ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ-ում միասնական արժույթի ներդրումը պահանջում է չափավոր շտապողականություն

Եվրասիական տնտեսական միության տարածքում միասնական արժույթի ստեղծման մասին պարբերաբար շրջանառվող խոսակցությունները տրամաբանական են ու սպասելի: Տեսականորեն,  երկու և ավելի երկրների միջև տնտեսական խորը և համապարփակ ինտեգրացիոն միավորման դասական մոդելը ենթադրում է միասնական արժույթի առկայություն: Ամենայն հավանականությամբ, հենց նման մոդելի էլ ձգտում է ԵԱՏՄ (համենայն դեպս մասնակից բոլոր երկրներում նկատվում է նմանատիպ քաղաքական կամք): 

 ԵԱՏՄ կայացման գործընթացին հետևողները միասնական արժույթի՝ տրանզիտալի  ստեղծման մասին լսել են դեռևս միության ձևավորման սկզբնական գործընթացում: Ավելի ուշ խոսվեց այլ հնարավոր տարբերակների՝ ալթընի կամ եվրազի մասին: Ինչևիցէ, այստեղ այնքան էական չէ արժույթի անվանումը, որքան դրա ներդրման ժամկետները: Շրջանառվող տեսակետները հիմնականում տարանջատվում են երկու խմբի՝  ԵԱՏՄ միասնական արժույթ կունենա առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում կամ գործընթացը կտևի տասնամյակներ: Մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հայտարարություններում տեղ է գտնում որոշակի շտապողականություն:  Զարմանալի չթվա, բայց որոշակի շտապողականություն գործընթացի համար պարտադիր է: Հաշվի առնելով, որ ԵԱՏՄ-ն հարաբերվերում է այլ տնտեսական միությունների, տարածքների հետ, ինչպես նաև բախվում է եվրոյի ու դոլարի նման ինտեգրացված ու միջազգայնացված արժույթներից բխող մարտահրավերների, տրամաբանական է, որ առանձին արժութային տարրերով կամ անդամ երկրների կողմից առանձին վարվող ֆինանսա-տնտեսական մեխանիզմներով մրցակցային դիրքեր ապահովելը առնվազն բարդ կլինի: Այսինքն՝ միասնական արժութային համակարգի ստեղծման  անհրաժեշտությունն (միջնաժամկետ կտրվածքով) ավելի քան ակնհայտ է: Մինչդեռ սա չպետք է խոչընդոտի համակարգի էվոլյուցիոն ներդրման իրականացմանն, ինչը կապահովագրի անդամ երկրներին միասնական արժույթի ներդրման արդյունքում հավասարակշռության խախտումներից ու ֆինանսական փուչիկների առաջացումից:

Դասական մոտեցմամբ, հաշվի առնելով ամենահաջողված՝ եվրոյի ներդրման փորձը, միասնական արժույթին անցման համար տասնյակ տարիներ են հարկավոր: Միանշանակ է, որ մինչ միասնական արժույթին անցումը պարտադիր է միասնական վճարահաշվարկային ու այլ համակարգերի ստեղծումն ու ներդրումը, ինչը պահանջում է ժամանակ: Բացի այդ, պետք է հավելել, որ գոյություն ունի գնողունակության պարիտետ, ինչը ևս պիտի անդամ երկրների գործող արժույթների համար որոշակիորեն սահմանված լինի և միայն բոլոր արժույթների՝ սահմանված միջանցքում գտնվելու պարագայում կարելի է անցում կատարել միասնական արժույթի՝ խուսափելով ֆինանսական համակարգին սպառնացող ճեղքերից:

Եթե փորձենք ի վերջո հասկանալ, թե որ տարբերակն է առավել խելամիտ և պատրաստ է արդյոք եվրասիական հանրությունը նոր արժույթի անցման առաջիկա երկու-երեք տարիների համար, ըստ իս, այսօր գործընթացը մեկնարկելու համար դեռևս հարմար պահը չէ: ԵԱՏՄ անդամ երկրները դեռ նոր են սկսել ռազմավարական ապրանքատեսակների առևտրից դոլարի դուրս բերման գործընթացը, ինչը պիտի որ նպաստի միասնական վճարային համակարգի ստեղծմանը: Այդ համակարգի ստեղծումից ու միասնական պարիտետի ձևավորումից հետո միայն կարելի է մտածել միասնական արժույթին անցման մասին, լինի դա եվրազը, ալթընը, թե երրորդ անունով մեկ այլ արժույթ: ԵԱՏՄ երկրների տնտեսությունները դեռևս գործընթացին պատրաստ չեն, ամենայն հավանականությամբ միասնական արժույթին առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում սպասել պետք չէ, սակայն դա կարող է նաև իրեն տասնյակ տարիներ սպասեցնել չտա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: