ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ երկարաժամկետ առաքելություն ՀՀ-ում. աշխարհաքաղաքական պայքարի հերթական դրսևորում

Հղում կատարելով իր աղբյուրներին՝ «Ազատություն» ռադիոկայանը հաղորդել է, որ ԵՄ կառույցներում ակտիվ աշխատանք է տարվում Հայաստան ԵՄ դիտորդական նոր առաքելություն ուղղարկելու հետ կապված համաձայնեցումների ուղղությամբ: Այս անգամ՝ երկու տարի ժամկետով և գործունեության ավելի լայն աշխարհագրությամբ՝ ոչ թե միայն հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, այլ Հայաստանի ողջ տարածքում:

Ըստ աղբյուրի, ի տարբերություն նախորդ 40 հոգանոց առաքելության` քննարկվում է այս անգամ մոտ 200 հոգանոց առաքելություն ուղարկելու տարբերակը:

Ուշագրավ է նաև այն, որ ըստ աղբյուրի «Բրյուսելը, մասնավորապես, ակնկալում է, որ Երևանը կստանձնի ռուսական ստորաբաժանումների հետ եվրոպացիների շփումների կամ միջադեպերի կառավարման պատասխանատվությունը, ինչպես նաև անհրաժեշտ անձեռնմխելիություն ու արտոնություն կտա դիտորդներին»:

Դեռ նախորդ տարվա ավարտին՝ երկամսյա առաքելության ժամկետի ավարտից հետո, Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ-ն Հարավային Կովկասում ներգրավվածության նոր փուլ է սկսում, որը հիմքեր կստեղծի Հայաստանում հնարավոր առավել երկար ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման համար:

ԵՄ-ն, փաստացի, տարածաշրջանում, իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ տարածքում, երկարաժամկետ տեղակայման քայլեր է ձեռնարկում: ՀՀ իշխանության խնդրանքով ԵՄ կարճաժամկետ առաքելություն ուղարկելը դրա նախերգանքն ու առաջին քայլը:

Մի հարց է, թե որքանով էր նախորդ, հետևաբար, նաև սպասվող առաքելությունն արդյունավետ միջադեպերի կանխման ու տարածաշրջանի կայունացման տեսանկյունից՝ հաշվի առնելով այսօր առկա իրավիճակն ու Ադրբեջանի հռետորաբանությունը, ինչպես նաև պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը: Նախորդ առաքելությունը որևէ զեկույց չհրապարակեց, հայտարարություն չարեց իր գործունեության ընթացքի ու արդյունքների վերաբերյալ, չարձագանքեց այդ ընթացքում տեղի ունեցող զարգացումներին, հստակություն չնկատվեց նաև ԵՄ պաշտոնյաների հայտարարություններում, որը հնարավոր կլիներ վերագրել առաքելության գործունեության արդյունքներին:

Եվ բոլորովին այլ հարց է, թե քաղաքական, աշխարհաքաղաքական ինչ զարգացումների է հանգեցնելու ՀՀ տարածքում ԵՄ երկարաժամկետ առաքելության տեղակայումը:

Հասկանալի է, որ սա տարածաշրջանի համար Արևմուտք-ՌԴ պայքարի հերթական դրսևորումն է: Ստացվում է, որ ՀՀ իշխանության կողմից հետևողականորեն սերմանվող հակառուսականության և հայտարարությունների ֆոնին, որ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի առակությունն անվտանգային սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար, ՀՀ իշխանությունը համաձայնություն է տալիս, նույնիսկ նախաձեռնում է ՀՀ տարածքում ԵՄ առաքելության տեղակայում:

Արևմուտքում էլ շատ լավ հասկանում են, որ սա չի կարող հանգիստ ու միանշանակ ընկալվել ՌԴ կողմից և պատահական չէ, որ ի սկզբանե ակնկալիք է սահմանվում Հայաստանի իշխանությունից ռուսական ստորաբաժանումների հետ եվրոպացիների շփումների կազմակերպումը:

Այլ խնդիր է, որ ՌԴ-ն իր հերթին, պետք է հստակ տեսանելի քայլեր ձեռնարկի՝ որպես ՀՀ անվատանգության երաշխավոր իր պարտավորությունների լիակատար կատարումը վերահաստատելու ուղղությամբ:

Իրանը նույնպես, բնականաբար, հանգիստ չի կարող վերաբերվել ՀՀ տարածքում, իր անմիջական հարևանությամբ ԵՄ ներկայությանը, առավել ևս, եթե նոր առաքելության լիազորությունները տարածվելու են ՀՀ ողջ տարածքի, հետևաբար՝ նաև հայ-իրանական սահմանի վրա:

Ադրբեջանն, իր հերթին, ուրախ չէ նման առաքելության տեղակայման փաստից: Բաքուն նույնիսկ Պրահայում ժամանակավոր առաքելությանը համաձայնություն տալուց հետո ամեն կերպ փորձում էր ցույց տալ, որ սա ոչ թե իր, այլ Հայաստանի նախաձեռնությունն է և հենց այդ պատճառով էլ առաքելությունն իրականացվում էր բացառապես ՀՀ տարածքում: Այս անգամ Ալիևն ընդհանրապես դեմ է արտահայտվել առաքելության երկարաձգմանը:

Եթե մի կողմ թողնենք Ադրբեջանի դեմ կամ կողմ լինելը, որն իր աշխարհաքաղաքական դրդապատճառներն ունի, միևնույն է ակնհայտ է դառնում, որ այս առաքելության տեղակայումն էլ ավելի է լարելու իրավիճակը տարածաշրջանում և մեծացնելու է Հայաստանի խնդիրներն իր դաշնակից ու բարեկամ երկրների հետ: Իսկ թե անվտանգային ինչ օգուտներ է տալու, դեռևս խիստ անհասկանալի է:

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: