ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի «գազային» խաղը. ի՞նչ շահեց Թբիլիսին

Վերջին մի քանի ամսվա ընթացքում բավական ակտիվ քննարկվում էին Վրաստանի էներգետիկ մատակարարումների հնարավոր այլընտրանքային տարբերակները: Ամեն ինչ սկսվեց դեռ նախորդ տարվա աշնանը, երբ Վրաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն հայտարարեց, որ Վրաստանում գազի սպառումը 2010թ.-ից ի վեր աճել է շուրջ երկու անգամ, և ներկայումս մատակարարվող գազի ծավալները չեն բավարարում Թբիլիսիի աճող պահանջարկին: Նման հայտարարությունից հետո վրացական կողմը տարբեր պարբերականությամբ սկսեց խորհրդակցություններ և բանակցություններ վարել միանգամից 3 կողմի հետ՝ ադրբեջանական SOCAR-ի հետ՝ գազի մատակարարման ծավալների հնարավոր ավելացման հետ կապված, ռուսական «Գազպրոմ»-ի և իրանական Գազի արտահանման ազգային ընկերության (NIGC) հետ՝ մատակարարումներ սկսելու նպատակով:

Բոլոր ուղղություններով ընթացող բանակցությունների վերաբերյալ Կալաձեն պարբերաբար բարձրաձայնում էր առաջընթացի մասին: Ինչ վերաբերում է վրացական հասարակության շրջանում առկա տրամադրություններին, պետք է նշել, որ եթե ադրբեջանական (չնայած գազային մատակարարումների մենաշնորհին) և իրանական կողմերի հետ բանակցություններն ընկալվում էին դրական, ապա ռուսական «Գազպրոմի» հետ բանակցությունները որոշակի դժգոհությունների առիթ դարձան: Չենք կարող բացառել, որ այս հարցում էական աշխատանքներ են տարել նաև Վրաստանում գործունեություն ծավալած ադրբեջանական լոբբիստները, ինչպես նաև որոշ շահագրգիռ քաղաքական ուժեր:

Հատկանշական է, որ գազային բանակցությունների ողջ ընթացքում տարբեր կողմերից արվեցին մի շարք բավական հետաքրքիր հայտարարություններ, օրինակ՝ ««Գազպրոմ»-ը պատրաստ է Վրաստանին գազ տրամադրել ադրբեջանական գազից առավել մատչելի գնով», «Իրանը և Վրաստանը ձեռք են բերել պայմանավորվածություն տարեկան շուրջ 500 մլն մ3 իրանական գազի մատակարարման վերաբերյալ, ինչը առավել երկարաժամկետ համագործակցության հիմք է», «SOCAR-ը տեխնիկական խնդիրների պատճառով չի կարող ավելացնել ադրբեջանական գազի մատակարարման ծավալները» և այլն:

Բոլոր այս հայտարարությունները բավական մեծ արձագանքներ էին առաջացնում ինչպես Վրաստանում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում: Վրաստանը, կարելի է ասել, սկսել էր բավական հետաքրքիր «գազային» խաղ, որի արդյունքները պարզ դարձան մարտի սկզբին:

Մարտի 4-ին Թբիլիսիում Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն և ադրբեջանական SOCAR ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլաևը ստորագրեցին 2011թ.-ի գազային մատակարարումների վերաբերյալ վրաց-ադրբեջանական պայմանագրի փոփոխված նոր տարբերակը: Նոր համաձայնագիրը ենթադրում է, որ Վրաստանն Ադրբեջանից կստանա լրացուցիչ 463 մլն մ3 գազ «Շահ-Դենիզ» խողովակաշարով:

Այսօր Վրաստանն ադրբեջանական գազ ստանում է երկու խողովակաշարով: 2015թ.-ին Վրաստանը Հարավկովկասյան խողովակաշարի վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում ստացել է 712 մլն մ3 գազ Շահ-Դենիզ հանքավայրից, իսկ 1.48 մլրդ մ3 գազ՝ SOCAR-ի հետ առանձին մեկ այլ համաձայնագրի շրջանակներում:

Ինչ վերաբերում է մի քանի անգամ Կալաձեի կողմից բարձրաձայնված մատակարարման ծավալների ավելացմանը խոչընդոտող խնդիրներին, ապա դրանք, ըստ վրացի նախարարի, ադրբեջանական կողմի ջանքերով կարգավորվել են: Թե ինչպես տնտեսական լուրջ խնդիրների բախված Ադրբեջանին հաջողվեց նման կարճ ժամանակում լուծել զգալի ֆինանսական ներդրումներ պահանջող տեխնիկական խնդիրները, այդպես էլ պարզ չդարձավ: Հատկանշական է նաև այն, որ վրաց նախարարի խոսքով Վրաստանն այլևս կարիք չունի գազի մատակարարման այլընտրանքային աղբյուրներ որոնելու:

Հաշվի առնելով գազային բանակցությունների ընթացքում հնչող հայտարարությունները, ինչպես նաև «գազային» խաղի նման ոչ այդքան ռացիոնալ հանգուցալուծումը՝ կարող ենք պնդել, որ վերջնական որոշման կայացման գործընթացում նշանակալի ազդեցություն են ունեցել նաև քաղաքական գործոնները, այդ թվում տարբեր ազդեցության լծակներ:

Իսկ ինչպե՞ս կարելի է գնահատել նման գործարքը պայմանագրի երկու կողմերի՝ Ադրբեջանի և Վրաստանի համար: Ադրբեջանին պայմանագիրը հնարավորություն տվեց պահպանելու և ավելին՝ մեծացնելու իր մենաշնորհը Վրաստանի գազային շուկայում: Դա, բնականաբար, ենթադրում է նաև Վրաստանի ներքին և արտաքին քաղաքական գործընթացների նկատմամբ ազդեցության լծակների ամրապնդում:

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա մատակարարումների իրական ավելացման դեպքում Թբիլիսիին կհաջողվի փակել գազի պակասուրդը: Ավելին՝ նույն գազային խաղի միջոցով Վրաստանի հաջողվեց «ստիպել» Ադրբեջանին գնալ զիջումների. գազալցակայաններում գազի գինը կնվազի 35-40 դոլարով 1000 մ3-ի համար: Բացի այդ՝ կողմերը պայմանավորվել են սպառողական գազի գնի նվազման վերաբերյալ (դեռևս հայտնի չէ, թե որքան): Հատկանշական է, որ նման զիջումը չի վերաբերում Վրաստան ներմուծվող ողջ գազին. գործոն, որը դուրս է մնում շատերի ուշադրությունից: Գնի իջեցումը կտարածվի միայն այսպես կոչված «սոցիալական գազի» վրա, որը կազմում է մոտ 500 մլն մ3 (մինչ այժմ՝ 189 դոլար): Այս ամենին զուգահեռ Վրաստանը զրկվեց գազային մատակարարումների դիվերսիֆիկացման իրական հնարավորությունից՝ ամրապնդելով SOCAR-ի մենաշնորհն իր հնարավոր հետևանքներով:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա պետք է նշել, որ վրաց-ադրբեջանական գազային գործարքով պայմանավորված՝ հանրային շրջանակներում առկա «պարտվողական» արձագանքն այդքան էլ ադեկվատ չէր: Ըստ էության, պայմանագիրը որևէ նոր էական փոփոխություն չի ենթադրում, միակ խնդիրը հայկական կողմից չափազանցված ակնկալիքների և շտապողականության պատճառով առաջացած չբավարարվածության զգացողությունն է: Ինչ վերաբերում է իրանական գազի համար հնարավոր տրանզիտային երկիր դառնալու հնարավորությանն, ապա միանշանակ է, որ այդ հեռանկարը դեռ երկար կմնա տարածաշրջանային օրակարգում, սակայն դրա կյանքի կոչման համար անհրաժեշտ է հարմար պահ և տարբեր ուժերի շահերի համընկնում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: