ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստան. մերձավորարևելյան նոր ռազմավարություն

AP

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ծինփինն այսօր պաշտոնական երկօրյա այցով ժամանում է Իրան: Սա Չինաստանի ղեկավարի հունվարի 19-ից սկսված մերձավորարևելյան շրջագայություն վերջին կանգառն է: Սի Ծինփինն արդեն հասցրել է այցելել Սաուդյան Արաբիա և Եգիպտոս: Չինաստանի թիրախը էներգետիկան և անվտանգությունն է:

Չինաստանի ղեկավարը հանդիպելու է Իրանի նախագահ Հասան Ռոհանիին: Ինչպես հայտնում է RIA Novosti գործակալությունը, հանդիպման արդյունքում մի շարք համաձայնագրեր են կնքվելու երկկողմ համագործակցության խորացման շուրջ:  Սի Ծինփինը հայտնել է, որ Չինաստանը պատրաստ է ամրապնդել Իրանի հետ համագործակցությունը ճանապարհների, երկաթուղիների շինարարության և հեռահաղորդակցության ոլորտում: Չինաստանի արտգործնախարարն, իր հերթին, նշել է, որ Չինաստանը բոլոր միջոցներով աջակցելու է իր ընկերությունների մասնակցությանը խոշոր էներգետիկ ծրագրերում: Լրատվամիջոցների տեղեկություններով` կողմերը մտադիր են համաձայնագիր ստորագրել Իրանում Չինաստանի կողմից երկու ատոմակայանների կառուցման մասին:

Նշենք, որ էներգետիկան Իրան-Չինաստան համագործակցության կարևորագույն տարրերից մեկն է: Չինաստանը ձեռք է բերում Իրանի կողմից արտահանվող նավթի շուրջ 40%-ը: Ավելի քան 100 չինական ընկերություն ներկայացուցչություն ունի Իրանում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սի Ծինփինն առաջին համաշխարհային ղեկավարն է, որը պատժամիջոցների չեղարկումից հետո այցելում է Իրան՝ վերլուծաբանները կանխատեսում են, որ նա նպատակ ունի նոր մակարդակի բարձրացնել Իրան-Չինաստան հարաբերությունները՝ առաջ անցնելով հնարավոր մրցակիցներից: International Crisis Group-ի մասնագետների կարծիքով՝ այցի ժամանակը պատահաբար չի ընտրվել և դրա նպատակն է պահպանել Չինաստանի գերակա դիրքերն իրանական շուկայում, իսկ Bloobmerg-ի կարծիքով Իրանը դառնալու է Մերձավոր Արևելքում Չինաստանի գլխավոր գործընկերը:

Չինաստանի նախագահը բավական արդյունավետ հանդիպումներ է ունեցել նաև մերձավորարևելյան մյուս երկու առանցքային երկրներում՝ Եգիպտոսում և Սաուդյան Արաբիայում: Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիի հետ հանդիպման ժամանակ ղեկավարները հայտարարել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները ամուր ռազմավարական գործընկերության մակարդակ բարձրացնելու մասին: Էներգետիկ, արդյունաբերական, առևտրային, բանկային և այլ ոլորտներում ստորագրված համաձայնագրերի իրագործման արդյունքում եգիպտական տնտեսության մեջ ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է շուրջ 15 միլիարդ ԱՄՆ դոլար: Միայն Սուեզի ջրանցքի հունի զարգացման նախագծում Չինաստանը մտադիր է 2.5 միլիարդ ԱՄՆ դոլար ներդնել, նշում է RIA Novosti-ն:

Հատկանշական է, որ Սի Ծինփինի մերձավորարևելյան շրջագայության նախօրեին Չինաստանի կառավարությունը երկրի պատմության մեջ առաջին անգամ փաստաթուղթ է հրապարակել՝ արաբական աշխարհի հետ ռազմավարական հարաբերությունների մասին: Չինաստանն, ըստ էության, պատրաստակամություն է հայտնում համակողմանիորեն ամրապնդել հարաբերություններն արաբական երկրների հետ:

Չինաստանի նման ակտիվությունն առիթ է տվել արևմտյան վերլուծաբաններին պնդելու, թե ՉԺՀ-ն փորձում է փոխարինել Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում, լրացնել տարածաշրջանում առաջացած քաղաքական վակումը: Իրականում, ավելի իրատեսական է այն պնդումը, որ Չինաստանի համար մերձավորարևելյան տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի էներգետիկ ռեսուրսների պատճառով: Հետևաբար, Չինաստանը մեծապես շահագրգռված է այս տարածաշրջանի կայունությամբ, և նրա բոլոր քայլերը հենց այս նպատակի իրագործմանն են ուղղված: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.11.2024
       
    28.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: