ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞վ էր պայմանավորված Վրաստանի վարչապետի հրաժարականը

 Օրերս հարևան Վրաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցավ որքան անսպասելի, այնքան էլ լայն հանրային արձագանք ստացած իրադարձություն. հրաժաական տվեց երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Վերջինիս հրաժարականը դարձավ տարատեսակ գնահատականների, քննարկումների առարկա: Իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի տարբեր ներկայացուցիչներ տվյալ քայլը փորձում էին նմանեցնել նախորդ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականին՝ դա ներկայացնելով որպես ժողովրդավարական գործընթաց, «պաշտոնն ամեն կերպ պահելու» մշակույթն արմատախիլ անելուն ուղղված քայլ, իսկ ընդդիմադիրները փորձում էին Ղարիբաշվիլիի հրաժարականի հետևում տեսնել իրենց բնորորշմամբ «գորշ կարդինալի»՝ Բիձինա Իվանիշվիլիի որոշումը:

Այն, որ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարականի հայտարարությանը զուգահեռ չներկայացրեց նման քայլի գնալու որևէ հիմնավոր պատճառաբանություն, ըստ էության, առավել խթանեց տարաբնույթ մեկնաբանությունները, որոնք հիմնվում էին բազում օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների վրա: Միաժամանակ չբացառելով առանձին փորձագետների կողմից առաջ քաշվող տարբեր դրդապատճառները՝ թերևս առավել տրամաբանական է Վրաստանի վարչապետի հրաժարականը դիտարկել 2016թ-ի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման գործընթացի համատեքստում:

Այսպես, իշխող «Վրացական երազանք» կոալիցիան այսօր գտնվում է ոչ այդքան բարենպաստ իրավիճակում: Այն դեպքում, երբ խորհրդարանական ընտրություններին մնացել է 10 ամսից էլ քիչ ժամանակ, կոալիցիան ունի բավական լուրջ տարաձայնություններ ինչպես իր ներսում, այնպես էլ մյուս քաղաքական ուժերի հետ: Չնայած իր եռամյա կառավարմանը՝ Իրակլի Ղարիբաշվիլին, ով Վրաստանի պատմության մեջ մտավ որպես ամենաերիտասարդ վարչապետ, իր երբեմն կոպիտ բառակազմով և սկզբունքային պահվածքով հասցրել էր փչացնել հարաբերություններն ինչպես նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, այնպես էլ այլ քաղաքական գործիչների հետ:

Ավելին, չնայած արտաքին հարաբերություններում վարած բավական հաջող և արդյունավետ քաղաքականությանը (թե՛ եվրոպական/ եվրաատլանտյան, թե՛ ռուսական ուղղությամբ), Ղարիբաշվիլիի կառավարման շրջանում երկրում սոցիալ-տնտեսական խնդիրները շարունակեցին պահպանվել: Իրավիճակն առավել բարդացավ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող միջազգային սանկցիաների անուղղակի ազդեցությամբ  պայմանավորված լարիի արժեզրկման, դրամական տրանսֆերտների նվազման և նկատվող գնաճի պատճառով: Նշված բոլոր բացասական երևույթներն, անշուշտ, (որոշ դեպքերում ընդդիմության օգնությամբ) բնակչության կողմից կապվում էր կառավարության ոչ արդյունավետ քաղաքականության հետ, ինչն էլ հանգեցրեց «Վրացական երազանք» կոալիցիայի նկատմամբ հանրային աջակցության անկման:

NDI-ի կողմից 2015թ-ին անցկացված մի քանի հարցումների արդյունքները փաստում են, որ «Վրացական երազանքին» աջակցում է Վրաստանի բնակչության մոտ 13-15%-ը, ինչը գրեթե հավասար է գլխավոր ընդդիմադիր ուժի՝ «Միացյալ ազգային շարժման» աջակիցների քանակին:

Միջազգային քաղաքական փորձը ցույց է տալիս, որ վստահության ճգնաժամի պայմաններում, երբ առավել ևս քիչ ժամանակ է մնացել խորհդարանական ընտրություններին, կուսակցական էլիտան պետք է ձեռնարկի կուսակցության իմիջի բարելավմանն ուղղված համեմատաբար խիստ քայլեր: Վրաստանի դեպքում ևս մենք ականատես եղանք նման զարգացման, սակայն վարչապետի հրաժարականի (չի բացառվում նաև կառավարության կազմի որոշակի փոփոխությունների) տեսքով: Այս ամենն առավել պարզ է դառնում, երբ տեսնում ենք, թե ով է առաջադրվել վարչապետի պաշտոնում: Գեորգի Կվիրիկաշվիլին (Ղարիբաշվիլիի օրոք էկոնոմիկայի նախարար, իսկ սեպտեմբերից՝ արտգործնախարար, փոխվարչապետ) համարվում է տնտեսական ոլորտի բավական փորձառու և լուրջ ճանապարհ անցած գործիչ: Ավելին, իր բնույթով լինելով բավական զուսպ, նա առավել դրական է ընկալվում ինչպես կոալիցիայի ղեկավարության, այնպես էլ ընդդիմադիր ուժերի կողմից: Հատկանշական է նաև այն, որ Գեորգի Կվիրիկաշվիլին 2006-2011թթ եղել է Իվանիշվիլիին պատկանող «Քարթու Բանկի» գլխավոր տնօրենը և համարվում է նրա հավատարիմ անձանձից մեկը:

Եթե փորձենք ամփոփել Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականի հիմնական պատճառները, ապա կարող ենք նշել, որ այն ավելի շատ եղել է կուսակցության ղեկավարության կողմից ընդունված որոշում: Ղարիբաշվիլիի հրաժարականով և Կվիրիկաշվիլիի գլխավորած նոր կառավարությամբ «Վրացական երազանքը» նպատակ ունի մինչև խորհրդարանական ընտրություններ որոշակիորեն ամրապնդել վրացական տնտեսությունը, բարձրացնել քաղաքական ուժի հանրային վարկանիշը, և վերականգնել գործընկերային հարաբերությունները տարբեր քաղաքական ուժերի հետ, քանզի չի բացառվում, որ ընտրությունների արդյունքում «Վրացական երազանքը» ստիպված լինի գնալ նոր կոալիցիայի ձևավորման:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: