ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սուրբ Սարգսի տոնին սիրելիներին պետք է նվերներ և ուշադրություն շռայլել

Սուրբ Սարգիսը և՛ պատմական անձնավորություն է, և՛ սրբազան-առասպելական կերպար` օժտված տարբեր հմայական հատկանիշներով ու գործառույթներով, նա զանազան զրույցների, երգերի և հավատալիքային պատկերացումների հերոսն է: 

Սբ. Սարգիս պատմական անձն ապրել է 4-րդ դարում, նա Կեսարիայի հռոմեացի զորավար էր, որը խուսափելով Հուլիանոս Ուրացող կայսեր հալածանքներից` իր որդի Մարտիրոսի հետ ապաստանում է Հայաստանում, ապա անցնելով Պարսկաստան` զինվորական ծառայության անցնում Շապուհ արքայի մոտ: Իմանալով, որ Սարգիսը քրիստոնյա է, Շապուհը պահանջում է, որ նա երկրպագի կրակին, սակայն Սարգիսը մերժում է և կործանում բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում և սպանում է նրա որդուն, իսկ Սարգիսը բանտարկվում, այնուհետև` գլխատվում է: Սպանվում են նաև նրա հավատարիմ 14 զինվորները: Նահատակվելուց հետո Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Մեսրոպ Մաշտոցը նրա մասուքները բերում է Հայաստան, ամփոփում Կարբի ավանում, իսկ Ուշիում և Գագա դաշտում կառուցում է նրա անունով առաջին եկեղեցիները, այսպես Սարգիս զորավարը սրբացվում է հայոց եկեղեցու կողմից` իբրևքրիստոնեության համար մարտնչող նահատակ: Այժմ արդեն սբ.Սարգսին նվիրված սրբավայրերի թիվը հասնում է 220-ի: Ընդ որում, սբ.Սարգիս սրբավայրերը ոչ միայն մարդու կողմից ստեղծված շինություններ ու կառույցներ են, այլև բնական լանդշաֆտի տարրեր` լեռներ, գետեր: 

Ժողովրդական ավանդազրույցներից առավել հաճախ հանդիպում է պատմությունն այն մասին, թե ինչպես Սարգիսը սիրահարվում է հույն թագավորի աղջկան և փախցնում նրան: Հետապնդողներից ազատվելու համար նա խիստ բուք է բարձրացնում և շատերին խեղդում, ինչից հետո ամեն տարի տոնի օրերին բուք է բարձրանում: Հենց այս պատումի շնորհիվ է, որ սիրահարվածները սբ. Սարգսին կարգել են իրենց բարեխոսը: Նա մշտապես սատար է կանգնում և օգնում իրեն կանչած բոլոր երիտասարդներին: Այդ օրը երիտասարդներն աղոթում են, որպեսզի սուրբն իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Սակայն մինչև այդ պետք է պահել Գրիգոր Լուսավորչի սահմանած Առաջավորաց պահքը: 
Ժամանակի ընթացքում սբ. Սարգսի տոնն անփոփոխ է մնացել, միայն վերջին տարիներին, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ, սբ.Սարգիս զորավարի տոնը հռչակվել է որպես երիտասարդների օրհնության օր, և սուրբ պատարագի ավարտին կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: 
Եկեղեցականին զուգընթաց պահպանվել են այս տոնի հետ կապված ժողովրդական սովորությունները:Այսպես, Առաջավորաց պահքի օրերին   մարդիկ արգելքները տարածում էին ոչ միայն սննդի, այլև աշխատանքի որոշ տեսակների, մարմնի խնամքի վրա: Արգելվում էր լվացք անել, ճախարակ մանել, գործ ունենալ բրդի, մազի հետ, որովհետև կարծում էին, որ մազ լվանալու դեպքում սբ. Սարգսի ձիու ոտքերին թնջուկ կփաթաթվի և որպես պատիժ` իրենց մազերը կթափվեն: 
Ուրբաթ օրը մարդիկ սկսում էին թաթախման` պահքը բացելու նախապատրաստական աշխատանքները: Մեղրաջրով, դոշաբով կամ շաքարաջրով փոխինդ էին շաղախում, ընտանիքի անդամների թվով գնդերի բաժանում և երեկոյան պահքը բացում հենց այդ գնդերով: Սակայն ծոմ պահած երիտասարդները դեռ չէին ուտում, նրանք այդ երեկո քնելուց առաջ աղի բլիթ էին ուտում, որպեսզի տեսնեն, թե երազում իրենց ով ջուր կտա: Այդ գիշեր տանտիկինները մի սկուտեղի վրա փոխինդ էին լցնում, հարթեցնում և սպասում, որ գիշերը սբ. Սարգիսը կայցելի իրենց և իր ձիու պայտի հետքը կթողնի փոխինդի վրա: Շաբաթ առավոտյան այդ փոխինդից խաշիլ էին անում և պասը վերջնականապես բացում: Աղի բլիթ կերած աղջիկներն ու տղաները պատմում էին իրենց տեսած երազը, թե ով իրենց ջուր տվեց, ինչպիսի գավաթով, որքան ջուր կար գավաթի մեջ և այլն: Ոսկե գավաթը հարուստ ամուսին էր նշանակում, փայտե գավաթը` աղքատ, լիքը գավաթը` երկար ամուսնական կյանք էր կանխագուշակում, թերի գավաթը` կարճ և այլն: Կար մեկ այլ գուշակություն ևս. ծոմ պահողներն իրենց փոխնդի գնդից մի կտոր դնում էին տան երդիկին և հետևում, թե այդ կտորը կտցող թռչունները որ կողմ կթռչեն, հենց այդ կողմից էլ սպասում էին ապագա ամուսնուն կամ կնոջը: 
Սբ. Սարգսի տոնի առթիվ միմյանց շնորհավորելու որևէ ձև և ավանդույթ չկա, սակայն հայ եկեղեցու սպասավորները նշում են, որ այդ օրը պետք է սիրելիներին նվերներ ևուշադրություն շռայլել: 
Նշենք նաև, որ սբ. Սարգսի տոնը չունի հաստատուն օր, այս տոնով սկսվում է Բարեկենդանը, որին հաջորդում է Մեծ պահքը, այնուհետև` Զատիկը: Կապվելով 35-օրյա շարժողականություն ունեցող Զատկի տոնի հետ, սբ.Սարգսի տոնը նույնպես շարժվում է 35 օրերի ընթացքում` նշվելով հունվարի 18-ից մինչև փետրվարի 23-ն ընկնող այն շաբաթ օրը, որը տվյալ տարվա Զատկի տոնից առաջ է ուղիղ 63 օր: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.11.2024
       
    29.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: