ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թ․ Գուզենկովա․ «Ուկրաինան թանկարժեք խաղալիք դարձավ ոչ միայն Ռուսաստանի, այլև Արևմուտքի համար»

Արևմուտքը բավական պրագմատիկ է, և հնարավոր է, որ որոշ պահի նոր իրավիճակը Սիրիայում ազդի նաև այլ վիճելի հարցերի վրա, որոնք ուղղակիորեն կապված չեն Սիրիայի հետ։ Այդ մասին «Արմեդիա» ՏՎԳ-ին տված հարցազրույցում ասել է Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի (РИСИ) փոխտնօրեն, հարևանության երկրների խնդիրների հետազոտության կենտրոնի ղեկավար Թամարա Գուզենկովան։ Նա անդրադարձել է նաև ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ու ԵԱՏՄ տարածաշրջանային համագործակցությանը։

- Ինչպե՞ս եք գնահատում ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործընթացը։ Նկատվո՞ւմ է արդյոք առաջընթաց «Նորմանդական քառյակի» վերջին հանդիպումից հետո։

- Ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործընթացը երկակի և հակասական է։ Մի կողմից բացարձակ հստակ է դարձել, որ ճգնաժամն արագ կարգավորելու եվրոպական գործիչների և Ռուսաստանի մտադրությունն ընդհանուր առմամբ հաջողությամբ չի պսակվել, և ինքնին գործընթացը շատ է ձգձգվում։

Մյուս կողմից՝ պետք է նշել, որ ամեն դեպքում հաջողվել է հասնել զգալի առաջընթացի քաղաքական և դիվանագիտական կարգավորման առումով, ինչի շնորհիվ դադարել են լայնամասշտաբ հրաձգությունները, խաղաղ բնակչության զոհերը, և զգալի քանակի ռազմամթերք է հեռացվել շփման գոտուց։ Այդ առումով իրավիճակը զգալիորեն փոխվել է խաղաղ ռեժիմի ուղղությամբ, և այժմ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները նույնիսկ շունչ քաշելու, ներքին քաղաքականությամբ զբաղվելու, կենսական խնդիրների կարգավորման հնարավորություն ունեն։

Այժմ օրակարգում արդեն սահմանադրական կարգավորման հարցերն են և այդ տարածքների ապագայի հարցի լուծումը։ Այստեղ, իհարկե, արդեն այլ մակարդակի բարդություններ և խնդիրներ են առաջ գալիս։

Բարդություններն այն են, որ ուկրաինական ղեկավարությունը մի կողմից չի կարող բաց թողնել ինքնահռչակ այդ միավորները, մյուս կողմից՝ հետ վերադարձնել նույնպես չի կարող։ Դաշնայնացման մասին բոլոր խոսակցությունները, կամ այդ միավորներին ինքնուրույնության բարձր մակարդակ շնորհելու առաջարկները դժգոհություն են հարուցում և ընդհանուր առմամբ սպառնալիք են Ուկրաինայի ներկայիս ղեկավարության համար, որը կարող է զրկվել իշխանությունից զայրույթի ուժեղ ալիքի դեպքում։ Մյուս կողմից՝ Կիևը նույնպես ի վիճակի չէ Դոնեցկին և Լուգանսկին իր կամքը ստիպել։ Դա փակուղային իրավիճակ է, որն այսպես թե այնպես կարգավորվում է, կամ առնվազն դրա կարգավորման ուղղությամբ փոքր քայլեր են արվում, որոնք ավելի շատ փորձերի և սխալների մեթոդն են հիշեցնում։

Ամեն դեպքում, կարծում եմ, այժմ ժամանակն աշխատում է Ուկրաինայի հարավարևելյան շրջանների օգտին, որոնք անկախության են ձգտում։ Ինչո՞ւ։ Կան միջազգային նախադեպեր՝ Հարավային Օսիայի, Աբխազիայի, Ղարաբաղի, Մերձդնեստրի օրինակները, որոնք վկայում են, որ որքան երկար կենտրոնն ու առանձնացման ձգտող շրջանը չեն կարողանում համաձայնության գալ, այնքան ավելի քիչ հավանական է դառնում, որ հակամարտությունը կլուծվի հօգուտ կենտրոնի։

 

- Հաշվի առնելով «Նորմադական քառյակի» վերջին հանդիպումից հետո արված հայտարարությունները՝ կարելի՞ է համարել, որ Ղրիմի հարցն արդեն դուրս է բանակցային օրակարգից, և Արևմուտքն ընդունում է դա։

- Եթե կարճ պատասխանեմ՝ «դե յուրե»՝ ոչ, «դե ֆակտո»՝ այո։ Իհարկե, Արևմուտքն անընդհատ բարձրաձայնում է այդ իրավիճակի մասին՝ փորձելով ստուգել, թե որքանով են Ղրիմը ռուսական տարածքի կարգավիճակում պահելու Ռուսաստանի մտադրությունները լուրջ։ Եվ այժմ, երբ պարզ է դարձել, որ այդ մտադրությունները բացարձակ են և անդառնալի, այդ հարցը, իրոք, աստիճանաբար դուրս է գալիս օրակարգից։

«Դե յուրե» պահպանվում են որոշակի սահմանափակումները, ոչ մի տեղ չի բարձրաձայնվի, որ Ղրիմը ճանաչվում է որպես ռուսական տարածք։ Հնարավոր է՝ շարունակվեն Ղրիմի հանդեպ պատժամիջոցները, սակայն «դե ֆակտո» համագործակցությունը կշարունակվի, առանց բարձրաձայնման այնտեղ նաև արևմտյան ուժեր կհայտնվեն։ Նրանք  հասկանում են, որ եթե լիարժեք անտեսեն այդ տարածքը, նշանակում է՝ չեն ունենա վերահսկման, մոնիթորինիգի, հետևաբար նաև ազդեցության հնարավորություններ։

- Եթե զուգահեռ դիտարկենք Ուկրաինական ճգնաժամն ու հակամարտությունը Սիրիայում, նկատվո՞ւմ են արդյոք Ռուսաստանի և Արևմուտքի միջև երկխոսության միտումներ, հնարավո՞ր է որոշակի պայմանավորվածությունների, համաձայնությունների ձեռքբերումը։

- Կարծում եմ՝ տեսականորեն դա հնարավոր է։ Բայց շատ բան կախված է Սիրիայում ռուսական առաքելության հաջողությունից։ Եթե այն հաջող լինի, Արևմուտքը հասկանա, որ Բաշար Ասադի դիրքերն ամուր են, այն եղանակ կգտնի ասելու, որ այդ իշխանության հետ հարկավոր է աշխատել։ Կարծում եմ՝ Արևմուտքը բավական պրագմատիկ է, և որոշ պահի հնարավոր է, որ սիրիական լիովին նոր իրավիճակն ազդեցություն ունենա դրա հետ ուղղակիորեն կապ չունեցող այլ հակամարտությունների, խնդիրների վրա։

 

- Կարելի՞ է հնարավոր համարել այնպիսի համաձայնությունների ձեռքբերումը, որի դեպքում մի հակամարտության մեջ կողմերից մեկի զիջումը կհամադրվի մյուս հակամարտության պարագայում հակառակ կողմից զիջման հետ։  Թե՞ Դուք այս գործընթացները միմյանցից անջատ եք դիտարկում։

- Դրանք ո՛չ առանձին են, ո՛չ էլ լիովին փոխկապակցված։ Դա շատ ավելի բարդ գործընթաց է։

Կարծում եմ՝ Արևմուտքում շահագրգռված չեն Ուկրաինական ճգնաժամի խորացման և երկարաձգման մեջ, հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն վճարել դրա համար։ Պարզվեց՝ Ուկրաինան թանկ խաղալիք է ոչ միայն Ռուսաստանի, այլև Արևմուտքի համար:

Կարծում եմ, որոշակի պայմանավորվածություններ ձեռք կբերվեն ոչ թե ամբողջ Ուկրաինայի, այլ առնվազն այն իրավիճակի վերաբերյալ, որը կապված է հարավ-արևելքի հետ, Դոնբասի հարցով գործընթացի կարգավորմանը: ԴԺՀ-ին և ԼԺՀ-ին չպետք է թելադրվեն  իրենց համար անընդունելի պայմաններ։

- Անդրադառնանք ԵԱՏՄ-ին։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կանդրադառնան Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքումն ու պատժամիջոցների թուլացումը ԵԱՏՄ տարածաշրջանային համագործակցության զարգացման վրա։ Ի՞նչ դեր կարող է խաղալ Հայաստանը ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների զարգացման գործընթացում։

- Պատժամիջոցների չեղարկումը, իհարկե, ընդլայնում է տարածաշրջանում մանևրելու հնարավորությունները՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Եվ դա զգալիորեն բարելավում է իրավիճակը։ Բայց միևնույն է, կարծում եմ, Իրանի համար, Իրանում ազդեցության համար պայքարելու են աշխարհաքաղաքական տարբեր դերակատարներ, և Իրանն ուղղակի ԵԱՏՄ-ին, ռուսական-ԱՊՀ-ական Արևելքին Արևմուտքը զիջել չի ցանկանա։ Կլինեն բարդ խաղեր և կոմբինացիաներ։

Հայաստանի համար, սակայն, սա դրական ազդակ է, այդ առումով Հայաստանը կարող է բավական արագ կերպով իր տեղը գտնել համագործակցության հնարավոր ձևաչափերում։ Հայաստանը փոքր տնտեսությամբ և շուկայով երկիր է, բայց միաժամանակ, եթե Հայաստանը գտնի իր դերը, կարողանա Իրանի համար ձեռնտու առաջարկներով հանդես գալ ոչ որպես առանձին շուկա, այլ միջնորդ՝ որպես ԵԱՏՄ անդամ, դա կարող է շատ ձեռնտու և հեռանկարային դեր լինել Հայաստանի համար։ Այդ առումով պատժամիջոցների չեղարկումը շատ ժամանակին է։  

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: