ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կայուն կառավարումն առաջնային է, և այդ կառավարումը պետք է լինի ուղղաձիգ. Սերժ Սարգսյան

Խորհրդարանում կայուն մեծամասնություն չի նշանակում ընտրությունների պարտադիր երկրորդ փուլի անցկացում, երկրորդ փուլը պահեստային տարբերակ է: Այս մասին հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով երկփուլ ընտրությունների դրույթին, որը թեեւ որոշարկվելու է ընտրական օրենսգրքով, սակայն այդ մասին խոսակցություններ կան:

Նախ Սերժ Սարգսյանը նկատել է, որ դեռեւս որեւէ հստակ մոտեցում Ընտրական օրենսգրքի նկատմամբ չկա, մինչդեռ որոշ գործիչներ այնպես են խոսում, կարծես այդ օրենքն արդեն գրված, դրված է մի տեղ, իրենք էլ գիտեն այդ օրենքի մասին:

«Չկա՛ այդպիսի բան: Այս երկրում հնարավոր չի գաղտնի այդպիսի բաներ անել: Հիմա վաղուց կայքերից մեկը հրապարակել էր: Սահմանադրությունն ուղղակի հնարավորություն է տվել, ասելով՝ կարող են: Կարող են՝ պարտադիրը չի, բայց այդ բառն անպայման պարտադրելու է կուսակցություններին՝ ընտրություններում հանդես գալ դաշինքներով: Նույնիսկ, եթե դաշինքներով հաջողության չհասնեն, ապա երկրորդ փուլի առկայությունը եւ՛ փոքրամասնությանը, և՛ ավելի շատ ձայն տանողներին ստիպելու է լինել ավելի կառուցողական:

Ես զարմանում եմ, որ մեկը, ով երբեք մեծ ընտրական գործընթացների չի մասնակցել, ասում է՝ այդ դեպքում շատ ձայներ տանողը ընդհանրապես շատ կոշտ կլինի եւ չի համաձայնվի: Չի հասկանում, որ ընտրական գործընթացը շատ մեծ հոգս է, առավել եւս, ինչպես ասում եք՝ Հանրապետական կուսակցության համար: Տեղական ինքնակառավարման մարմինների 75 տոկոսի ղեկավարները Հանրապետական են: Հսկայական կառույց է: Այդ կառույցը երկու անգամ օգտագործե՞լն է տրամաբանական, թե՞ ավելի կառուցողական լինելը»,-ընդգծել է ՀՀ նախագահը:

Նրա խոսքով, խորհրդարանական համակարգում, առավել եւս մեր երկրում, կայուն կառավարումն առաջնային է, եւ այդ կառավարումը պետք է լինի ուղղաձիգ, իսկ դրան հասնելու միակ ճանապարհը կայուն մեծամասնությունն է: «Բայց կայուն մեծամասնություն չի նշանակում պարտադիր երկրորդ փուլի անցկացում: Երկրորդ փուլի անցկացումը հնարավորություններից մեկն է: Ինչպես պատկերավոր ասաց հանձնաժողովի անդամներից մեկը՝ պահեստային տարբերակ է: Իսկ ինչու՞ չի կարելի կայուն մեծամասնություն ձեւավորել նախ մեկ կուսակցությամբ: Հնարավոր է, չէ՞: Այն որ օրինակներ են բերում, ասում են՝ մեր երկրի պատմության մեջ չի եղել, որ համամասնական ընտրակարգով մի կուսակցություն 50-ից ավելի ձայն տանել եւ այլն եւ այլն, բայց դա եղել է այլ պայմաններում՝ այն պայմաններում, երբ մեծամասնական պատգամավորները, որպեսզի իրենք շահեին, ավելի շատ ձայներ տանեին, պայմանավորվածություն էին ձեռք բերում տարբեր կուսակցությունների հետ: Եվ ես չեմ բացառում, որ, միգուցե, եթե ոչ 2017 թվականին, ապա հաջորդող խորհրդարանական ընտրություններում, ինչու՞ չէ, մի կուսակցություն կարող է հանգիստ տանել: Սա՝ մեկ:

Երկրորդ՝ իսկ ինչու՞ եք բացառում նախընտրական դաշինքների առկայությունը, իսկ ինչու՞ մարդիկ չեն կարող միավորվել եւ նախընտրական դաշինքներ ձեւավորել: Ես վստահ եմ, որ մի քանի կուսակցություն միավորվելով, շատ հանգիստ կարող են մեծամասնություն շահել: Եվ հետո, ո՞րն է ավելի ընկալելի, ավելի ընդունելի մեր ժողովրդի համար՝ որ կառավարություն կամ դաշինք ձեւավորվի կառավարություն կազմելու համար կուլիսների հետեւում, թե՞ ժողովուրդը որոշի այս դաշինքի նկատմամբ իր վերաբերմունքը: Այսինքն, ես նկատի ունեմ, եթե առաջին փուլից հետո մեկը ստացել է 30 տոկոս, մեկը, չգիտեմ՝ 35 տոկոս, մյուսը՝ 10 տոկոս կամ 15, իսկ ինչու՞ իրենք չմիավորվեն եւ, այո՛, գնան ընտրության, որպեսզի ժողովուրդն իր վստահությունը հայտնի, այսինքն` հավելյալ լեգիտիմություն ցուցաբերի այդ կառավարության նկատմամբ: Դա ավելի ճիշտ ճանապարհ չի՞, քան այն ճանապարհը, որ գնան կուլիսների հետեւում ասեն՝ մենք կառավարություն կազմեցինք, կառավարությունը սա՛ է: Եվ ինչու՞ են կայուն մեծամասնությունից խուսափում: Իսկ ի՞նչ ու ինչպե՞ս անենք, որ կայունություն լինի երկրում: Ի՞նչ անենք, որպեսզի մեր կառավարությունը բաղկացած լինի այդպիսի ուժերից:

Նույնիսկ ընդդիմության շատ ներկայացուցիչներ ասում են՝ անթույլատրելի է, որ փոքր կուսակցությունները միանան եւ դաշինք կազմեն, կառավարություն կազմեն: Իհարկե, անթույլատրելի է, որովհետեւ այդպիսի կառավարության կյանքը մեկ, մեկ ու կես, երկու ամիս է լինելու: Մեզ պե՞տք է, որ ամեն երեք ամիսը մեկ կառավարություն փոխվի»,-նշել է Սերժ Սարգսյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: