ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ բանաձևերը չպետք է բերեն Եվրոպայի նկատմամբ բացասական տրամադրությունների

Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված են հակահայկական բնույթ կրող երկու բանաձևերի նախագծեր, որոնք մի շարք քննարկումների առիթ են դարձել:

Անդրադառնանք մի քանի կարևոր դրույթների, որ թույլ կտան առավել ամբողջական դիտարկել գործընթացն ու զերծ մնալ պիտակավորումներից ու «կլիշեներից»:

Արդյո՞ք այս բանաձևերն ընդունվելու դեպքում իրականում արտահայտելու են Եվրոպայի մոտեցումը բանաձևերին: Օբյեկտի՞վ է խնդրի ընկալումը բանաձևին դեմ կամ կողմ քվեարկող պատգամավորների մոտ: Ի՞նչ դեր ունի այս հարցը ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում:

ԵԽԽՎ-ն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ձևաչափն է, որի նպատակն ի սկզբանե եղել է տարածաշրջանի այս երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության, երկխոսության հարթակ ծառայելը: Հիշենք, որ հակամարտությունների կարգավորումն ընդհանրապես չի ներառվում Եվրոպայի խորհրդի, այդ թվում նաև ԵԽԽՎ-ի առաքելության մեջ: Կառույցն ունի երեք առաջնահերթություն՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն: Ուստի անդրադարձը Ղարաբաղյան հակամարտությանը, առավել ևս դրա քաղաքական բաղադրիչներին ու կարգավորման գործընթացին, որևէ կերպ օբյեկտիվ և արդարացված չէ, քանի դեռ դրա հիմքում չեն դրվում կողմերի միջև վստահության միջոցների, հակամարտության հետևանքներից տուժող մարդկանց, այդ թվում՝ ԼՂՀ քաղաքացիների խախտված իրավունքների հարցերը:

ԵԽԽՎ-ն չի ներկայացնում նաև իր անդամ երկրների պաշտոնական դիրքորոշումները՝ ԵԽ-ի որոշում ընդունող մարմինը Նախարարների կոմիտեն է, որտեղ ներկայացված են ԵԽ անդամ երկրների ԱԳ նախարարները, մինչդեռ Խորհրդարանական Վեհաժողովում ներառված են պատգամավորներ, որոնք ունեն տարբեր հայացքներ, տարբեր շահեր և քվեարկում են իրենց անձնական մոտեցումներից ելնելով:

Բացի այդ՝ ԵԽ-ն չի ներկայացնում Եվրամիության դիրքորոշումը, դրա մեջ մտնում են ԵՄ անդամ և ոչ անդամ 47 երկրներ, որոնք միավորված են ժողովրդավարության վերոնշյալ սկզբունքների ու դրանց հիման վրա իրենց երկրների զարգացման հեռանկարի շուրջ:

Եվրամիության մոտեցումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ արտահայտվում է այլ մարմինների, այդ թվում, օրինակ, Եվրախորհրդարանի կողմից: Անցյալ շաբաթ ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի ամփոփիչ փաստաթղթում այդ մոտեցումը ևս մեկ անգամ ամրագրվեց և նշվեց, որ հանձնաժողովը «Աջակցում է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, ինչի ուղղությամբ բազմիցս կոչեր են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հիշեցնում է, որ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 26-ին նշել են, որ Հայաստանը համաձայնվել է քննարկել այդ մեխանիզմների մանրամասները՝ հորդորելով Ադրբեջանին վարվել նույն կերպ: ԵՄ-ից ակնկալում է առավել ակտիվ դերակատարում ունենալ վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված միջոցառումներին աջակցելու գործում, որոնց նպատակը խաղաղության, հաշտեցման և վստահության գաղափարները տարածելն է»: Ուստի ԵՄ-ն որևէ կերպ չի փորձում միջամտել հակամարտության կարգավորմանը, ինչը չի կարելի ասել ԵԽԽՎ բանաձևերի նախագծերի մասին, որոնք քաղաքական բնույթ ունեն՝ հորդորող կողմերին՝ առավելապես հայկական կողմերին գնալ հստակ գործողությունների:

Չնայած այս ամենին և ԵԽԽՎ բանաձևերի նախագծերից մեր դժգոհությանը՝ հարկավոր է հիշել, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի համար կարևոր կազմակերպություն է, որը մեծ դերակատարում է ունեցել ՀՀ ժողովրդավարացման, մարդու իրավունքների ոլորտի զարգացման գործընթացում, և մենք նրա լիարժեք մասն ենք: Շատ դեպքերում խնդրին լիարժեք չտիրապետող, այս կամ այն դրդապատճառներով պատգամավորների արած քվեարկությունը չի կարող ԵԽ-ի, առավել ևս ԵՄ-ի նկատմամբ բացասական տրամադրություններ հարուցել:

Հայաստանը պետք է շարունակի սերտ համագործակցությունը Եվրամիության և եվրոպական բոլոր կառույցների, այդ թվում ԵԽ-ի և ԵԽԽՎ-ի հետ, խորացնի և զարգացնի երկկողմ և բազմակողմ կապերը կառույցի անդամ այլ երկրների պատվիրակների հետ և ամրապնդի դիրքերը կառույցի ներքո: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: