ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,819.88 դրամ ԱՐԾԱԹ - 265.46 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,558.17 դրամ

«Ռուսթավի 2» հեռուստաալիքը դարձել է Վրաստանում ներքաղաքական ճգնաժամի պատճառ

Վերջին ամիսներին Վրաստանում նկատվում են քաղաքական անկայունացման միտումներ, ինչը պայմանավորված է ինչպես նախընտրական պայքարի մեկնարկով (խորհրդարանական ընտրությունները կկայանան 2016թ աշնանը), այնպես էլ առկա տնտեսական խնդիրներով և ընդդիմադիր ուժերի ակտիվացմամբ: Ստեղծված իրավիճակում երկրի համար կարևոր ցանկացած խնդիր այս կամ այն չափով դառնում է քաղաքական շահարկումների առարկա և ընդդիմության-իշխանություն փոխադարձ քննադատության պատճառ: Այս համատեքստում պետք է հատուկ առանձնացնել «Ռուսթավի 2» հեռուստաալիքի շուրջ առկա զարգացումները: 

Հեռուստաալիքի նախկին սեփականատերերից Կիբար Խալվաշին դատական հայց է ներկայացրել, որով պահանջում է իրեն վերադարձնել 2006 թվականին գնված բաժնետոմսերը: Նրա պնդմամբ՝ իրականում «Ռուսթավի 2»-ի բաժնետոմսերն իրենից ոչ թե ձեռք են բերել շուկայական գնով, այլ պարզապես առգրավել են նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրահանգով:

Վրացական ընդդիմությունն ու հեռուստաընկերության աշխատակիցները, սակայն, համոզված են, որ ընտրություններից մեկ տարի առաջ Խալվաշին այս ողջ պատմությունը հիշել է իշխանությունների հստակ հրահանգով: Նրանց կարծիքով դատական ճանապարհով իշխանությունները ցանկանում են փոխել «Ռուսթավի 2»-ի սեփականատիրոջը և որպես հետևանք նաև իշխանության հանդեպ որդեգրած սկզբունքային կեցվածքը:

Բանը նրանում է, որ «Ռուսթավի 2»-ը դեռ Վարդերի հեղափոխությունից սկսած բավական ակնհայտ աջակցություն է ցուցաբերում Սահակաշվիլու ղեկավարած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը: Դեռ Սահակաշվիի կառավարման օրոք մեկ անգամ չէ, որ ընդդիմության ներկայացուցիչները բոյկոտել են հեռուստաընկերությունը՝ կանխակալ մոտեցման և սուբյեկտիվիզմի համար: Վրաստանում իշխանափոխությունից հետո «Ռուսթավի 2»-ը շարունակում է իր աջակցությունը «Միացյալ ազգային շարժման»-ը և որպես ակտիվ ընդդիմադիր հեռուստաալիք՝ բավական կոշտ քննադատության է ենթարկում իշխանություններին:

Ինչ վերաբերում է դատական գործին, ապա յուրաքանչյուր նիստ բավական աղմկահարույց էր և ընդդիմադիր ուժերի շնորհիվ ստանում էր հասարակական մեծ արձագանք: Դրանց զուգահեռ տեղի են ունենում տարաբնույթ ակցիաներ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմնակիցների մասնակցությամբ, ինչն ավելի է լարում երկրում ստեղծված իրավիճակը: Չնայած դատարանի վերջնական վճիռը դեռևս հրապարակված չէ, այնուամենայնիվ, հեռուստաընկերության ներկայիս ղեկավարությունն այն համարում է կանխորոշված և այս ամենի հետևում տեսնում է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին:

Հատկանշական է, որ ընդդիմության և իշխանության այս «հակադրությանը»  միջամտել է երկրի նախագահ Մարգվելաշվիլին: Գործնականում զրկված լինելով իշխանական լուրջ լծակներից՝ նա, այնուամենայնիվ, փորձում է դա կոմպենսացնել հանրային աջակցությամբ, և խնդրի հետ կապված արդեն անց է կացրել մի շարք հանդիպումներ, սակայն դեռևս անարդյունք:

Անկախ նրանից, թե ինչպիսի որոշում կկայացնի դատարանը, մեկ բան ակնհայտ է՝ ընթացող դատավարությունը մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով միջազգային հանրության կողմից ընկալվում է որպես ոտնձգություն ազատ խոսքի իրավունքի և բազմակարծության վրա: Այս ամենին առավել մեծ սրություն է հաղորդում նաև նախընտրական պայքարը և խնդրի քաղաքականացումը: Մի շարք միջազգային կառույցներ (ԵՄ, ԵԱՀԿ, ՆԱՏՕ), ինչպես նաև առանձին երկրներ (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և այլն) արդեն հայտարարել են, որ ուշադիր հետևում են «Ռուսթավի 2»-ի դատական գործին՝ ընդգծելով խոսքի և մամուլի ազատության սկզբունքի պահպանման կարևորությունը: Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ջանքերով Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն (ԵԺԿ) անգամ ընդունել է հայտարարություն՝ «Ժողովրդավարության նահանջը Վրաստանում» վերնագրով, որտեղ «Ռուսթավի 2»-ի դատական գործը գնահատվում է որպես ընդդիմության դեմ ուղղված իշխանության արշավ:

Այս ամենը հիմք է տալիս պնդել, որ «Ռուսթավի 2»-ի շուրջ ընթացող դատավարությունն արդեն իսկ բացասական հարված է հասցրել ինչպես իշխանությունների, այնպես էլ երկրի միջազգային հեղինակությանը և առաջիկա մամուլի ազատության վերաբերյալ միջազգային զեկույցներն, անկասկած, կարտացոլեն այդ «նահանջը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Անձրև
Խոնավություն՝ 86%
Քամի՝ 11.27 կմ/ժ
8 C°
 
  12° 
22.04.2018
  18° 
23.04.2018
Հարցում

Արդյո՞ք աջակցում եք Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։