ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ նախապայմաններ կան Իրաքում Ռուսաստանի ռազմական միջամտության համար

Ռուսաստանի և Սիրիայի միջև ռազմական փոխգործակցության խորացման ֆոնին քննարկվում է համանման ռուս-իրաքյան համագործակցության հնարավորությունը: Իրաքի շիական «Օրենքի պետություն» քաղաքական կոալիցիայի անդամ Մուուաֆակ Ռուբաին Sputnik գործակալությանն ասել է, որ Իրաքի խորհրդարանը ծրագրում է մինչև հոկտեմբերի վերջ քվեարկության դնել ՌԴ օդուժի աջակցության համար Մոսկվային դիմելու հարցը` «Իսլամական պետության» դեմ պայքարելու նպատակով:

 «Օրենքի պետություն» կոալիցիան Իրաքի խոշորագույն քաղաքական կուսակցությունն է: Այն գլխավորում է Իրաքի նախկին վարչապետ Նուրի Ալ-Մալիքին: Հենց սա է պատճառը, որ կոալիցիայի կարծիքով այս հարցը ստանալու է խորհրդարանի մեծամասնության աջակցությունը: «Կարևոր չէ, թե արդյոք սուննիական և քրդական խմբակցությունները կաջակցեն հարցմանը, թե ոչ: Դա ոչինչ չի փոխում: Մենք բավարար ուժ ունենք խորհրդարանում», - ասել է շիական կոալիցիայի ներկայացուցիչը, ով Մալիքիի կառավարությունում աշխատել է որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական:  

Տարբեր ձևաչափերով շարունակվում են քննարկումները ռուս-իրաքյան ռազմական համագործակցության խորացման շուրջ: Ռուսաստանի ռազմա-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պատվիրակությունը Բաղդադում երկրի պաշտպանության նախարարության հետ քննարկել է ռազմա-տեխնիկական ոլորտում գործող համաձայնագրերը: Ինչպես հայտնում է Sputnik գործակալությունը, ռուսական պատվիրակությունն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրաքին ահաբեկչության դեմ պայքարում և լուծել ավելի վաղ կնքված պայմանագրերի կատարման հետ կապված հարցերը:

Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադին հոկտեմբերի 19-ին Բաղդադում ՌԴ դեսպան Իլյա Մորգունովի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ «Իրաքը շահագրգռված է Ռուսաստանի հետ ամուր հարաբերությունների հաստատմամբ»: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, Իրաքում Ռուսաստանի դեսպանը Աբադիին է փոխանցել  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը, որում նշվում է «Ռուսաստանի ցանկության մասին Իրաքի հետ զարգացնելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ զինամթերքի և տեղեկատվության փոխանակման բնագավառներում»:

Ինչպես և ակնկալվում էր, Ռուսաստանի և Իրաքի միջև ռազմական համագործակցության խորացման շուրջ քննարկումները լուրջ անհանգստություն են առաջացրել Միացյալ Նահանգներում, որը համարվում է Իրաքի գլխավոր ռազմական դաշնակիցը: Հենց այդ պատճառով էլ ԱՄՆ բարձրաստիճան գեներալ Ջոզեֆ Դանֆորդն անսպասելի այցով ժամանել է Իրաք: Երկրի վարչապետն ու պաշտպանության նախարարը վստահեցրել են նրան, որ Իրաքը մտադիր չէ Ռուսաստանից օգնություն խնդրել ԻՊ-ի դեմ պայքարելու համար: Ինչպես նշում է քուվեյթյան MENAFN գործակալությունը, Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի հետ Իրաքի ռազմական համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ:

Ջոզեֆ Դանֆորդի այցից մեկ շաբաթ առաջ Բաղդադում էր ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայում ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Ալենը, որ ևս Իրաքի վարչապետի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ «Վաշինգտոնն անհանգստացած է Ռուսաստանի հետ Իրաքի համագործակցությամբ», գրում է Al-Bawaba գործակալությունը: ԱՄՆ-ի մտավախություններն, ինչ խոսք, պայմանավորված են ամերիկյան մերձավորարևելյան քաղաքականության մեջ Իրաքի ռազմավարական կարևորությամբ:

Հիշեցնենք նաև, որ ռուս-իրաքյան ռազմական համագործակցությունը երկկողմ կապերից բացի այս պահին իրականացվում է նաև Ռուսաստան-Իրան-Սիրիա-Իրաք ձևաչափով: Բաղդադում տեղեկատվական կենտրոն է ստեղծվել՝ ԻՊ-ի դեմ այս երկրների գործողությունները համակարգելու նպատակով: Բացի այդ, վերջերս Իրաքը Ռուսաստանից TOS-1 հրթիռային համակարգեր և և Mi-28 ռազմական ինքնաթիռներ է գնել:

Իրաքի հետ Ռուսաստանի ռազմական համագործակցության խորացման այս միտումները մի քանի պատճառ ունեն: Նախ, սա պետք է դիտարկել առհասարակ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի ռազմական ներկայության աճի համատեքստում: Բացի այդ, Իրաքում այս պահին հարմար նախադրյալներ կան Ռուսաստանի ազդեցության ընդլայնման համար:

Խոսքը գնում է հատկապես ԱՄՆ-Իրաք ռազմավարական համագործակցության որոշակի խարխլման մասին: Այս փոփոխությունը հատկապես ակնհայտ դարձավ այն ժամանակ, երբ 2011 թվականին ամերիկյան զորքերը դուրս բերվեցին Իրաքից, իսկ իրաքյան բանակը 2014 թվականին չկարողացավ դիմագրավել ԻՊ-ի առաջախաղացմանը` զգալի տարածքներ զիջելով նրան: Միաժամանակ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի գործողություններն ԻՊ-ի դեմ որևէ արդյունք չեն տալիս: Հենց սա էլ հիմք է ստեղծում այլ ուժերի, այդ թվում՝ Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի համար՝ լրացնելու Իրաքում առաջացած քաղաքական վակումը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: