ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողան- Գյուլեն ոխերիմ թշնամիների համատեղ ուղին որքան խճճված, այնքան անակնկալներով լի է

Էրդողանի երբեմնի համախոհ հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը վերջին շրջանում իշխանության համար մղվող պայքարում դարձել է նրա ամենամեծ խնդիրներից մեկը, ինչի համար էլ վերջինս ձգտում է ամեն կերպ հասնել ԱՄՆ-ից Գյուլենի եթե ոչ Թուրքիային արտահանձնմանը, ապա` գոնե ԱՄՆ-ից արտաքսմանը:

Էրդողանի և Գյուլենի միջև ծագած տարաձայնությունները հասկանալու համար անհրաժեշտ է անդրադարձ կատարել նրանց անցած համատեղ քաղաքական ուղուն և նրան, թե ինչ գաղափարախոսությունների են նրանք հարում: 

Դեռևս Աթաթուրքի կառավարման առաջին տարիներին արգելվեցին կրոնական միաբանությունները՝ «թարիքաթները»: Դարեր շարունակ գործող և ընդունված կրոնական այնպիսի միաբանությունները, ինչպիսիք են «թարիքաթները», «թեքեները», «զավիյեները», արգելվելուց հետո ամբողջովին անհետացան: Այնուամենայնիվ, դրանց մի մասը շարունակեց գաղտնի գործունեություն ծավալել՝ խուսափելով ուշադրություն գրավելուց: Դրանց թվում էր նաև «Հիզմեթ» շարժումը, որի ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենը, 1999 թվականից արտաքսվելով ԱՄՆ, շարունակեց իր գործունեությունն այնտեղից: Հարկ է նշել, որ այս շարժման մասնակից Գյուլենի հետևորդները՝ իրավաբաններ, անվտանգության աշխատակիցներ, քաղաքական գործիչներ, լոբբիստներ, դիվանագետներ, գործարարներ և գիտնականներ, կարողացան ձեռք բերել առանցքային պաշտոններ ողջ Թուրքիայի տարածքում, որոնց աջակցության շնորհիվ էլ 2002 թվականին Արդարություն և զարգացում կուսակցությունը հավաքեց ձայների մեծամասնությունը:  

Գյուլենն իսկապես ֆինանսական մեծ աջակցություն ցուցաբերեց Էրդողանին` վերջինիս իշխանության հասնելու ճանապարհին: 

Նրա շնորհիվ Էրդողանը կարողացավ բացահայտ պայքար սկսել «Խորքային պետության» (երկրում հեղաշրջման հիմք նախապատրաստելուն ուղղված մեխանիզմ) և երկրի քաղաքական կյանքում մեծ դերակատարություն ունեցող բանակի դեմ: Հարկ է նշել, որ Թուրքիայում տարբեր ժամանակներում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումների, կրոնական համայնքների ու կազմակերպությունների վրա հարձակման մեջ մեծ դերակատարում է ունեցել «Խորքային պետությունը», որի հետևում կանգնած են այսպես կոչված որոշակի «սև ուժեր» և որոնց ամբողջովին բացահայտելն այդպես էլ չի հաջողվում:  Ինչևէ, Էրդողանն ու գյուլենականները համագործակցում էին քաղաքական դաշտը հանրապետության առաջին իսկ օրերից իշխող ուժերից մաքրելու նպատակով, իսկ որոշակի արդյունքների հասնելուց հետո նրանց միջև սկսվեցին առաջին տարաձայնությունները:

Բանակը քաղաքական դաշտից դուրս մղելու հարցում աջակցության դիմաց Գյուլենը պահանջում էր իր վերահսկողությունը հաստատել ոստիկանության նկատմամբ: «Գյուլենական շարժման» անդամները կառավարությունում սկսեցին առանցքային պաշտոններ զբաղեցնել՝ ազդեցության լայն լծակներ ձեռք բերելով ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտասահմանում: Ներկայումս այլևս գաղտնիք չէ, որ Թուրքիայի ոստիկանությունը շատ հավատարիմ է գյուլենականներին և բազմաթիվ քաղաքագետների կարծիքով այն նույնիսկ գտնվում է վերջիններիս վերահսկողության տակ: Հարկ է նշել, որ այս հանգամանքը հաշվի առնելով՝ Էրդողանն իշխանության գլուխ գալու առաջին իսկ օրվանից արդեն իսկ վտանգ էր ակնկալում գյուլենականներից: Հետևաբար, ի հակակշիռ Գյուլենի, ավելի ուշ վերջինս ստեղծեց սեփական անվտանգության ուժերը՝ ներգրավելով գյուլենական շարժմանը հարող բոլոր նրանց, ովքեր պետական և զինվորական ծառայության մեջ էին գտնվում:

Հենց այդ պատճառով էլ Ազգային հետախուզության ծառայության (MIT) տնօրեն Հաքան Ֆիդանի և ներքին գործերի նախարար՝ Իդրիս Նայիմ Շահինի առջև էլ  խնդիր դրվեց չեզոքացնել, իսկ հետագայում նաև մաքրել կառույցները գյուլենականներից:

Ինչևիցէ, Էրդողան-Գյուլեն հարաբերությունների լարվածությունն առաջին անգամ ակնհայտ դարձավ 2010 թվականի մայիսի 31-ին միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում Պաղեստինի Գազային հատված օգնություն փոխադրող թուրքական «Ազատության նավատորմի» («Մավի Մարմարա») դեպքերից հետո, երբ բեռների ստուգում անցկացնելու վերաբերյալ Թել Ավիվի պահանջներին չենթարկվելու հետևանքով իսրայելցի զինվորականների բացած կրակից նավի վրա զոհվեց Թուրքիայի 9 քաղաքացի: Այս միջադեպի համար Գյուլենն առաջին անգամ հրապարակավ մեղադրեց Էրդողանին:

Սրան հաջորդեց Էրդողանի կառավարության հեղինակությանը հասցված երկրորդ հարվածը, որը հայտնի է «Մեծ կաշառք» օպերացիա անվանումով (վերլուծաբանների կարծիքով այս քայլով Գյուլենը ցանկացել է ցույց տալ Էրդողանին, որ վերջինս չի կարող հաջողության հասնել առանց իր օժանդակության): 2014 թվականի դեկտեմբերի կեսին կոռուպցիոն սկանդալի հետևանքով ձերբակալվեց ավելի քան 50 պաշտոնյա,  որոնց մեղադրում էին ապօրինությունների, կոռուպցիայի և Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության բնագավառում մեծ յուրացումների համար: «Մեծ կաշառքի» գործով մեծ յուրացումներ անելու մեջ էին մեղադրվում նաև երկրի այն ժամանակվա վարչապետ (ներկայումս նախագահ) Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա որդին՝ Բիլալ Էրդողանը:

Համացանցում տարածել էին հոր և որդու հեռախոսազրույցների գաղտնալսած ձայնագրությունները, որոնք ապացուցում էին «Մեծ կաշառք» գործում նաև Էրդողանի մասնակցությունը:  Հենց այդ ժամանակ էլ Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ, թե այս խուզարկումները քաղաքական հիմք ունեն` նշելով, որ գոյություն ունի մեկ այլ «զուգահեռ կառույց»՝ զուգահեռ գործող պետություն, որը ներթափանցելով Թուրքիայի անվտանգության և արդարադատության համակարգ, ցանկանում է տապալել Թուրքիայի կառավարական ողջ համակարգը:  Էրդողանն այս հայտարարությամբ նկատի ուներ ոխերիմ թշնամի դարձած Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը: Արդյունքում կառավարությունը պաշտոնանկ արեց հազարավոր ոստիկանների և դատավորների, իսկ հետախուզությունը կասեցվեց, որի արդյունքում էլ երկու կողմերի հարաբերությունների սրացումը հասավ իր գագաթնակետին:

Հարկ է նշել, որ ներկայումս Էրդողանը, բացահայտ «պատերազմ» հայտարարելով Գյուլենին, փորձում է շարժումը որակել որպես «ահաբեկչական կազմակերպություն»: Ճնշումներ գործադրելով գյուլենական շարժման հետ կապ ունեցող լրագրողների, վերլուծաբանների, քաղաքական գործիչների, տարբեր լրատվական գործակալությունների վրա՝ երկրի նախագահն ամեն գնով ցանկանում է հասարակության մեջ արմատավորել այն «փաստը», որ Գյուլենի և վերջինիս հետևորդների միակ նպատակը Թուրքիայի առաջընթացը կասեցնելն ու երկրի իշխանություններին տապալելն է:

Սակայն հարկ է նշել, որ չնայած որոշ քաղաքական նկրտումների՝ Գյուլենական շարժումն  հանդիսանում է հասարակական, որի նպատակն, ընդրգկելով հասարակության տարբեր խավերին, Գյուլենի՝ աշխարհում հաստատած 170-ից ավել դպրոցների և տարբեր կազմակերպությունների միջոցով վերջինիս գաղափարները տարածելն է:

Ամփոփելով պետք է նշել, որ Էրդողան-Գյուլեն հարաբերությունները բավական մեծ ազդեցություն ունեն Թուրքիայի թե´ ներքին և թե´ արտաքին քաղաքական կյանքի վրա:  Էրդողանն ու իր դաշնակիցներն անմիջական վտանգ են ակնկալում գյուլենակններից, որի արդյունքում էլ հատկապես վերջին տարիների ընթացքում՝ մասնավորապես 2015 թվականի ընտրություններից առաջ ավելի մեծ ծավալ ստացավ ճնշումը շարժմանն աջակցող կազմակերպությունների և առանձին անձանց նկատմամբ: Հարկ է նշել, որ Էրդողանը Գյուլենին մեղադրելով Թուրքիայում հեղաշրջում ծրագրելու և «զուգահեռ պետություն» ստեղծելու մեջ՝ դրանով իսկ փորձում է ապացուցել, որ վերջինս իր շարժման հետ միասին ներգարվված է «Խորքային պետություն» կառույցի «սև ուժերի» կազմում: 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: