ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հայ խաղաղապահները նաև Հայաստանի դեսպաններ են». ՀՀ խաղաղապահ բրիգադի հրամանատար

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց ՀՀ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի հետ՝ նվիրված Հայոց բանակի 24-րդ տարեդարձին:

 

- Պարո´ն Սիմոնյան, արդեն երկար ժամանակ է, ինչ ՀՀ զինված ուժերն աշխարհի տարբեր հատվածներում իրականացնում է խաղաղապահ գործունեություն: Ի՞նչ առաքելություններում են ներգրավված մեր խաղաղապահները, և ի՞նչ է տալիս այդ առաքելություններում մեր մասնակցությունը:

- Ինչպես գիտեք, այսօր երկրագնդի տարբեր հատվածներում կան ներքին և արտաքին հակամարտություններ, որոնք իրենց բնույթով և էությամբ տարբերվում են միմյանցից, ուստի և հակամարտությունների լուծումները պահանջում են տարբեր մոտեցումներ: Տվյալ պարագայում ևս գործ ունենք երեք տարբեր առաքելությունների հետ:

ՀՀ զինված ուժերը միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես է գալիս դեռևս 2004 թվականի փետրվարից, երբ հայ խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը վեցամսյա ժամկետով մեկնեց Կոսովոյի տարածաշրջան` հունական ստորաբաժանման հետ համատեղ խաղաղապահ առաքելություն իրականացնելու: Այսպիսով` յուրաքանչյուր տարի մինչ օրս, շուրջ 70 հայ խաղաղապահներ իրենց առաքելությունն են իրականացնում Կոսովոյի տարածաշրջանում:

2005թ. հունվար ամսին, ստանալով ՀՀ խորհրդարանի համաձայնությունն Իրաքին հետապատերազմյա աջակցություն ցուցաբերելու նպատակով, առաջին անգամ 45 հոգանոց հայկական զորախումբը` բաղկացած բժիշկներից, սակրավորներից և վարորդներից, մեկնեց Իրաք` լեհական ստորաբաժանման հետ համատեղ մասնակցելու Իրաքի հետպատերազմյա վերականգնողական գործնթացին: Այս անգամ ևս հերթափոխերը իրականանում էին վեցամսյա ժամկետով: Իրաքի հետպատերազմյա վերականգնողական գործնթացը շարունակվեց մինչև 2009թ. նոյեմբեր ամիսը, երբ Իրաքում Կոալիցիոն ուժերի հրամանատարությունը որոշում կայացրեց կրճատելու Իրաքում ռազմական ներկայացուցչությունը՝ տեղում թողնելով միայն սահմանափակ քանակի ԱՄՆ զինծառայողներ:

2010թ. հունվար ամսին, ՀՀ կառավարության որոշման համաձայն, 40 հոգանոց հայկական զորախումբը հրամանատարության հետ մեկնեց Աֆղանստան, Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի հետ մասնակցելու Միջազգային անվտանգության աջակցման ուժերի հետ համատեղ առաքելությանը: 2010թ.-ից մինչ օրս հայ խաղաղապահները իրենց անձնուրաց ծառայությամբ հանդես են եկել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, Կունդուզում, ինչպես նաև Մազարի Շարիֆ քաղաքներում տեղակայված ռազմական զինավաններում: 2015 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ Աֆղանստանում պատվով ծառայել և հայրենիք են վերադարձել շուրջ 1540 խաղաղապահներ: Ներկայումս Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում է գտնվում 120 հայ խաղաղապահ (Քաբուլ, Մազարի Շարիֆ):

Հայ խաղաղապահների համար հաջորդ առաքելությունը Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL առաքելությունն է: Այն նույնպես կառավարության հավանությանն արժանացավ, և 2014թ. դեկտեմբեր ամսին 32 զինծառայողներից բաղկացած հայկական դասակի մասնակցությամբ սկիզբ դրվեց Լիբանանի առաքելությանը: Ունենք նաև երկու դիտորդական առաքելություններ Մալիում և Լիբանանում:

Առաքելություններին ՀՀ ԶՈՒ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունը և նրա զինված ուժերը միանշանակ ձեռք են բերում միջազգային ճանաչում և համբավ, խաղաղապահ գործողությունների փորձ, որն առանձին դեպքերում չի զիջում նաև մարտական գործողությունների փորձին: Նման առաքելություններում հանդես գալով՝ մեր զինված ուժերը նաև դառնում են Հայաստանի դեսպանները՝ օտարերկրացի իրենց գործնկերներին ներկայացնելով Հայաստանն ու հայկական մշակույթը: Քիչ չեն եղել նաև այն դեպքերը, երբ մեր զինծառայողները, իրականացնելով տարբեր միջոցառումներ, նպաստել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին:

- Արդյո՞ք այդ ներգրավվածությունը կպահպանվի նաև առաջիկայում, և եթե այո, ապա կա՞ն այն ավելի ընդլայնելու հեռանկարներ:

- Հաշվի առնելով անձնակազմի թվաքանակի աճը` հստակ կարող եմ ասել, որ նման կազմով հետագա ներգրավվածությունն առաջիկայում ևս կպահպանվի, նույն ժամանակահատվածում ակնկալում ենք նաև այլ առաքելություններ, ինչպես նաև գործող առաքելություններում ընդգրկված անձնակազմի թվաքանակի աճ: Մասնավորապես ակնկալվում է Լիբանանում ծառայություն իրականացնող զորախմբի զինծառայողների թվաքանակի աճ:

- Որպես ՀԱՊԿ-ում նախագահող և այդ կառույցի կայացման գործում բավական մեծ ներդրում ունեցող երկիր` Հայաստանն ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կայացման գործում:

- ՀԱՊԿ-ին անդամակցությունը Հայաստանի անվտանգության ապահովման բաղադրիչներից է, որն իրագործվում է անդամ պետությունների միջև բազմակողմ կապերի շնորհիվ: Գաղտնիք չէ նաև այն փաստը, որ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ անդամ պետություններից առավել ներգրավված են խաղաղապահ գործողություններում, ինչը կազմակերպությունում քաջ գիտակցում են և ցանկացած առիթով փորձում են օգտագործել մեր զինծառայողների փորձը:

ՀԱՊԿ շրջանակում բավականին ուշադրություն է դարձվում խաղաղապահությանը: Այս գործընթացը սկիզբ է առել 2007թ. հոկտեմբերի 6-ին, երբ Դուշանբե քաղաքում անցկացվեց ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստ, և նիստի ընթացքում Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները կնքեցին Կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին Համաձայնագիրը, իսկ 2012թ.-ին ամփոփվեցին ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ըստ նախատեսվածի՝ այդ ուժերի կիրառման պատրաստվածությունը կատարելագործելու նպատակով անդամ պետությունների միջև նախաձեռնվեց «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունը, որն ամեն տարի անցկացվում է անդամ պետություններից մեկի տարածքում: «Անքակտելի եղբայրություն 2015»-ը իրականացվել է Հայաստանի Հանրապետության տարածքում:

- Ի՞նչ կմաղթեիք հայ զինվորին Հայոց բանակի 24-րդ տարեդարձի առթիվ:

 

 - Հայոց բանակի 24-րդ տարեդարձի առիթով կցանկանայի ջերմորեն շնորհավորել բոլոր խաղաղապահներին, ինչպես նաև զինված ուժերի ամբողջ անձնակազմին և նրանց ընտանիքի անդամներին` մաղթելով խաղաղ և անփորձանք ծառայություն, մասնագիտական և անձնական կյանքում հաջողություններ և երջանկություն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: