ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը սպառնալիք չէ Հայաստանի համար

Mustafa Kaya / picture alliance / VOSTOCK Photo

Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերման մասին հայտարարությունը զգալի փոփոխություններ մտցրեց տարածաշրջանային քաղաքականության ընդհանուր կոնյուկտուրայում: Դրան հետևեցին ՌԴ ԱԳՆ հայտարարությունն առ այն, որ Մոսկվայի պայմանագիրը հնարավոր չէ չեղարկել, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությունն ու Գերագույն դատարանը բացասական եզրակացություն տվեցին Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծին՝ հիմնավորելով տեխնիկական պատճառներով:

Կարելի է ենթադրել, որ Ռուսասատնն, ամրապնդելով իր դիրքերը մերձավորարևելյան տարածաշրջանում և մեծացնելով իր կշիռը համաշխարհային քաղաքական գործընթացներում՝ անցնում է առկա խնդիրների հարթմանը: Այս փուլում, նկատվում են Ռուսաստանի՝ թե´ Արևմուտքի, թե´ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման միտումներ կամ հնարավորություններ: Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը բավական երկար և դանդաղ քայլերով իրականացվող գործընթաց կլինի և դժվար թե վերականգնի մինչև ռուսական ինքնաթիռի խոցումը եղած հարաբերությունների մակարդակը:

Եթե մինչ այժմ հայկական մամուլում շրջանառվում էին մտավախություններ՝ կապված ռուս-թուրքական հարաբերությունների սրման պատճառով Հայաստանի համար առաջացող ռիսկերի մասին, ապա այժմ քննարկվում են ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր վերականգնման ռիսկերը:

Որքան էլ առաջին հայացքից մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող և պարբերաբար սպառնալիքներ հնչեցնող Թուրքիայի հետ ձեռնտու է թվում Հայաստանին, այնուամենայնիվ որոշակի ռիսկեր ևս առկա են: Թուրքիան՝ որպես Ադրբեջանի «ավագ եղբայր», առաջին հերթին փորձեց Ռուսաստանի, և նրա դաշնակից Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրել Ղարաբաղյան հակամարտության միջոցով: Պատահական չէին Դավուօթօղլուի հայտարարությունները, թե Թուրքիան «Ադրբեջանի կողքին է լինելու հողերը հետ ստանալու հարցում», և թե «Հայաստանը բռնազավթել է Ադրբեջանի հողերը Ռուսաստանի օգնությամբ»: Թուրքիան հստակ հասկացրեց, որ լարվածության աճի դեպքում, ամեն ինչ կանի Ղարաբաղի շուրջ իրավիճակը սրելու և Ռուսաստանի ուշադրությունը շեղելու համար:

Բացի այդ, հաշվի առնելով Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը, չէր բացառվում սցենարը (թեկուզ՝ ծայրահեղ), որ ռազմական գործողությունների դեպքում Հայաստանը կարող էր պատերազմի թատերաբեմ դառնալ:

Մյուս բացասական միտումը, Ռուսաստանի կողմից (ոչ պաշտոնական մակարդակով) Հայաստանի համար կարևոր խնդիրների շահարկումն էր Թուրքիային վախեցնելու նպատակով։ Օրինակ՝ «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավորներ Սերգեյ Միրոնովի և Նիկոլայ Լևիչյովի նախաձեռնած Հայոց ցեղասպանության քրեականացման օրինագիծը, ՌԴ կոմկուսի ներկայացուցիչներ Սերգեյ Օբուխովի և Վալերի Ռաշկինի նախաձեռնությունը Մոսկվայի պայմանագրի չեղարկման վերաբերյալ, որոնք բավական երկար ժամանակ, եթե նույնիսկ ընթացք չէին ստանում, բայց առնվազն չէին էլ հանվում օրակարգից՝ միաժամանակ որոշակի հուզումներ առաջացնելով հայ հասարակության մոտ:

Ակնհայտ է, որ Ռուսաստանն ու Թուրքիան՝ որպես տարածաշրջանային երկու մեծ պետություններ, ունեն մի շարք ընդհանուր շահեր և պետք է վաղ թե ուշ հաշտեցման ուղիներ փնտրեն: Եվ բնական չէ դա դիտարկել որպես սպառնալիք՝ Հայաստանի կամ հայ ժողովրդի համար:

Ի վերջո, տարածաշրջանային խաղաղությունն առաջին հերթին տարածաշրջանում գտնվող երկրների, այդ թվում՝ Հայաստանի շահերից է բխում: Ռուս-թուրքական երկխոսության կարգավորումը հնարավորություն կտա չեզոքացնել ապակառուցողական ազդեցությունը Ղարաբաղյան հակամարտության վրա, կանխել Թուրքիայի ազդեցության մեծացումը կարգավորման բանակցային գործընթացի վրա և կանխել Հայաստանի ներգրավվումն ուղղակի ռազմական գործողությունների և Թուրքիայի հետ բախման մեջ:

Բացի այդ, ռուս-թուրքական կայուն երկխոսությունը կկանխի նաև անկայունություն և հուզումներ առաջացնող շահարկումների անհրաժեշտությունը, ավելի կանխատեսելի ու կառավարելի դարձնելով քաղաքական զարգացումները: Այդ դեպքում արդեն ոչ միայն Ռուսաստանը, այլև Թուրքիան շահագրգռված կլինեն չխախել բալանսներն ու կայունությունը տարածաշրջանում և զերծ մնալ Հայաստանի շահերին այս կամ այն կերպ վնաս հասցնող գործողություններից:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: