ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը պատրաստ է աջակցելու ԵԱՏՄ-Իրան երկխոսության ձևավորմանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով հոկտեմբերի 14-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությունը: Հովիկ Աբրահամյանի և Էսհաղ Ջահանգիրիի առանձնազրույցից հետո կայացել է պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Այնուհետև ՀՀ վարչապետը և ԻԻՀ առաջին փոխնախագահը ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և հանդես եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:


Ստորև ներկայացվում է հայտարարությունների տեքստն ամբողջությամբ.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյան - Քիչ առաջ ավարտվեց Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ, հարգարժան պարոն Ջահանգիրիի և իր պատվիրակության հետ հանդիպումը, որը անցավ շատ ջերմ և բարեկամական մթնոլորտում: 
Թե´ առանձնազրույցի և թե´ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ մենք վերահաստատեցինք մեր պատրաստակամությունը՝ ընդլայնելու և նոր թափ հաղորդելու հայ-իրանական համագործակցությանը, որը հիմնված է երկու ժողովուրդների միջև խոր արմատներ ունեցող բարեկամության վրա և ընթանում է փոխադարձ վստահության մթնոլորտում: Մենք ամփոփեցինք ուղիղ մեկ տարի առաջ Իրան կատարած իմ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև քննարկեցինք ապագա ծրագրերի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:
Եվս մեկ անգամ գոհունակություն հայտնեցինք Իրանի միջուկային ծրագրերի շուրջ կայացած բանակցությունների դրական արդյունքների և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ՝ վստահություն հայտնելով, որ դրանք կծառայեն ի շահ տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայուն զարգացման, ինչպես նաև նոր հնարավորություններ կբացեն Իրանի հետ թե´ երկկողմ, թե´ բազմակողմ ձևաչափերով համագործակցության համար: 
Բանակցությունների ընթացքում քննարկված հարցերը, մասնավորապես, վերաբերում էին առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, էներգետիկայի ոլորտի ծրագրերին, տրանսպորտային ենթակառուցվածքներին, գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին, ինչպես նաև հումանիտար ոլորտի՝ կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցերին: 
Մանրամասն անդրադարձանք Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքներին: Հաշվի առնելով նշված ծրագրի կարևորությունը՝ ուրախությամբ փաստեցինք, որ կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են՝ համոզմունք հայտնելով, որ դրանք կընթանան և կավարտվեն համաձայն սահմանված ժամանակացույցի՝ 2018 թվականին: Միևնույն ժամանակ հստակեցրինք Մեղրի ՀԷԿ-ի կառուցման հետ կապված հետագա անելիքները և Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի ընթացքը: 
Անդրադարձանք նաև ճանապարհային ենթակառուցվածքների ծրագրերին, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին և Հայաստան-Իրան երկաթգծի նախագծին՝ երկուստեք կարևորելով դրանց առանցքային դերը տարածաշրջանային փոխգործակցության բարելավման և միջանցքի երկայնքով տնտեսական աճի ապահովման հարցում: 
Գոհունակություն հայտնեցինք գյուղատնտեության ոլորտում իրականացվող ծրագրերից, որոնք շատ հաճախ ընթանում են ինչպես միջպետական, այնպես էլ միջմարզային մակարդակներում: Երկուստեք կարևորվեց նաև մշակույթի ոլորտում իրականացվող համագործակցությունը և պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման կարևոր խնդիրը: 
Հատուկ ընդգծվեց հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և կանոնավոր հանդիպումների անհրաժեշտությունը, որը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերու-թյունների փոխշահավետ զարգացման լավագույն միջոցն է: 
Շոշափեցինք նաև ԵԱՏՄ-Իրան հարաբերութուններին առնչվող հարցերը: Հայաստանի Հանրապետության կառավարության անունից պատրաստակամություն հայտնեցի աջակցելու ԵԱՏՄ-Իրան երկխոսության ձևավորմանը և համագործակցության խորացմանը, մասնավորապես, ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի նախապատրաստվող համաձայնագրի կնքման համատեքստում: 
Ամփոփելով խոսքս՝ կարող եմ նշել, որ բանակցություններն ընթացան բարեկամ երկրներին բնորոշ ջերմ և կառուցողական մթնոլորտում: Շնորհակալություն»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրի - Ուրախ եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները զարգացման ուղիով են անցնում: Իմ և ինձ ուղեկցող պատվիրակության և Հայաստանի Հանրապետության պատվիրակության հանդիպման ընթացքում քննարկվել են ամենատարբեր բնագավառներում հարաբերությունների զարգացմանը վերաբերող խնդիրներ: 
Պաշտոնական փոխադարձ այցելությունները շարունակվում են, և ոչ մի սահմանափակում չկա երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Տնտեսական բնագավառում «5+1» բանակցությունների շրջանակում Իրանի ձեռք բերած հաջողությունները նոր և դրական պայմաններ են ստեղծում հարաբերությունների զարգացման համար և նոր բնագավառներ բացում նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման համար: 
Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության ծրագիրը, որը որոշ ժամանակահատվածի ընթացքում ուներ դժվարություններ, ՀՀ վարչապետի Իրան այցելության ընթացքում և մեր բանակցությունների շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների և գործադրած ջանքերի արդյունքում, վերսկսվել է, և համոզված ենք, որ կարճ ժամանակահատվածում կկարողանանք շինարարական աշխատանքները կհասցնենք ավարտին: Կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու երկրների էներգետիկայի նախարարների և հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահների՝ պարոն Չիթչիանի և պարոն Զախարյանի ջանքերի համար: Ճանապարհային, տրանսպորտի, երկաթգծի և փոխադրումների հետ կապված մենք լավ քննարկումներ ենք ունեցել և համոզված ենք, որ տարածաշրջանային մյուս երկրների հետ համագործակցության շրջանակում կկարողանանք Պարսից ծոցը կապել Սև ծովին: Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար պարոն Ախունդին ինձ ուղեկցում է այս այցելության ընթացքում, և հուսով ենք, որ նա լուրջ քննարկումներ կունենա իր գործընկերոջ հետ: 
Հայաստանի միանալը ԵԱՏՄ-ին նոր պատուհան է բացում երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Ազատ տնտեսական գոտիների առկայությունը երկու երկրներում և հատկապես ազատ տնտեսական գոտու գոյությունը ևս դրական պայմաններ է ստեղծում երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Միաժամանակ նաև որոշեցինք անհրաժեշտ քայլեր իրականացնել մաքսային մեկ պատուհանի մեխանիզմի կիրառման համար՝ սահմանային Նորդուս կետում իրագործել մեկ մաքսային պատուհանի մեխանիզմը: 
Վաղը Երևանում և որոշ կարճ ժամանակ հետո նաև Թեհրանում տեղի կունենա երկու երկրների գործարար համաժողովը, որը մեծ խթան կհանդիսանա երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Սա կարող է նաև կարևորություն ունենալ երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Մեր պատվիրակության կազմում են նաև Իրանի նախագահի տեղակալ և տուրիզմի կազմակերպության ղեկավարը, ով կկարողանա նաև իր գործընկերների հետ հանդիպումների ընթացքում հստակեցնել մշակութային համագործակցության և տուրիզմի բնագավառում հարաբերությունների զարգացման քայլերը: Շնորհակալություն»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: