ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսպանական Արագոնի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև

Արագոնի խորհրդարանը 2015 թվականի դեկտեմբերի 2-ին ընդունել է հռչակագիր, որը ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը:

«Արմենպրես»-ին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության մամուլի ծառայությունից ասել են, որ պատգամավոր Գրեգորի Բրիզ Սանչեսի մշակած տեքստը հիշատակի տուրք է մատուցում ավելի քան 1,5 մլն հայերին, որոնք սպանվել են Օսմանյան կայսրության ծավալած գործողությունների հետևանքով: Պատգամավորը կոչ է անում թուրքական կառույցներին, ներառյալ թուրքական կառավարությանը, ընդունել այս պատմական իրողությունը:

Հաշվի առնելով, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը, միջազգային մի շարք կազմակերպություններ, ներառյալ Եվրոպական խորհրդարանը և քաղաքական մարմիններ, հանդես են եկել Ցեղասպանության հարյուրամյակի հիշատակման միջնորդություններով: Հռոմի Պապ Ֆրանցիսկո առաջինը նույնպես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2015թ. ապրիլին ընդունած հռչակագրով: Այս բոլոր իրողություններն ամփոփված են Արագոնի խորհրդարանի ընդունած փաստաթղթում:

Ի հավելումն ասվածի, բանաձևը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ի նշան համերաշխության և եվրոպական արդարության: Այն ընդգծում է, որ Եվրոպական Միությունը ցեղասպանության կանխարգելումը և մարդկության դեմ  հանցագործությունների դատապարտումը պետք է ընդունի որպես բարձրագույն առաջնահերթություն:

Բանաձևը կոչ է անում Թուրքիայի կառավարությանն օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը որպես ճանաչման հնարավորություն, բաց անել թուրքական արխիվները և ընտրել հաշտեցման ուղին թուրք և հայ ժողովուրդների միջև: Այն նաև ընդգծում է, որ թուրք մտավորականների, քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մի ստվար զանգված ընդունել է Հայոց ցեղասպանությունը, ինչի հիման վրա հորդորում է նաև թուրքական կառույցներին վարվել նույն կերպ:

«Բավականին հուսադրող է տեսնել, որ այս տարի ոչ միայն եվրոպական երկրները, այլ նաև ԵՄ անդամ երկրները և ռեգիոնալ խորհրդարաններն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր»,- մեկնաբանել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»  կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան:

«Ես կարծում եմ, որ սա կարելի է ընդունել որպես Թուրքիային ուղղված ուղերձ, և որ Եվրոպան սպասում է, որ Թուրքիան ճանաչի սեփական պատմությունը: Այսօր հստակ ազդանշան է ուղղվում նաև հայերին: Արագոնցիները կանգնած են հայերի կողքին՝ ճանաչելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»,- հավելել է Օչոան:

Բանաձևը կոչ է անում Իսպանիային օգնել, որ Թուրքիան պահի իր խոստումը` պաշտպանել և պահպանել հայկական մշակութային ժառանգությունն իր տարածքում և առավել ակտիվ դերակատարություն ցուցաբերել Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտությանը նպաստելու գործում: Եվրոպական պատմությունն ազգերի միջև հաշտության բազմաթիվ օրինակներ ունի, որոնք կարող են ծառայել որպես ուղենիշ։ 

Արագոնն ինքնավար համայնք է Իսպանիայի հյուսիսարևելյան մասում, որը սահմանակից է Ֆրանսիային: Ունի 1,2 մլն բնակչություն և 47, 719 ք/կմ տարածք (փոքր-ինչ ավելի մեծ է, քան Էստոնիան): Այն Իսպանիայի հինգերորդ համայնքն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ Բասկերի երկրից, Կատալոնիայից, Բալեարյան կզղիներից և Նավարեից հետո:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: