առևտրի այդ մեծ կենտրոնով էին անցնում քարավանային բազմաթիվ ճանապարհներ:  Հնագիտական պեղումները վկայում են, որ Էրեբունին վարչական խոշոր կենտրոն էր` ամենահզորը Արարատյան դաշտում:

Դարերի ընթացքում քաղաքը մնացել է կանգուն` անցնելով բազում արհավիրքների ու փորձությունների միջով: Անթիվ են եղել ասորիների, հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների, արաբների, սելջուկների, մոնղոլների ու թուրքերի ասպատակությունները, բայց ժողովուրդը շարունակում էր արարել` դիմակայելով բոլոր արհավիրքները: Զուգահեռաբար ստեղծվել է քաղաքակրթություն` արժեքավոր մշակույթով ու գիտությամբ:

1918թ. մայիսի 28-ին արդեն վաղուց Երևան դարձած Էրեբունին (այդպես էլ հայտնի չէ քաղաքի անվան իսկական ծագումը, թեև կան բազում վարկածներ) հռչակվեց Հայաստանի Հանրապետության, իսկ 1920թ. նոյեմբերի 29-ին` Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք:

Երևանը Խորհրդային Միության առաջին քաղաքն էր, որն ունեցավ  գլխավոր հատակագիծ: Ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի հեղինակած գլխավոր հատակագիծը հաստատվեց 1924 թվականին. նախատեսված էր 150000 բնակչի համար:

Ժամանակի ընթացքում քաղաքի վարչական տարածքը մեծացավ 5 անգամ: Սկսվեց կառուցապատումը. Երևանը կառուցապատվում էր բազալտով, գրանիտով, մարմարով: Ամենատարածված շինանյութը վարդագույն տուֆն էր: Եվ քանի որ այդ շինանյութն ինքնատիպ գունագեղություն ու առանձնահատուկ երանգ էր տալիս քաղաքին, սկսեցին Երևանն անվանել «Վարդագույն քաղաք»: Հետագա 70 տարում մայրաքաղաքի տարածքն էլ ավելի ընդլայնվեց: 1991թ. սեպտեմբերի 21-ին Երևանը դարձավ ոչ միայն անկախ Հայաստանի Հանրապետության, այլև աշխարհասփյուռ հայության մայրաքաղաք:

«Էրեբունի-Երևան»-ի առաջին պաշտոնական տոնակատարությունն անց է կացվել 1968թ. հոկտեմբերին. նշվում էր մեր մայրաքաղաքի հիմնադրման 2750-րդ տարեդարձը։ Հոբելյանական հանդիսությունները տևեցին մոտ մեկ շաբաթ։

Քաղաքի հրապարակներում, պողոտաներում, այգիներում, պուրակներում ու փողոցներում պատրաստված բեմահարթակների վրա մի քանի օր շարունակվում էին արվեստի խմբերի համերգները, երգի ու ցնծության հանդեսները։ Ավանդական դարձած այս տոնը տարեցտարի դարձավ ավելի բազմաբնույթ, ավելի ժողովրդական։

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Այստեղ են գտնվում հազարամյակների պատմություն ունեցող պատմամշակութային արժեքներ։ Կան բազմաթիվ թանգարաններ, հուշարձաններ, եկեղեցիներ, որոնք վկայում են քաղաքի հոգևոր, մշակութային և գիտական բարձր կարգավիճակի մասին։ Երևանը՝ որպես ձեռնարկատիրական գործունեության և ներդրումների համար կայուն և ապահով, զբոսաշրջության համար գրավիչ պատմամշակութային քաղաք, միջազգային զբոսաշրջային շուկային բազմաբնույթ մրցունակ զբոսաշրջային արդյունք և բարձրակարգ ծառայություններ առաջարկելու մեծ ներուժ ունի։

Զուր չէ, որ ոչ միայն Պարույր Սևակը, այլև Հովհաննես Շիրազը, Վլադիմիր Հարությունյանը և շատ ուրիշներ բազում գեղեցիկ տողեր են նվիրել մեր չքնաղ մայրաքաղաքին...

Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,

Իսկ մենք բոլորս էլ քեզնով հարբել:

Տաք է սերը մեր շեկ քարերիդ պես,

Հին է սերը մեր ձիգ դարերիդ պես…

Տո՛նդ շնորհավոր̦ ջերմ ու բարի քաղաք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2025
       
    23.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: