ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը կրկին կարող է տանուլ տալ ընտրությունները

Որքան մոտենում են Թուրքիայի խորհրդարանական ընտրություններն, այնքան ավելի է սրվում երկրի ներքաղաքական կյանքն ու ավելի են բորբոքվում քաղաքական կրքերը: Երկրի նախագահ Էրդողանի կողմից միակուսակցական կառավարություն ստեղծելու նպատակով նշանակված արտահերթ ընտրությունները միտում ունեին  վերջ դնելու հունիսի 7-ից հետո քաղաքական կյանքում ծագած  «փակուղուն», սակայն հարկ է նշել, որ ներկայումս Թուրքիայի ներքաղաքական կյանքում ավելի շատ է անորոշությունը և անկայունությունը:

Նոյեմբերի 1-ին կայանալիք առաջիկա ընտրություններին կմասնակցեն 29 քաղաքական կուսակցություններ, սակայն, ինչպես նախորդ ընտրությունների դեպքում, այս անգամ նույնպես  հիմնական պայքարն ընթանալու է 4 հիմնական ուժերի միջև` իշխող  Արդարություն և զարգացում, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական, Ազգայնական շարժում և քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական ​​կուսակցությունների միջև: Հարկ է նշել, որ այս անգամ նախընտրական քարոզարշավը նախկինի համեմատ ընթանում է ավելի լարված և սկանդալային մթնոլորտում: Ինչպես և սպասվում էր, կողմերն, օգտվելով առկա իրավիճակից, ձայների առավելագույն քանակ ձեռք բերելու նպատակով մեղադրում են միմյանց ահաբեկչության, կոռուպցիայի, ինչպես նաև երկրում անկայունություն ստեղծելու մեջ: 

Իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (AKP), սկսելով իր նախընտրական քարոզարշավը  սեպտեմբերի 12-ին կայացած  համագումարից անմիջապես հետո, թվում է, թե միայն մեկ նպատակ է հետապնդում, այն է ՝ քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությանը քաղաքական ասպարեզից դուրս մղելը՝ մեղադրել վերջինիս քրդական Բանվորական կուսակցությանն աջակցելու և երկրում ահաբեկչությանը սատարելու մեջ: Այսպիսի «լուրջ» մեղադրանքներից հետո ԱԶԿ-ի ղեկավար, երկրի վարչապես Դավութօղլուն իր քարոզարշավներում նաև չի մոռանում զավեշտալի  խոստումներ և հայտարարություններ կատարել: Այդպիսի հայտարարություններից մեկն այն կոչն է, ըստ որի, Թուրքիայի բոլոր երիտասարդները կարող են դիմել իր կուսակցությանը՝ կին ընտրելու նպատակով: Սակայն հատկանշականն այն է, որ երկիրը տնտեսական ճգնաժամի հասցրած վարչապետն ու «որևէ կուսակցությանը չպատկանող» նախագահը, խոստանում են նաև զգալիորեն բարձրացնել գյուղական խորհուրդների անդամների և գյուղական երեցների աշխատավարձերը, եթե վերջիններս առաջիկա խորհրդարանական ընտրություններում քվեարկեն ԱԶԿ-ի օգտին:

Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն (CHP) իր նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 30-ին: Այս անգամ կուսակցությունն ընտրվելու դեպքում խոստանում է բարձրացնել երկրի նվազագույն աշխատավարձը  մինչև 1,500 լիրա: Առաջնորդվելով «Առաջին տեղում է ժողովուրդը, միասնականությունը և Թուրքիան» կարգախոսով՝ ԺՀԿ-ն նույնպես այս քարոզարշավում ավելի մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդներին՝  խոստանալով ուսանողներին տրամադրել ֆինանսական օգնություն բարձրագույն կրթության ընթացքում: Բացի այդ, հաշվի առնելով երկրի իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումները ԶԼՄ-ների և ինտերնետային կայքերի նկատմամբ՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն ընտրվելու դեպքում նախատեսում է մեծացնել ինտերնետային ազատությունը: Կուսակցությունը պատրաստ է նաև պայքարել երկրում ահաբեկչության դեմ ու խաղաղություն հաստատել:

Ինչ վերաբերում է Ազգայնական շարժում կուսակցությանն (MHP), ապա նրանք ևս խոստանում են  նվազագույն աշխատավարձի բարձրացում, սակայն՝ 1,400 լիրայով, ինչպես նաև յուրաքանչյուր ընտանիքի առնվազն մեկ անդամին երաշխավորում են ապահովել աշխատանքով:  Ընտրվելու դեպքում կուսակցությունը նաև խոստացել է վերացնել համալսարանական ընդունելության քննությունները: Հարկ է նշել նաև այն հանգամանքը, որ կուսակցությունն, ինչպես նախկինում, այս անգամ ևս շարունակում է իր քննադատական քաղաքականությունը ոչ միայն իշխանությունների, այլ նաև մնացած բոլոր կուսակցությունների նկատմամբ:

Ինչ վերաբերում է քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությանը, ապա նրա քարոզարշավը հիմնականում ընթանում է  ժողովրդավարության, խաղաղության ու արդարության հաստատման, ինչպես նաև քրդական հարցի կարգավորման հիմնախնդիրների շուրջ:  Կուսակցության անդամները խոստանում են նաև ապահովել աշխատողների անվտանգության չափանիշները, պայքարել կոռուպցիայի դեմ և բարեփոխել քրեական օրենսգիրքը:

Սակայն, ինչպիսի խոստումներով էլ կուսակցությունները հանդես գան՝ հաշվի առնելով վերջին զարգացումները և սոցհարցումների արդյունքները կարելի է ենթադրել, որ նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրությունների ադյունքները հազիվ թե տարբերվեն նախորդներից: Եթե հունիսի 7-ին Էրդողանը ակնկալիքներ ուներ, որ հերթական հաղթանակը կտանի և օրակարգում կդնի Թուրքիան խորհրդարանական համակարգից նախագահական կառավարման անցնելու սահմանադրական բարեփոխումները, ապա այս ընտրություններում նրա միակ խնդիրը երկրորդ անգամ պարտություն չկրելն է: Սակայն, վերջին սոցհարցումների արդյունքների համաձայն, դա նրան հազիվ թե հաջողվի: Այնուամենայնիվ, քաջ գիտակցելով ստեղծված իրավիճակը, Էրդողանը նոր «խաղեր» է նախաձեռնում և չի պատրաստվում զենքերը վայր դնել: ԶԼՄ-ների վրա տարբեր ճնշումներ գործադրելուց հետո, հերթը հասել է սոցհարցում անցկացնող կազմակերպություններին: Օրերս նրանց արգելվել է հրապարակել ընտրությունների արդյունքների կանխատեսումներ, ինչպես նաև քվեարկության արդյունքների վերաբերյալ բնակչության շրջանում հարցումներ իրականացնել: Կոպտորեն խախտելով օրենսդրությունը՝ Էրդողանը հավանաբար մոռանում է, գործադրվող ճնշումը կարող է հանգեցնել հակառակ արդյունքի:

Հաշվի առնելով  այս ամենը՝ կարելի է ենթադրել, որ Թուրքիայի քաղաքական կյանքում հնարավոր է զարգացումների երեք սցենար: Առաջինը՝ կրկնվելու է նախորդ ընտրությունների արդյունքները՝ ձայների մի քանի տոկոս տարբերությամբ,  ինչի արդյունքում թուրքական իշխանությունները կրկին կսկսեն կոալիցիոն կառավարության ձևավորման փորձերը: Երկրորդ՝ այս ընտրություններում ընդդիմադիր ուժերից որևէ մեկը, կարող է ստանալ համեմատաբար ավելի շատ ձայներ, քան նախորդ ընտրություններում, ինչն էլ կհանգեցնի անկանխատեսելի հետևանքների: Երրորդ՝ Էրդողանը հնարավոր և անհնար մեխանիզմներով կփորձի ապահովել ձայների մեծամասնություն՝ այլ ուժերից կախում չունենալու և կոալիցիոն բանակցություններից խուսափելու նպատակով: Հարց է ծագում՝ ի՞նչ գին է պատրաստ վճարել Էրդողանը՝ սեփական քաղաքական ամբիցիաները բավարարելու համար...

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: