ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աթաթուրքի աղջկա հայկական գաղտնիքը

Թուրքիայի առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի որդեգիր աղջկա՝ Սաբիհա Գյոքչենի պատմությունը, մինչ օրս շատերի համար մնում է անհասկանալի: Որոշ աղբյուրներ պնդում են, որ նա եղել է Աթաթուրքի դուստրը, որոշներն էլ՝ սիրուհին, սակայն այս կապուտաչյա գեղեցկուհու պատմության ամենախորհրդավոր մասը նրա ծագման հարցն է:

Թուրքական աղբյուրների և հենց Սաբիհայի հարցազրույցի համաձայն՝ Գյոքչեն ծնվել է 1913 թվականի մարտի 22-ին: Ծնողները եղել են Մուստաֆա Իզզիետ Բեյը և Հայրիյե Խանումը, որոնք էթնիկ բոսնիացիներ են եղել: Ծնողների մահից հետո, Սաբիհան հայտնվել է Բասմայի որբանոցում, որը 1925 թվականին այցելել է Մուստաֆա Քեմալը: 12-ամյա կապուտաչյա աղջնակն այնքան է դուր եկել Թուրքիայի առաջնորդին, որ նա որոշել է որդեգրել աղջկան: Սաբիհան Գյոքչեն (թուրք. Gök  - երկինք)  ազգանունը ստացել է ավելի ուշ, երբ Աթաթուրքը 1934 թվականին օրենք ընդունեց ազգանունների մասին: Սակայն, Սաբիհան հետագայում հավատարիմ մնաց իր ազգանվան նշանակությանը՝ ընտրելով օդաչուի մասնագիտությունը:

1935 թվականի մայիսի 5-ին Սաբիհան Աթաթուրքի հետ ներկա գտնվեց «Թյուրք քուշու» օդաչուական դպրոցի հանդիսավոր բացմանը: Տարբեր երկրներից հրավիրված պլաներների և պարաշյուտիստերի օդային շոուն այն աստիճան գրավեց Սաբիհային, որ երբ հայրը հարցրեց. «Կցանկանա՞ս օդաչու դառնալ»: Աղջիկն առանց երկմտելու պատասխանեց. «Այո՛, հենց հիմա»: Սաբիհան 23 տարեկանում դարձավ Թուրքիայի առաջին կին օդաչուն և աշխարհում առաջին կին օդաչու-ռմբարկուն՝ իրականացելով Աթաթուրքի՝ երկնքի մասին երազանքը:

Սաբիհայի հայկական ծագման մասին առաջինը խոսեց Հրանտ Դինքը: Այսպես, «Ակոս» թերթի խմբագրություն դիմել էր հայաստանցի մի կին` Թուրքիայում ազգականներին փնտրելու նպատակով: Լրագրող Ելենա Սոլնցևան, որը նյութ էր պատրաստում Հրանտ Դինքի մասին` այդ կնոջ որոնումների կապակցությամբ, պատմում է. «Հայաստանաբնակ Հռիփսիմե Սեբիլջյանը փնտրում էր Խաթուն մորաքրոջը, որն անհետ կորել էր Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Հռիփսիմեն գրել էր խմբագրություն, թե իր մայրը` Տիրուհին երկար տարիներ որոնել է քրոջը` Խաթունին: Մինչդեռ, իրականում, կարիք չկար նրան փնտրել. Թուրքիայում բոլորը գիտեին Խաթունին: Ըստ Տիրուհու պատմության՝ իրանց ծնողներին սպանվել էին Ցեղասպանության ժամանակ, և ինքը քրոջ` Խաթունի հետ հայտնվել էր որբանոցում: Մի անգամ մի խումբ զինվորականների ուղեկցությամբ որբանոց է այցելել Թուրքիայի առաջնորդ Քեմալ Աթաթուրքը: Կապուտաչյա Խաթունը դուր է եկել Աթաթուրքին, որը որոշել է որդեգրել նրան»:

Հրանտ Դինքի «Սաբիհա Գյոքչենի գաղտնիք» վերնագրով հոդվածը ռումբի պայթյուն էր թուրքական հասարակության համար: «Մենք շատ ժամանակ վատնեցինք, որպեսզի ապացուցենք, որ Թուրքիայի ազգային հերոս Սաբիհա Գյոքչենը հայ է: Սաբիհան հրաշքով փրկված հայ երեխաներից մեկն է, ով, Եղեռնի տարիներին կորցնելով ծնողներին, հայտնվել էր որբանոցներում: Դաստիարակելու նպատակով Աթաթուրքը նրան վերցրել և տարել էր Անկարա, տվել նոր անուն…» - պատմում էր Հրանտ Դինքը: 

Այս սենսացիոն լուրը անմիջապես հայտնվեց կենտրոնական Hürriyet թերթի առաջին էջում: Մի շարք պատմաբաններ նշանավոր թուրք օդաչուի հայկական ծագման վարկածը համարում են պատմական կեղծիք, հայկական սադրանք: Սակայն, Հրանտ Դինքի վարկածն ապացուցող ավելի ծանրակշիռ ապացույցներ են հայտնվել: Թուրքերեն լեզվի ամենամեծ բացատրական բառարանի հեղինակ լեզվաբան Փարս Թուգլաջին հայտարարում է, որ Սաբիհա Գյոքչենը տեղյակ էր, թե ովքեր էին իր իսկական ծնողները, նույնիսկ իմացել է հայերեն շատ բառեր: 
«Սաբիհան մի փոքր խոսում էր հայերեն: Նրա հայկական ծագման մասին է վկայում այն փաստը, որ նշանավոր օդաչուն տառապել է «երևանյան հիվանդությամբ»», - նշել է թուրքական դպրոցներից մեկի պատմության ուսուցիչ Քեմալ Մերկալին, ով անձամբ է ճանաչել Սաբիհա Գյոքչենին: 

Այնուամենայնիվ, Աթաթուրքի որդեգիր աղջկա ծագման հարցը շարունակում է բաց մնալ: Սաբիհան մինչև կյանքի վերջ (2001 թվականի մարտի 22-ին) նվիրված է մնացել Աթաթուրքին: 
Սաբիհա Գյոքչենի պատվին անվանել են Ստամբուլի ասիական հատվածի միջազգային օդանավակայանը: Երբ որոշվում էր անվանակոչության հարցը, թուրքերից շատերը վրդովվում էին, որ օդանավակայանը պետք է կոչվի հայուհու անունով:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: